Իսկ դուք երբևէ Լուսնի շուրջ ծիածան տեսե՞լ եք։ 
Այսօր ձեզ կպատմենք հալոների մասին։

 Հալոն օպտիկական երևույթ է, որի ժամանակ լուսատուի շուրջ երևում է լուսարձակող օղակ (երբեմն կամար)։ Այն առաջանում է փետրավոր ամպերում առկա սառույցի բյուրեղներում լույսի դիսպերսիայի (լույսի բեկում և տարալուծում) կամ անդրադարձման (կամ էլ երկուսը միասին) շնորհիվ։ Երևույթը հալո անվանումը ստացել է հունական հալոս բառից, որը նշանակում է շրջան, սկավառակ։


Հալոները հիմնականում առաջանում են երկրից 5-10 կմ բարձրության վրա՝ տրոպոսֆերայում։ Հալոն սովորաբար երևում է Արեգակի և Լուսնի շուրջ, երբեմն էլ արհեստական լույսի ուժեղ աբյուրի շուրջ, օրինակ փողոցային լույսերի շուրջ։ Ի տարբերություն նույնօրինակ քաջածանոթ օպտիկական երևույթի՝ ծիածանի, որը երևում է միայն ցերեկները, հալոն կարելի է տեսնել օրվա ցանկացած ժամանակահատվածում։ 

Հալոները կարող են լինել տարբեր չափերի, կախված բյուրեղների չափերից, ձևից և դիրքից։ Սակայն բոլոր դեպքերում այն առաջանում է լուսատուից հավասար հեռավորության վրա։ Երբեմն լինում է, որ առաջացած հալոյի շուրջ առաջանում է ևս մեկ, ավելի մեծ լուսավոր շրջան՝ կրկին լուսատուից հավասար հեռավորության վրա։

Այս երևույթի ժամանակ լուսարձակով օղակի վրա կարող են երևալ վառ, լուսավոր բծեր, այսպես կոչված կեղծ Արեգակ կամ կեղծ Լուսին։ Դրանք մի քանիսն են, բայց բոլորը միշտ կանգնած են հորիզոնից նույն բարձրության վրա, ինչ լուսատուն , իսկ երբեմն նույնիսկ նրան հակառակ՝ երկնքի մյուս կողմում: Այն նույնպես օպտիկական երևույթ է, որն առաջանում է լույսի բեկման շնորհիվ։

en_US