Հարցին պատասխանելու համար նախ փոքր ինչ խոսենք սև խոռոչներից, անյուհետև անցնենք դրանց ներքին կառուցվածքին։
1916 թվականին գերմանացի ֆիզիկոս, աստղագետ Կառլ Շվարցշիլդը, ելնելով հարաբերականության ընդհանուր տեսությունից, ստացավ, որ m զանգվածով մարմնի գրավիտացիան հաղթահարելու համար կպահանջվի գերլուսային արագություն, եթե նրա շառավիղը փոքր լինի Rg=2Gm/c^2 արժեքից (գրավիտացիոն կամ Շվարցշիլդի շառավիղ)։ Նշենք, որ Արեգակի զանգվածի համար Rg=3կմ։ Այդ դեպքում ո՛չ հանգստի զանգված ունեցող մասնիկները, ո՛չ էլ նույնիսկ ֆոտոնները չեն կարող պոկվել նրա մակերևույթից ու անվերջ հեռանալ․ մասնիկները ետ կընկնեն, իսկ ֆոտոնները, կորցնելով իրենց ողջ էներգիան, կվերանան (անվերջ մեծ գրավիտացիոն կարմիր շեղում)։ Այսպիսի մարմինը պարփակված է Rg շառավղով սֆերայով, որը դրսից բացարձակ սև է երևում, ինչպես մի անտակ անդունդ, ուր ամեն ինչ ընկնում է ու ոչինչ ետ չի գալիս` ո՛չ մասնիկ, ո՛չ էլ անգամ լույսի նշույլ։ Այդ անթափանց «վարագույրին» տեսաբաններն անվանում են իրադարձությունների հորիզոն։ Դրա շրջակայքում տարածություն-ժամանակը խիստ կորացած է, իսկ կեպլերյան օրենքներն արդեն չեն գործում։ Հեռվից մոտեցող ֆոտոններն ու մասնիկները, մտնելով այդպիսի տարածաժամանակային «ձագարի» մեջ, կարող են բազում պտույտներ գործել ու նորից հեռանալ կամ էլ պարուրաձև հետագծերով գահավիժել ու անցնել «վարագույրից» այն կողմ։ Այս վարկածային տարածաժամանակային «հրեշներին» անվանեցին սև խոռոչներ։

Սև խոռոչ


Եթե երկնային մարմինը բավականաչափ ծանր լինի և խտանա մինչև իր Rg-ն, ապա ըստ տեսության՝ նրա հետագա խտացմանն այլևս ոչինչ չի կարող խոչընդոտել, և այն կվերծվի անվերջ խիտ նյութական կետի, որտեղ գրավիտացիան անվերջ մեծ է, տարածություն-ժամանակն էլ՝ անվերջ կորացած։ Այդպիսի կետին անվանում են եզակիություն։ Դրա մոտ մակընթացային ուժը, որը ձգում-երկարացնում է մարմինը ձգողության ուղղությամբ, ևս ձգտում է անվերջության ու «պատառոտում» չափեր ունեցով ամեն մի նյութական օբյեկտ։
1974-ին անգլիացի ֆիզիկոս Սթիվեն Հոուքինգը տեսականորեն ստացավ, որ սև խոռոչն, իրականում, չի կարող բացարձակ սև լինել․ այն պետք է ճառագայթի՝ շնորհիվ վակուումից անընդհատ ծնվող ու անհետացող աներևույթ մասնիկների։
Սև խոռոչում ժամանակը և տարածությունը փոխվում են դերերով, և դեպի ներս, սկզբնակետ ուղղված սֆերիկ կոորդինատները վերածվում են ժամանակի։ Հետևաբար, նույնքան դժվար է հետ դուրս գալ սև խոռոչից, որքան դժվար է ժամանակի մեջ հետ գնալ: Ժամանակի հոսքն անխուսափելիորեն ցանկացած դիտորդի կբերի դեպի ճառագայթային կոորդինատի ծագումը, որտեղ ժամանակն ավարտվում է (եզակիություն):
Ընդհանրացնելով ձևակերպենք սև խոռոչի ներքին կառուցվածքի վարկածներից ամենատարածվածը․ սև խոռոչի ներսում գտնվում է եզակիության կետը, դեպի որտեղ ձգվում են նրա շրջապատում ամեն ինչ, և որտեղ ավարտվում է ժամանակը։

en_US