Ընդհանուր դրույթներ
Սույն պայմաններով սահմանվում են աստրոտուրի՝ քաղաքից դուրս իրականացվող աստղադիտման միջոցառման (այսուհետ՝ «Միջոցառում»), Space42-ի (այսուհետ՝ «Կազմակերպիչ») և Միջոցառման մասնակցի (այսուհետ՝ «Մասնակից») հարաբերությունները Միջոցառման կազմակերպման և անցկացման ընթացքում։
Առանձին միջոցառումների համար Կազմակերպիչը կարող է սահմանել հատուկ պայմաններ։ Հատուկ և ընդհանուր պայմանների միջև հակասության դեպքում տվյալ միջոցառման նկատմամբ կիրառվում են հատուկ պայմանները։
Վճարումը
Միջոցառման մասնակցության համար վճարումը կատարվում է էլեկտրոնային եղանակով՝ Կազմակերպչի կողմից նշված տարբերակներով։ Կանխիկ վճարումը հնարավոր է միայն Կազմակերպչի և Մասնակցի բանավոր կամ գրավոր համաձայնությամբ։
Փոխհատուցում
Միջոցառման մասնակցության գումարի ամբողջական կամ մասնակի վերադարձ կարող է իրականացվել, եթե համապատասխան դիմումը ներկայացվել է Միջոցառումը սկսվելուց ավելի քան երկու օր առաջ։ Միջոցառմանը նախորդող երկու օրվա ընթացքում ամբողջական վերադարձ չի կատարվում, իսկ մասնակի վերադարձ կարող է իրականացվել միայն Կազմակերպչի և Մասնակցի բանավոր կամ գրավոր համաձայնությամբ։
Վերադարձի հայտը ներկայացվում է Կազմակերպչի կողմից նախատեսված գրանցման կամ վերադարձի ձևի, բանավոր կամ գրավոր միջոցներից որևիցե մեկով՝ անձը և գրանցման տվյալները հաստատելուց հետո։
Վճարված գումարը վերադարձման ենթակա չէ Կազմակերպչի կողմից նշված ժամից ուշանալու, կազմակերպված տրանսպորտից ուշանալու կամ Միջոցառմանը չներկայանալու դեպքում։
Գրանցման հաստատումը
Գրանցումը համարվում է հաստատված, եթե Մասնակիցն ամբողջությամբ վճարել է Միջոցառմանը մասնակցելու համար անհրաժեշտ գումարը, որը Կազմակերպիչը նախապես ներկայացրել է Մասնակցին գրավոր կամ բանավոր ձևով, և Կազմակերպիչը հաստատել է գրանցումը։ Գրանցման հաստատման մասին Մասնակիցը տեղեկացվում է Կազմակերպչի կողմից ընտրված կապի միջոցով։
Միջոցառման վայրի և ժամի փոփոխությունը
Եղանակային կանխատեսման, դիտումների հնարավորության, անվտանգության կամ այլ հիմնավոր կազմակերպչական հանգամանքների պատճառով Կազմակերպիչը կարող է փոփոխել Միջոցառման վայրը, հավաքման կամ մեկնման կետը, ինչպես նաև Միջոցառման մեկնարկի և ավարտի ժամը։
Նման փոփոխությունների մասին Մասնակիցը տեղեկացվում է գրանցման ժամանակ նշված կապի միջոցներից որևէ մեկով՝ հնարավորինս շուտ։
Միջոցառման ժամի և վայրի ոչ էական փոփոխությունը չի համարվում Միջոցառման չեղարկում և ինքնին վճարված գումարի վերադարձի հիմք չէ։
Եթե փոփոխությունը Կազմակերպչի կողմից գնահատվում է որպես էական, մասնավորապես՝ փոխվում է Միջոցառման ամսաթիվը, տևողությունը էապես ավելանում է, վերացվում է նախապես ընտրված տրանսպորտային ծառայությունը կամ էապես փոխվում է Միջոցառման հիմնական ձևաչափը, Մասնակցին առաջարկվում են Կազմակերպչի կողմից տվյալ իրավիճակի համար սահմանված տեղափոխման, տոմսային մնացորդի պահպանման կամ վերադարձի տարբերակները։
Անվտանգություն
Մասնակիցը պարտավոր է Միջոցառման վայր մեկնելիս, Միջոցառման վայրում և վերադարձի ընթացքում լսել ու կատարել խմբավարի կամ Կազմակերպչի նշանակած ղեկավարի հրահանգները։
Արգելվում է
- Միջոցառման վայրում կամ Միջոցառման վայր մեկնելիս ալկոհոլ կամ այլ հոգեներգործուն միջոցներ օգտագործելը, ինչպես նաև Միջոցառմանը ներկայանալը կամ մասնակցելը ալկոհոլի/հոգեներգործուն նյութերի ազդեցության տակ, բացառությամբ այն միջոցառումների, որոնց հրապարակված նկարագրությունում Կազմակերպիչը հստակ այլ բան է նշել։
- Հասարակական կարգը խախտելը կամ մյուս մասնակիցների ժամանցը և անվտանգությունը խաթարելը։
- Ընտանի կենդանիներ բերել Միջոցառման վայր, եթե Կազմակերպիչը նախապես այլ բան չի թույլատրել։
- Լճերի կամ գետերի շրջակայքում անցկացվող Միջոցառումների ընթացքում գիշերով լողը լճերում կամ գետերում։
- ՀՀ օրենսդրությամբ սահմանված հասարակական կարգի խախտմանն ուղղված այլ գործողություններ կատարել։
Նշված կանոնների խախտման դեպքում կազմակերպչական խումբը կարող է կանոնները խախտող Մասնակցին հեռացնել Միջոցառումից կամ մեկուսացնել խմբից։ Այդ դեպքում վճարված գումարը վերադարձման ենթակա չէ։
Միջոցառման լուսանկարները և տեսանյութերը
Միջոցառման ընթացքում Space42-ի կամ նրա լիազորված անձանց կողմից արված լուսանկարները և տեսանյութերը կարող են օգտագործվել Space42-ի տեղեկատվական, գովազդային և կոմերցիոն նպատակներով՝ օրենքով թույլատրելի սահմաններում։ Եթե Մասնակիցը որևէ լուսանկարի կամ տեսանյութի օգտագործման վերաբերյալ ունի առարկություն կամ հատուկ պահանջ, կարող է կապվել Space42-ի հետ՝ տվյալ նյութի հետագա օգտագործումը քննարկելու համար։
Համաձայնություն
Ես ինքնակամ տալիս եմ սույն տեղեկացված համաձայնությունը Կազմակերպչի կազմակերպած Միջոցառմանը մասնակցելու վերաբերյալ։
Հավաստիացնում եմ, որ պատշաճ կերպով ծանոթացել եմ Միջոցառման նկարագրությանը և անվտանգության կանոններին, ստացել եմ ինձ մոտ առաջացած հարցերի պատասխանները և կրում եմ իմ անձի, իմ կողմից բերված մարդկանց և իրերի նկատմամբ պատասխանատվություն։
Ես հստակ հասկանում եմ ինձ ներկայացված կանոնները և դրանց հետևելու կարևորությունը, ինչպես նաև գիտակցում եմ, որ կանոնների անտեսումը կարող է հանգեցնել անցանկալի հետևանքների։ Ես հասկանում եմ, որ Միջոցառման ընթացքում կազմակերպչական և անվտանգության որոշումները կայացնում է Կազմակերպչի կողմից նշանակված խմբի ղեկավարը։
Ես հաստատում եմ, որ ես և իմ կողմից Միջոցառմանը բերված անձինք բժշկական որևէ խանգարում չունենք, կամ դրա առկայության դեպքում մինչև մեկնումը գրավոր տեղեկացրել ենք կազմակերպչական թիմին։ Ես պատասխանատու եմ ինչպես իմ, այնպես էլ իմ կողմից բերված անձանց առողջական վիճակի հետ կապված ռիսկերի գնահատման և անհրաժեշտ դեղորայքի առկայության համար։
Իմ առողջական վիճակը՝ բնածին, ձեռքբերովի, քրոնիկ կամ սուր հիվանդությունները և/կամ խանգարումները, ինչպես նաև նորմայից ցանկացած շեղում, գնահատում եմ ինքնուրույն և/կամ բժշկի խորհրդատվության հիման վրա։
Ես պատշաճ կերպով տեղեկացվել եմ, որ Կազմակերպիչը կամ Միջոցառման ղեկավարը պատասխանատվություն չի կրում իմ առողջական վիճակի վատթարացման համար, եթե այն չի առաջացել Կազմակերպչի կամ նրա անձնակազմի մեղավոր գործողության կամ անգործության հետևանքով։
Ես պարտավորվում եմ կատարել Կազմակերպչի կողմից տրվող՝ Միջոցառման կարգի պահպանմանը, անվտանգության ապահովմանը և կազմակերպչական հարցերին վերաբերող գրավոր ու բանավոր ցուցումները, որոնք պարտադիր են բոլոր մասնակիցների համար։
Ես պատշաճ կերպով տեղեկացվել եմ, որ Միջոցառման ընթացքում իմ անձնական գույքի հնարավոր կորստի, վնասման և/կամ ամբողջական ոչնչացման համար Կազմակերպիչը և անձնակազմը պատասխանատվություն չեն կրում, եթե վնասը չի առաջացել նրանց մեղավոր գործողության կամ անգործության հետևանքով։
Ես պարտավորվում եմ Կազմակերպչի կողմից նշված վայրում գտնվել նշված ժամին և հասկանում եմ, որ ուշանալու դեպքում վճարված գումարը վերադարձման ենթակա չէ։
Ես պատշաճ կերպով տեղեկացվել եմ, որ Միջոցառումից կարող եմ հրաժարվել մինչև Միջոցառման նկարագրությունում կամ կիրառելի հատուկ պայմաններում նշված վերջնաժամկետը, հակառակ դեպքում պարտավորվում եմ վճարել Միջոցառման ամբողջ գումարը կամ կորցնում եմ արդեն վճարված գումարի վերադարձի իրավունքը՝ սույն պայմաններով նախատեսված չափով։
Ստորագրելով կամ էլեկտրոնային եղանակով ընդունելով սույն տեղեկացված համաձայնությունը՝ ես հաստատում եմ, որ Միջոցառմանը մասնակցում եմ կամավոր և գիտակցում եմ բացօթյա ու գիշերային Միջոցառումներին բնորոշ ռիսկերը։ Սույն դրույթը չի սահմանափակում այն պատասխանատվությունը, որը ՀՀ օրենսդրությամբ չի կարող բացառվել կամ սահմանափակվել։
Հավաստում եմ, որ իմ տարիքը գերազանցում է 13 տարեկանը, իսկ անչափահաս լինելու դեպքում ներկայացնելու եմ ծնողի և/կամ խնամակալի գրավոր համաձայնությունը Միջոցառմանը մասնակցելու համար։
ՄԻՋՈՑԱՌՈՒՄԸ ԸՆԴՀԱՏԵԼՈՒ ԴԵՊՔԵՐԸ
Սույն պայմաններով նախատեսված պարտավորություններն ամբողջությամբ կամ մասնակիորեն չկատարելու համար կողմերը կարող են ազատվել պատասխանատվությունից, իսկ Կազմակերպիչը կարող է դադարեցնել կամ փոփոխել Միջոցառումը, եթե դա պայմանավորված է անհաղթահարելի ուժով, որը ծագել է սույն պայմանների ընդունումից հետո և որը կողմերը չէին կարող ողջամտորեն կանխատեսել կամ կանխարգելել։
Այդպիսի իրավիճակներ են եղանակային պայմանների վատթարացումը, երկրաշարժը, ջրհեղեղը, հրդեհը, պատերազմը, ռազմական կամ արտակարգ դրության հայտարարումը, քաղաքական հուզումները, գործադուլները, հաղորդակցության միջոցների աշխատանքի դադարեցումը, պետական մարմինների ակտերը և այլ հանգամանքներ, որոնք անհնարին են դարձնում սույն պայմաններով նախատեսված պարտավորությունների կատարումը։
Միջոցառումը կարող է ընդհատվել կամ դադարեցվել՝
- խմբի մասնակիցներից մեկի առողջական վիճակի վատթարացման կամ ստացած վնասվածքի պատճառով, եթե շարունակելը կարող է վտանգել նրա կամ մյուս անձանց առողջությունն ու անվտանգությունը,
- վատ եղանակային պայմանների դեպքում, հատկապես երբ շարունակելը կարող է վտանգավոր լինել մարդկանց առողջության կամ դիտողական գույքի համար,
- անվտանգության կամ կազմակերպչական այլ հիմնավոր պատճառներով։
Միջոցառումը կրճատելու, փոփոխելու, ընդհատելու կամ դադարեցնելու որոշումը կայացնում է Կազմակերպչի կողմից նշանակված խմբի ղեկավարը։
Եթե Միջոցառումը կրճատվում, փոփոխվում, ընդհատվում կամ դադարեցվում է սկսվելուց, մեկնումից կամ ծրագրի մի մասի իրականացումից հետո, և Մասնակիցն արդեն ստացել է տրանսպորտային, սննդի, կազմակերպչական կամ ծրագրով նախատեսված այլ ծառայությունների մի մասը, վճարված գումարի ամբողջական վերադարձ չի երաշխավորվում։
Կազմակերպիչը կարող է տրամադրել մասնակի վերադարձ կամ տոմսային մնացորդ՝ հաշվի առնելով չմատուցված ծառայությունների մասը, Մասնակցին արդեն տրամադրված ծառայությունները և Կազմակերպչի կողմից արդեն կատարված ծախսերը։
Ես պատշաճ կերպով տեղեկացվել եմ անհաղթահարելի ուժի հավանականության մասին։ Ծրագրի փոփոխման կամ այլ անկանխատեսելի հանգամանքի դեպքում ես, իմ հարազատները և/կամ լիազորված անձինք Կազմակերպչից կամ անձնակազմից ֆինանսական կամ այլ փոխհատուցում չենք պահանջի, եթե փոփոխությունը կատարվել է Միջոցառմանը նախորդող երկու օրվա ընթացքում կամ Միջոցառման ընթացքում, բացառությամբ սույն պայմաններում կամ տվյալ Միջոցառման հատուկ պայմաններում ուղղակիորեն նախատեսված դեպքերի։
«Պերսեիդներ 2026» միջոցառումների հատուկ պայմաններ
Սույն բաժնի պայմանները տարածվում են 2026 թվականի օգոստոսի 8-ից օգոստոսի 15-ը նախատեսված «Պերսեիդներ» միջոցառումների, ինչպես նաև դրանց փոխարինող կամ տեղափոխված միջոցառումների վրա։ Սույն բաժնի և ընդհանուր պայմանների միջև հակասության դեպքում «Պերսեիդներ 2026» միջոցառումների նկատմամբ կիրառվում են սույն բաժնի պայմանները։
1. Գրանցումը և միջոցառման ամսաթիվը
1.1. Մասնակիցը գրանցվում է իր կողմից ընտրված կոնկրետ միջոցառման համար՝ օգոստոսի 8-ին կամ օգոստոսի 15-ին։
1.2. Մեկ միջոցառման համար հաստատված գրանցումը չի ապահովում մասնակցության ավտոմատ իրավունք մյուս հիմնական կամ փոխարինող ամսաթվերին։
1.3. Այլ ամսաթվով մասնակցությունը համարվում է հաստատված միայն այն դեպքում, երբ Մասնակիցն ընտրել է առաջարկված ամսաթիվը և Կազմակերպչից ստացել է մասնակցության տեղափոխման գրավոր հաստատում։
2. Միջոցառման վայրի և ժամի հրապարակումը
2.1. Միջոցառման ճշգրիտ վայրը կարող է չհրապարակվել գրանցման պահին։ Միջոցառման վայրը Մասնակիցներին կտրամադրվի, որպես կանոն, Միջոցառումից մոտ երեք օր առաջ՝ եղանակային կանխատեսման և կազմակերպչական պայմանների վերջնական գնահատումից հետո։
2.2. Միջոցառման մոտավոր տևողությունը և նախատեսվող վերադարձի ժամային միջակայքը նշվում են Միջոցառման նկարագրությունում։
2.3. Եղանակային կամ այլ հիմնավոր կազմակերպչական պատճառներով, ընդհանուր պայմաններով նախատեսված փոփոխություններից բացի, Կազմակերպիչը կարող է փոփոխել նաև ճանապարհային երթուղին և ծրագրի առանձին բաղադրիչները։
2.4. Մինչև երեք ժամ ժամանակային փոփոխությունը համարվում է Միջոցառման ոչ էական փոփոխություն և ինքնին Միջոցառման չեղարկում չէ։
3. Եղանակաի քաղաքականություն
3.1. Միջոցառումն անցկացնելու, տեղափոխելու, մասնակիցների քանակը սահմանափակելու կամ չեղարկելու որոշումը կայացնում է Կազմակերպիչը՝ հաշվի առնելով եղանակային կանխատեսումը, դիտումների հնարավորությունը և Միջոցառման անվտանգ անցկացման պայմանները։
4. Միջոցառման տեղափոխումը
4.1. Անբարենպաստ եղանակային պայմանների դեպքում օգոստոսի 8-ի Միջոցառումը կարող է տեղափոխվել՝
- հաջորդ օրը՝ օգոստոսի 9-ին,
- Կազմակերպչի առաջարկած աշխատանքային օր,
- հասանելիության դեպքում՝ օգոստոսի 15-ին կամ 16-ին։
4.2. Օգոստոսի 15-ի Միջոցառումը կարող է տեղափոխվել օգոստոսի 16-ին կամ Կազմակերպչի առաջարկած այլ ամսաթվի։
4.3. Կազմակերպիչը կարող է սկզբնական Միջոցառման մասնակիցների գրանցումները տեղափոխել այլ նպաստավոր ամսաթվի կազմակերպվող միջոցառման՝ նախապես համաձայնեցնելով Մասնակցի հետ, հաշվի առնելով եղանակային պայմանները, Միջոցառման տարողունակությունը և կազմակերպչական հնարավորությունները։ Այլ նպաստավոր միջոցառման ժամային գրաֆիկը, ֆորմատը, տեղադիրքը, մասնակիցների թույլատրելի քանակը, կարող է տարբերվել սկզբնական Միջոցառումի պայմաններից։
4.4. Աշխատանքային օրերին նախատեսված փոխարինող միջոցառումների համար կարող է չբացվել առանձին հանրային գրանցում։ Այդ միջոցառումներին մասնակցությունը կարող է առաջարկվել միայն տեղափոխված Միջոցառման մասնակիցներին։
4.5. Մասնակիցը պարտավոր չէ ընդունել Կազմակերպչի առաջարկած փոխարինող ամսաթիվը։
4.6. Տեղափոխման դեպքում Կազմակերպիչը պարտավորվում է լրացուցիչ վճարներ չգանձել Մասնակցից, բացառությամբ Մասնակցի կողմից տրանսպորտային միջոցի փոփոխության դեպքի։
5. Փոխարինող ամսաթվերի տարողունակությունը
5.1. Յուրաքանչյուր հիմնական կամ փոխարինող Միջոցառում ունի սահմանափակ տարողունակություն։
5.2. Տվյալ ամսաթվի համար սկզբնապես գրանցված և հաստատված Մասնակիցները պահպանում են առաջնահերթությունը տվյալ Միջոցառման նկատմամբ։
5.3. Այլ ամսաթվից տեղափոխվող Մասնակիցը կարող է հաստատվել միայն ազատ տեղերի առկայության դեպքում։
5.4. Ազատ տեղերի բացակայության դեպքում Մասնակիցը կարող է գրանցվել սպասման ցուցակում։ Սպասման ցուցակում գրանցվելը չի համարվում մասնակցության հաստատում։
5.5. Սպասման ցուցակի առաջնահերթությունը որոշվում է տեղափոխման դիմումը կամ պատասխանը ստանալու ժամանակով, եթե Կազմակերպիչը նախապես այլ կարգ չի հայտարարել։
6. Կազմակերպչի կողմից Միջոցառման տեղափոխման կամ չեղարկման դեպքում
6.1. Եթե Կազմակերպիչը չեղարկում կամ էականորեն փոփոխում է Մասնակցի ընտրած Միջոցառումը, Մասնակիցը կարող է ընտրել հետևյալ տարբերակներից մեկը՝
- մասնակցել առաջարկված փոխարինող ամսաթվերից մեկին՝ ազատ տեղերի առկայության դեպքում,
- գրանցվել այլ Միջոցառման սպասման ցուցակում, եթե այդպիսիք կան,
- տոմսը վերածել սովորական աստրոտուրի տոմսի՝ դրա գործողության սահմանված ժամկետի պահպանմամբ,
- ստանալ չօգտագործված տոմսի ամբողջական դրամական վերադարձ։
6.2. Փոխարինող Միջոցառման համար տեղը պահպանվում է միայն Կազմակերպչի հաղորդագրությունում նշված ժամկետում Մասնակցի պատասխանը ստանալուց և Կազմակերպչի կողմից մասնակցությունը վերահաստատելուց հետո։
6.3. Սահմանված ժամկետում պատասխան չստանալու դեպքում փոխարինող Միջոցառման համար տեղ չի ամրագրվում։ Այդ դեպքում Մասնակիցը կարող է ընտրել տոմսը սովորական աստրոտուրի տոմսի վերածելու, այլ Միջոցառման սպասման ցուցակում գրանցվելու կամ ամբողջական վերադարձ ստանալու տարբերակներից մեկը։
6.4. Մեկ այլ ամսաթվի սպասման ցուցակում ընդգրկվելը չի վերացնում Մասնակցի՝ սովորական աստրոտուրի տոմս կամ դրամական վերադարձ ընտրելու իրավունքը, քանի դեռ նրա մասնակցությունն այլ ամսաթվի համար վերջնականապես չի հաստատվել։
7. Մասնակցի նախաձեռնությամբ ամսաթվի փոփոխումը կամ չեղարկումը
7.1. Մասնակիցը կարող է դիմել իր գրանցումը փոփոխելու, այլ հասանելի ամսաթվի տեղափոխելու, չեղարկելու կամ սովորական աստրոտուրի տոմսի վերածելու համար՝ ոչ ուշ, քան Միջոցառմանը նախորդող չորրորդ օրացուցային օրվա ժամը 23:59-ը։
7.2. Մասնավորապես՝
- օգոստոսի 8-ի Միջոցառման փոփոխման վերջնաժամկետը օգոստոսի 4-ի ժամը 23:59-ն է,
- օգոստոսի 15-ի Միջոցառման փոփոխման վերջնաժամկետը օգոստոսի 11-ի ժամը 23:59-ն է։
7.3. Մեկ այլ «Պերսեիդներ» Միջոցառման տեղափոխումը հնարավոր է միայն ազատ տեղերի առկայության դեպքում և համարվում է հաստատված Կազմակերպչի գրավոր հաստատումից հետո։
7.4. Սահմանված վերջնաժամկետից հետո ներկայացված չեղարկման կամ տեղափոխման դիմումների դեպքում ամբողջական վերադարձ կամ տեղափոխում չի երաշխավորվում։
7.5. Վերջնաժամկետից հետո մասնակի վերադարձ կարող է տրամադրվել Կազմակերպչի և Մասնակցի միջև գրավոր կամ բանավոր համաձայնության դեպքում։
8. Տրանսպորտը և լրացուցիչ ծառայությունները
8.1. Եթե փոխարինող Միջոցառման ժամանակ վճարված տրանսպորտը կամ այլ լրացուցիչ ծառայությունը չի տրամադրվում, համապատասխան գումարը վերադարձվում է Մասնակցին կամ, նրա համաձայնությամբ, պահպանվում է որպես հետագա օգտագործման ենթակա մնացորդ։
9. Աստղագիտական երևույթի դիտելիությունը
9.1. Կազմակերպիչը չի երաշխավորում ասուպների որոշակի քանակի, պայծառության կամ հաճախականության դիտումը։
9.2. Ամպերի տեղաշարժը, մթնոլորտային թափանցիկությունը, ծուխը, լուսային աղտոտվածությունը և այլ բնական գործոններ կարող են ազդել դիտումների վրա նույնիսկ այն դեպքում, երբ Միջոցառումն անցկացվում է։
9.3. Բնական երևույթի ակնկալվածից պակաս արտահայտված լինելը ինքնին վերադարձի կամ փոխհատուցման հիմք չէ։
10. Ծանուցումները
10.1. Միջոցառման հաստատման, վայրի, ժամանակի, տեղափոխման կամ չեղարկման վերաբերյալ պաշտոնական տեղեկությունը տրամադրվում է գրանցման ժամանակ նշված էլեկտրոնային հասցեով, հեռախոսահամարով կամ Կազմակերպչի կողմից նշված այլ կապի միջոցով։
10.2. Մասնակիցը պատասխանատու է ճիշտ կոնտակտային տվյալներ տրամադրելու և Միջոցառումից առաջ ստացված հաղորդագրությունները ժամանակին ստուգելու համար։
10.3. Կազմակերպիչը պատասխանատվություն չի կրում այն դեպքերի համար, երբ Մասնակիցը չի ստացել հաղորդագրությունը սխալ տրամադրված տվյալների, կապի օպերատորի, փոստային համակարգի կամ Մասնակցի սարքի կարգավորումների պատճառով։
11. Երրորդ կողմի հարթակներով գնված տոմսերը
11.1. GetYourGuide-ի կամ այլ երրորդ կողմի հարթակով գնված տոմսերի վերադարձը, փոփոխումը ենթարկվում են սույն դրույթներին։ Վճարային գործարքները կարող են լրացուցիչ կարգավորվել տվյալ հարթակի պայմաններով։
11.2. Երրորդ կողմի հարթակի միջոցով գնված տոմսի դեպքում Մասնակիցը կարող է պարտավոր լինել վերադարձի կամ փոփոխման դիմումը ներկայացնել տվյալ հարթակի միջոցով։