Մինչ դուք մտածում եք՝ ինչպես անցկացնել արևոտ և անամպ հանգստյան օրերը, մենք առանձնացրել ենք 7 լավագույն վայրերը Հայաստանում աստղադիտման համար: Թեև Լուսին և որոշ մոլորակներ կարելի է դիտել նաև քաղաքից, նրանց դետալները, այլ խորը տիեզերական օբյեկտներ դիտելու համար պետք է փնտրել այլ վայրեր, քաղաքից ու լույսերից որքան հնարավոր է հեռու: Նախքան աստղադիտման լավագույն վայրերը թվարկելը, եկեք գտնենք մի քանի կարևոր հարցերի պատասխաններ: Ի՞նչն է նպաստում լավ աստղադիտմանը, ի՞նչն է խանգարում, և ինչպե՞ս կարելի է արագ համեմատել` որ վայրն է ավելի նպատակահարմար աստղադիտման համար: Այս և նման այլ հարցերի պատասխանները կգտնեք այս բլոգում: 

մարդիկ աստրոտուրի ժամանակ
Աստղադիտում Սևանա լճի ափին

Որքան մութ` այդքան շատ աստղեր: Երկնային օբյեկտ դիտելիս մեր աչքերը գրանցում են նրանից եկող լույսը: Բնականաբար, հավելյալ լուսավորության ֆոնին շատ երկնային օբյեկներ չեն երևա, կամ լավագույն դեպքում կստանանք վատ որակի պատկեր: Իհարկե նաև պետք է հաշվի առնել Լուսնի լուսավորությունը: Լիալուսնի լույսը այնքան պայծառ է, որ կարող է խանգարել խորը տիեզերական օբյեկտներ դիտելուն: Պատկերացնում եք` մարդկանց մեկ երրորդը զրկված է Ծիր Կաթինը տեսնելու հնարավորությունից: Նման լուսային ֆոնը, որի առկայությունը խանգարում է աստղադիմանը անվանում են լուսային աղտոտվածություն: Եկե՛ք ավելի լավ հասկանանք լուսային աղտոտվածությունը, նրա առաջացման աղբյուրները և հասցրած վնասները:

Ծիր Կաթին
Ծիր Կաթին

Լուսային աղտոտվածություն

Լուսավոր քաղաք
Չափից ավելի և անտեղի լուսավորությունը խոչընդոտում է երկնային օբկյեկտների դիտմանը

Լուսային աղտոտվածությունը արհեստական լույսի ոչ ցանկալի, չափից ավելի և անտեղի առկայությունն է: Պարզվում է, որ մարդկության պատմության մեծագույն հայտնագործություններից մեկը` էլեկտրական լամպը, կարող է անհարմարություններ ստեղծել մարդկանց, հատկապես սիրող աստղագետների և աստղադիտման մասնակիցների համար: Գիշերային ժամերին արհեստական լույսի աղբյուրները օգնում են մեզ աշխատել, կողմնորոշվել դրսում և տալիս այլ առավելություններ:

փողոցային լապտերների լուսային աղտոտվածությունը
Փողոցային լապտերների ոչ արդյունավետ նախագծումը ավելի շատ է նպաստում լուսային աղտոտվածությանը: Ձախից առաջին նկարում լապտերի լույսը տարածվում է բոլոր ուղղություններով, սա ոչ միայն արդյունավետ չէ, այլև ստեղծում է չափազանց մեծ ֆոն: Առավել արդյունավետ են այնպիսի լապտերները, որոնց լույսը տարածվում է միայն ներքև:

Սակայն, այս ամենի հետ մեկտեղ չպետք է մոռանալ լուսավորման արդյունավետ ապահովման մասին: Լուսային աղտոտվածության աղբյուները բազմազան են: Բոլոր արհեստածին աղբյուրները գիշերային ժամերին նպաստում են լուսային աղտոտմանը, սակայն դրանց մեջ առանձնահատուկ է քաղաքային լուսավորությունը` փողոցային լամպեր, շենքերի արտաքին լուսավորություն, բազմահարկ շենքերի լույսերը, մարզադաշտերի լուսավորությունը, մեքենաների լուսարձակներ, ջերմոցների լուսավորություն և այլն:

Ջերմոցների լուսավորություն
Ջերմոցների ինտենսիվ լուսավորության արդյունքը Երևանում. Նկարի հեղինակ՝ Տիգրան Հարությունյան

Այստեղից արդեն հասկանալի է, որ աստղադիտման համար պետք է խոշոր քաղաքներից գտնվել որքան հնարավոր է հեռու: Թեև բավականին քիչ է խոսվում լուսային աղտոտվածության մասին, այն կարող է ունենալ նաև բացասական ազդեցություններ կենդանական աշխարհի և մարդկանց առողջության վրա: Օրինակ` մարդու օրգանիզմը, մթության մեջ սկսում է արտադրել մելատոնին կոչվող հորմոնը, որը շատ կարևոր է որակյալ քնի համար: Մինչդեռ լուսավոր ժամանակ մելատոնինն անհետանում է: Մելատոնինն օգնում է կարգավորել մարդու ներքին ռիթմը և Ցիրկադային ցիկլը` օրգանիզմի ներքին ժամացույցը, որով կարգավորվում են մարդու ցերեկային և գիշերային գործառույթները: Գիշերային ժամերին մելատոնինի պակաս արտադրությունը և Ցիրկադային ռիթմի խախտումը կարող են հանգեցնել լուրջ առողջական խնդիրների․ քնի խանգարումներ, գլխացավեր, տագնապայնության զգացողություններ և այլն: 

լուսային աղտոտվածության ատլաս
Լուսային աղտոտվածության ատլասը (2022): Առավել պայծառ գույներով նշված են այն հատվածները, որոնք ունեն ավելի մեծ լուսային աղտոտվածություն:

Բորթլի սանդղակ

Բորթլի սանդղակ
Բորթլի սանդղակի 9 դասերին համապատասխանող երկինքը

Դե ինչպես հասկացանք, աստղադիտման վայրը պետք է լինի որքան հնարավոր է մութ: Սակայն, ինչպե՞ս նախօրոք հասկանալ՝ որ վայրն է ավելի մութ: Այս նպաատակներով օգտագործվում է Բորթլի սանդղակը (Bortle Scale), անվանված դրա ստեղծող Ջեյմս Բորթլի անունով: Ջեյմս Բորթլը սիրող աստղագետ էր, ով առաջարկեց 9 դասից բաղկացած սանդղակ տարածքի մթությունը չափելու համար: Այս սանդղակն առաջին անգամ տպագրվել է Sky & Telescopes ամսագրի 2001 թվականի փետրվարի համարում և լավագույն օրինակներից է, թե ինչպես են սիրող աստաղագետները ներդրում ունեցել աստղագիտության մեջ: Սանդղակը բաղկացած է 9 դասից, 1-ին ամենամութ դասից մինչև 9-րդ ամենապայծառ դասը: Օրինակ` այս սանդղակում մայրաքաղաք Երևանի կենտրոնը 6-րդ դասին է պատկանում 2022 թվականի գիշերային երկնքի լուսավորության աշխարհի ատլասի համաձայն. ինչ խոսք, իրական մղձավանջ աստղագետների համար: Իհարկե շատ տխրել պետք չէ, քանի որ Հայաստանի որոշ հատվածներում հնարավոր է գտնել առավել մութ երկինք, որոնց կանդրադառնանք քիչ անց:

լուսային աղտոտվածության Հայաստանի քարտեզ
Լուսային աղտոտվածության ատլաս 2022. Առավել պայծառ գույներով նշված են ավելի աղտոտված տարածքները

Աշխարհագրական և մթնոլորտային պայմանները

Խուստուփը և գիշերային երկինքը

Աստղադիտման վայր ընտրելիս կարևոր է նաև աշխարհագրական դիրքը: Որքան բարձր` այնքան լավ: Առավել բարձր տիրույթներում մթնոլորտը ավելի նոսր է և լույսի մթնոլորտային աղավաղումը ավելի փոքր է: Ստաբիլ կլիմա ունեցող տեղանքները իդեալական ընտրություն կարող են լինել: Դրական ազդեցություն կարող են ունենալ նաև որոշ աշխարհագրական օբյեկներ: Օրինակ` սարերը կարող են բնական պատնեշ հանդիսանալ լուսային աղտոտվածության դեմ: Այս հարցում կարծես թե մեր բախտը բերել է:

Այս ամենից զատ, համոզվեք, որ տարածքը անվտանգ է ձեզ համար, բացակայում են վայրի և գիշատիչ կենդանիները: Եվ, իհարկե, համոզվեք, որ հավանական աստղադտիման տարածքը չի համարվում հատուկ պահպանվող տարածք ու դուք նույնպես չեք վնասի վայրի բնությանը:

Արդեն, երբ գիտենք թե ինչ գործոններ են նպաստում ու խանգարում աստղադիտմանը, և ինչպես է սանդղակավորվում տարածքի մթությունը, հասկանանք՝ ուր կարելի է գնալ Հայաստանում աստղադիտման լավագույն փորձառություն ունենալու համար:

7 լավագույն վայրը Հայաստանում աստղադիտման համար

Գութանսար

Գութանասար
Գութանասարը SpaceShop42-ի աստղադիտումներից մեկի ժամանակ

Երևանից հեռանալիս ի հայտ են գալիս աստղադիտման համար հրաշալի վայրեր: Դրանցից նշանակալից է Գութանասարը: Այն Երևանից գտնվում է 30 կմ հեռավորության վրա, Կոտայքի մարզի Ֆանտան գյուղի մոտակայքում: Գութանասարը հանգած հրաբուխ է, որի հարավային մասը (Սև պատ) բավականին հարմար է աստղադիտման համար: Գութանասարի հարաբերական բարձրությունը 200-300 մետր է, ինչը այդքան էլ չի փակում տեսադաշտը: Իհարկե առավելությունների կողքին կա մի մեծ թերություն: Գութանասարի տարածքը բավականին փոշոտ է, ինչը բավականին վատ է դիտակների ու օպտիկական աքսեսուարների համար:

Խարույկ Գութանասարում
Spaceshop42-ի աստրոտուրը Գութանասարում

Սաղմոսավանք 

Սաղմոսավանք
Սաղմոսավանք․ Նկարի հեղինակ՝ Վարդան Պետրոսյան

Երևանամերձ մեկ այլ հարմար վայր է Սաղմոսավանքը և նրան հարակից գյուղերը: Սաղմոսավանքը Երևանից գտնվում է ընդամենը 25 կմ հեռավորության վրա: Այս դեպքում կարելի է համատեղել պատմամշակութային էքսկուրսիան և աստղադիտումը: Հաշվի առնելով, շրջակա տարածքը կարելի է նաև գտնել բաց տեսանելիությամբ վայրեր:

Սպանդարյանի ջրամբար

Սպանդարյանի ջրամբար
Սպանդարյանի ջրամբարը Լուսային աղտոտվածության 2022 թվականի քարտեզում: Նրա շրջակա տարածքները ունեն Բորթլի սանդղակի 2-րդ եւ 3-րդ կարգի մթություն


Իհարկե, ավելի մութ վայրեր գտնելու համար, անհրաժեշտ է ավելի հեռու գնալ Երևանից: Հայաստանի Հանրապետության տարածքում լավագույն վայրերից է Սպանդարյանի ջրամբարը և նրան հարակից տարածքը: Ըստ 2022 թվականի լուսային աղտոտվածության ատլասի այս շրջանում կարելի գտնել Բորթլի 2-րդ դասի գիշերային երկինք: 

Տաթևի վանական համալիր

Տաթևի վանական համալիր
Տաթևի վանական համալիր․ Հեղինակ՝ Սուրեն Մանվելյան

Ուսումնասիրելով լուսային աղտոտվածության քարտեզը, նկատում ենք, որ Սյունիք հարուստ է ոչ միայն պատմամշակութային կոթողներվ, այլև աստղադիտման համար նպաստավոր և մութ վայրերով: Մեր ցուցակում հաջորդը Տաթևի վանական համալիրն է: Թեև համեմատաբար հեռու է Երևանից, տարածքը ունի ցածր լուսային աղտոտվածություն, ինչը արդարացնում է երկար ճանապարհը:

Թանահատի վանք

Թանահատի վանքը և գիշերային երկինքը
Թանահատի վանքը և գիշերային երկինքը. Հեղինակ՝ Ալեքսեյ Չալաբյան

Հայաստանում մութ վայրերով հարուստ է նաև Վայոց Ձորի մարզը: Վերնաշեն գյուղից 7 կմ հարավ-արևելք գտնվում է Թանահատի վանական համալիրը: Վաղ միջնադարյան եկեղեցական կառույցի շրջակա տարածքը իդեալական է աստղադիտման համար: Վանքի շրջակայքում կարելի է գտնել Բորթլի սանդղակի 2-րդ և 3-րդ դասի մթության տարածքներ:

Օրբելյանների իջևանատուն (Քարվանսարա)

Քարվանսարա
Օրբելյանների իջևանատուն (Քարվանսարա)

Վայոց ձորի մարզում առանձնացրել ենք մեկ այլ հրաշալի վայր աստղադիտման համար: Օրբելյանների իջևանատունը գնտվում է Եղեգնաձոր-Մարտունի ավտոճանապարհի հարևանությամբ: Միջնադարյան այս կառույցը իջևանատուն է ծառայել Մետաքսի ճանապարհի առևտրականների համար: Թեև այն արդեն կորցրել է իր նախնական նշանակությունը, առաջարկում ենք վերաիմաստավորել այն, աստղադիտումներ անցկացնելով: 

Ծափաթաղ

Աստղադիտում Սևանա Լճի ափին
Աստղադիտում Սևանա Լճի ափին․ Նկարի հեղինակ՝ Արփինե Գրիգորյան

Աստղադիտման համար հրաշալի վայրեր կարելի է գտնել նաև Սևանա լճի ափին: Առավել մութ է լճի հարավային և արևելյան ափի երկինքը: Այս տարածքներում գտնվում են Վարդենիս և Ճամբարակ համայնքի գյուղերը: Այս բլոգի համար առանձնացրել ենք Ծափաթաղը: Տարածքը հեռու է լուսավորության արհեստական աղբյուրներից և նույնիսկ անզեն աչքով կարելի է տեսնել բազմաթիվ երկնային օբյեկտներ: Հեշտ կարելի է հասնել Երևանից: Աստղազարդ երկինքի հետ միասին տեսարանը ավելի է գեղեցկացնում գիշերային Սևանա լիճը:

Ամփոփում

Դե ինչ, այս բլոգում անդրադարձանք աստղադիտման համար հարմար վայրեր ընտերլու կարևոր կետերին: Իհարկե, տեղանքների ցանկը այսքանով չի սահմանափակվում: Միացեք մեզ բացահայտելու Հայաստանի մութ վայերեը առաջիկա աստրոտուրերին: Հետևք մեզ սոցցանցերում առաջիկա հնարավորությունները բաց չթողնելու համար: 

hy