Հայ խորհրդային ականավոր գիտնական, ինժեներ-կոնստրուկտոր և գյուտարար Ալեքսանդր Լևոնի Քեմուրջյանը աշխարհում առաջին լուսնագնացների և մարսագնացների ստեղծողն է։ Այդ իսկ պատճառով նրան հաճախ անվանում են Լուսնագնացի Հայր։ Հայազգի գիտնականը ծնվել է 1921 թվականի հոկտեմբերի 4-ին՝ Ռուսաստանի Վլադիկավկազ քաղաքում։ Բարձրագույն կրթությունը ստացել է Մոսկվայում և ավարտել է տրանսպորտային միջոցների բաժինը։ Նրա հիմնական աշխատանքները վերաբերում են շարժիչների հովացման բարձրջերմաստիճանային համակարգերին, «Լուսնագնաց» կայանների ինքնագնաց շասսիների, մասնագիտացված ռոբոտների, Մարսի և նրա արբանյակ Ֆոբոսի մակերևույթի, Վեներայի ֆիզիկական հատկությունների ուսումնասիրման շարժական սարքերի ստեղծման հարցերին։ Ամենահանճարեղ աշխատանքներն անվանի գիտնականը կատարել է Տիեզերքի ուսումնասիրման գործում՝ նախագծելով ու կատարելագործելով տիեզերագնաց մեքենաները։ Նրա գլխավորությամբ ստեղծվեց աշխարհում առաջին լուսնագնացի շասսին, դե իսկ «Լուսնագնաց-1»-ը և «Լուսնագնաց–2»-ը հայտնի են ամբողջ աշխարհում։ «Լուսնագնաց-1»-ը առաջինն էր, որ ուսումնասիրեց « մեկ այլ աշխարհ»։ Խորհրդային Միության հեռակառավարման օպերատորների կողմից կառավորվելով ՝ վերջինս ընդամենը 10 ամսվա ընթացքում անցավ ավելի քան 10 կիլոմետր (6 մղոն): Համեմատության համար նշենք, որ «Mars Opportunity» մարսագնացին պահանջվեց 6 տարի՝ նույնքան ճանապարհ հաղթահարելու համար։ «Լուսնագնաց-1»-ը Լուսին հասավ « Լունա 17» միջմոլորակային կայանի օգնությամբ։ «Լուսնագնաց-1»-ը բաղկացած էր լոգախցիկ հիշեցնող խցիկից, ուռուցիկ խոշոր կափարիչից տեղակայված ութ ինքնաշարժ անիվների վրա։ Հագեցած էր կոնաձև ալեհավաքով, խիստ ուղղորդված պտուտակավոր ալեհավաքով, չորս հեռուստատեսային տեսախցիկներով և հատուկ Լուսնի մակերևույթին հարվեծելու սարքերով Լուսնի հողի խտության և մեխանիկական հատկությունների ուսումնասիրման համար։ Լուսնագնացը ցերեկը աշխատում էր արեգակնային էներգիայով, իսկ գիշերային ցրտին գոյատևելու համար, երբ ջերմաստիճանը հասնում էր -150 աստիճան ըստ Ցելսիուսի (- 238 Ֆարենհայտ), օգտագործում էր «պոլոնիում-210» ռադիոիզոտոպային տաքացուցիչի ջերմային էներգիան։ Լուսնագնացը նախատեսված էր 3 լուսնային օրվա համար, սակայն իր առաքելությունը տևեց 11 լուսնային օր։ NASA-ի տվյալներով, մինչ առաքելության ավարտը «Լուսնագնաց-1»-ը անցավ մոտավորապես 10,54 կիլոմետր (6,5 մղոն) ՝ հետ ուղարկելով 20 000 հեռուստատեսային նկար և 200 հեռուստատեսային համայնապատկեր: Այն նաև իրականացրեց լուսնային հողի ավելի քան 500 փորձարկում:


Անմոռանալի է Ա․Լ․Քեմուրջյանի աշխատանքները Չեռնոբիլի ատոմակայանի վթարից հետո։ Այդ ժամանակ Քեմուրջյանը իր թիմի հետ շատ կարճ ժամանակում ստեղծեց հատուկ տրանսպորտային ռոբոտներ վերացնելու այս սարսափելի պատահարի հետևանքները: STR-1 տիպի երկու տրանսպորտային ռոբոտ աշխատել են ավելի քան 200 ժամ մաքրելով փլատակները և տանիքներից հանելով ավելի քան 90 տոննա ռադիոակտիվ նյութեր, ինչը հնարավորություն տվեց բացառել ավելի քան 1000 մարդու վտանգավոր տարածքներում աշխատելը:
Ի պատիվ գիտնականի, 1997 թվականին Միջազգային աստղագիտական ​​միության որոշմամբ «Քեմուրջյան» կոչվեց Արեգակնային համակարգի №5933 փոքր մոլորակը (վերջինս պտտվում է ուղեծրով Արեգակի շուրջ և չի հանդիսանում ո՛չ մոլորակ, ո՛չ գիսաստղ)։
Ճանաչենք հայ հանճարներին, գնահատենք նրանց կատարած անձնվեր աշխատանքը․․․

en_US