Ճանաչման և բացահայտման ձգտումով մենք հասել ենք այս ճանապարհորդության ամենահետաքրքիր կետին, որտեղ արդեն սովորելու ենք, թե ինչպես որսալ երկնային հրաշքներին, ինչպես քաղել հնարավորինս լավագույնը աստղադիտման գիշերվա մի քանի ժամից:

Այսօր մենք միասին փորձելու ենք «դիտել» Լուսին, մոլորակներ, միգամածություններ, գալակտիկաներ, աստղակույտեր և, ինչու ոչ, գիսավորներ, չէ՞ որ մեր երևակայությունը սահմաններ չունի, իսկ մենք կարող ենք պատրաստվել, զինվել մեր գիտելիքով և սպասել հարմար պահի՝ երբ մեզ կայցելի հերթական գիսավորը:

Ճանապարհորդության այս կետին հասնելիս ենթադրվում է, որ մենք արդեն գտնվում ենք բաց, անամպ երկնքի տակ, ունենք համապատասխան պատրաստվածություն, ինչպես նաև մեր առաջին աստղադիտակը՝ մոտակա մի քանի ժամը գիշերային երկնքով հիանալու համար:

Եկեք սկսենք երևակայել, որ մեր ընտրած օրը կարող ենք դիտել ինչ ցանկանանք (իրականում այսպես չէ, եթե երկնքում կա Լուսին՝ հատկապես լիալուսնի փուլում, այն հիմնականում խանգարելու է դիտել թույլ լուսավորություն ունեցող օբյեկտների, ինչպես գալակտիկաների և միգամածությունների մեծ մասն են):

Տեխնիկապես կարելի է մեր խնդիրը բաժանել երկու մասի․ գտնել աստղադիտակի միջոցով այն օբյեկտները, որոնք անզեն աչքով կարելի է տեսնել և գտնել նրանք, որոնք չեն երևում:

Տեսանելի օբյկետների որս

Այս օբյեկտները կարելի է նույնիսկ քաղաքային լուսավորության ներքո տեսնել, քանի որ դրանք շատ պայծառ են: Դրանց թվում են Լուսինը և 5 պայծառ մոլորակները: Որպես սկսնակ սիրողական աստղագետ պետք է սկսել հենց տեսանելի օբյեկտներից: Այստեղ մեր խնդիրը շատ ավելի պարզ է և բարդ գործիքներ մեզանից չեն պահանջվի: Եկեք սկսենք ամենահեշտից՝ փորձենք գտնել մեծ և լուսավոր օբյեկտներ ապա գնալով ավելի բարդացնենք խնդիրը:

Լուսնի որս

Լուսինն ամենահեշտն է գտնել աստղադիտակի օգնությամբ, քանի որ այն բավականին մեծ է և պայծառ:

Լուսնի մահիկը Երևանից
Լուսնի մահիկը Երևանից

Սակայն նույնիսկ այդքան պայծառ օբյեկտ գտնելը կարող է դժվար լիներ, եթե չհետևենք մի քանի պարզ գործողությունների:

  • Կարգաբերեք աստղադիտակի նշանոցը, որի մասին արդեն խոսել ենք «Ինչպե՞ս օգտագործել աստղադիտակը» բլոգ-պոստում:
  • Օգտագործեք հնարավորինս փոքր խոշորացնող օկուլյարը. այն կօգնի մեծացնել աստղադիտակի տեսադաշտը և հեշտությամ գտնել Լուսնին։ Իսկ եթե չի ստացվում ամեն դեպքում տեսնել աստղադիտակի օկուլյարից, փորձեք դիտակը շարժել դեպի լույսի ուժեղացման ուղղությամբ:
  • Բերեք Լուսինը տեսադաշտի կենտրոն:
  • Ուղղեք աստղադիտակի ֆոկուսը այնպես, որ այն երևա լավագույնս ձեր աչքի համար:
  • Փորձեք ուրիշ օկուլյարներ. փոքր ֆոկուսային հեռավորությամբ օկուլյարը կօգնի ավելի խոշոր տեսնել ձեզ հետաքրքիր դետալները, սակայն հիշեք, որ այդպիսով փոքրանալու է տեսադաշտը:
    • Լուսնի դեպքում առավելագույն խոշորացումը, որի դեպքում այն դեռ կերևա ամբողջությամբ, մոտավորապես 50 անգամն է: Եթե օրինակ ձեր աստղադիտակի ֆոկուսային հեռավորությունը 1250 մմ է, ապա Լուսնին կարելի է սկսել նայել 25մմ օկուլյարից (1250/25 = 50x), ապա աստիճանաբար փոխել ավելի փոքր ֆոկուսային հեռավորությամբ օկուլյարներ՝ չմոռանալով չանցնել տվյալ դիտակի համար թույլատրելի առավելագույն խոշորացումը:
  • Օգտագործեք ֆիլտր. կախված, թե ինչ աստղադիտակ եք օգտագործում, Լուսնի որ փուլն է, ինչքան պայծառ է, ձեզ պետք է գալու Լուսնի ֆիլտր (տարբեր մաքրության ապակիներ կամ պայծառությունը կարգավորվող բևեռացուցիչ ֆիլտրեր), դա օգնում է թուլացնել լույսը, որպեսզի ձեր աչքի համար ավելի հարմար լինի դիտելը:
Լուսինը ֆիլտրով և առանց ֆիլտրի
Լուսինը ֆիլտրով ձախից և առանց ֆիլտրի աջից, ֆիլտրը ունի թեթև կանաչավուն երանգ
  • Եվ վերջում փորձեք լուսանկարել Լուսնին. իհարկե այս միտքը միանգամից է ձեզ մոտ գալու, երբ տեսնեք Լուսնի գեղեցկությունը աստղադիտակի միջոցով, սակայն դա այդքան էլ հեշտ չէ անելը: Սակայն, եթե հետևեք մի քանի խորհրդի, ապա մի քիչ փորձելուց հետո հեշտությամբ կստացվի սմարթֆոնով լուսանկարել Լուսինը․
    • Միացրեք սմարտֆոնի ֆոտոխցիկը, դրեք 1x ռեժիմում և հեռվից դանդաղ մոտեցրեք աստղադիտակի օկուլյարին
    • Օկուլարի մեջ կտեսնեք լուսավոր շրջան, մոտեցրեք այնքան, որ Լուսինը երևա ֆոտոխցիկից
    • Այս դիրքում բավական դժվար է հեռախոսը պահել ճիշտ հեռավորության վրա, դրա համար մի վախեցեք ձեռքի մյուս մասով «հենվել» աստղադիտակի օկուլյարին, որպեսզի ձեռքը հնարավորինս քիչ շարժվի:
    • Մյուս ձեռքով հպվեք էկրանին երևացող Լուսնին՝ ֆոկոսի բերելու համար, կամ կարող եք օգտագործել աստղադիտակի ֆոկուսացնող բռնակը և բերել իդեալական հստակ ֆոկուսի
    • Եթե հեռախոսը թույլ է տալիս, ապա լուսանկարեք ձայնային հրահանգով, որպեսզի հպվելուց ցնցումներ չառաջանան
Լուսնի լուսանկարումը աստղադիտակով
Ինչպես աստղադիտակից լուսանկարել Լուսինը սմարթֆոնի օգնությամբ
  • Մի՜ փորձեք, քանի որ ինչ-որ խոշորացումից հետո հեռախոսը փոխում է ուրիշ ֆոտոխցիկի, որը չի նայում օկույլային և դուք ոչինչ չեք տեսնի
  • Ու հիշեք, Երկիրը պտտվում է, և Լուսինը արագ տեսադաշտից դուրս է գալու, անհրաժեշտ է լուսանկարել արագ կամ ընթացքում ուղղել դիտակի դիրքը

Սակայն այստեղ կա ավելի հեշտ տարբերակ, կարող եք ձեռք բերել հատուկ հեռախոսի ադապտեր, որի օգնությամբ նկարելը շատ անգամ ավելի հեշտ է։

Մոլորակների որս

Մոլորակներից 5-ը (Մերկուրի, Վեներա, Մարս, Յուպիտեր, Սատուրն), ինչպես արդեն գիտեք, նույնպես շատ պայծառ օբյեկտներ են, սակայն նրանք երկնակամարում շատ ավելի փոքր են երևում: Պայծառ լինելը մեզ կօգնի հեշտությամբ ուղղել աստղադիտակը նշանոցի օգնությամ (կամ լազերի, ինչպես նկարագրված է մեր նախորդ հոդվածներից մեկում):

Եթե նշանոցը կետային է և չունի խոշորացում, հաճախ այն իդեալական չի կարգաբերվում աստղադիտակի հետ և հնարավոր է, որ նույնիսկ նշանոցը պահելով մոլորակի վրա միանգամից չգտնեք այն (այստեղ նույնպես հիշում ենք սկսել ձեր ամենաշատ տեսադաշտ ունեցող ու մեծ ֆոկուսային հեռավորություն ունեցող օկուլյարից), այդ դեպքում պետք է ուղղակի դիտակը թեթև տեղաշարժել աջ-ձախ, վերև-ներքև՝ մինչև որ պայծառ մոլորակը կհայտնվի տեսադաշտում: Կետային նշանոց օգտագործելիս հիշեք նաև, որ կարող եք փոփոխել դրա պայծառությունը, կախված թե ինչքան պայծառ օբյեկտի եք դիտում, այնպես որ այն երևա օբյեկտի ֆոնին:

Մոլորակներին փնտրելիս նախընտրելի է ունենալ օպտիկական նշանոց, քանի որ դրանց ունեն որոշակի խոշորացում (5-10x), որը մեծացնում է ճշտությունը ու շատ ավելի հեշտացնում օբյեկտներ գտնելը:

Մոլորակը գտնելուց հետո բերեք նրան տեսադաշտի կենտրոն, քանի որ

  • այնտեղ է, որ ունեք ամենաքիչ օպտիկական աղավաղումները․ գունային աղավաղումներ՝ ռեֆրակտորների, և կոմայի երևույթ հայելային աստղադիտակների մոտ,
  • կենտրոն բերելով է, որ կարող եք առանց օբյեկտը կորցնելու ավելի խոշորացնել այն։

Մոլորակները շատ ավելի գեղեցիկ են, եթե ավելի մեծ և պայծառ են երևում: Մոլորակը գտնելուց և կենտրոն բերելուց հետո փորձեք փոխել օկուլյարը՝ գնալով դեպի մեծ խոշորացումներ (փոքր ֆոկուսով օկուլյարներ): Մի փորձեք միանգամից դնել ամենաշատ խոշորացնող օկուլյարը, քանի որ կարող եք օբյեկտներին հեշտությամբ կորցնել տեսադաշտից:

Վեներան և Պլեադները լուսանկարված Նոյեմբերյանի շրջանից
Վեներան և Պլեադները լուսանկարված Նոյեմբերյանի շրջանից

Այժմ եկեք մի օրինակի վրա պարզ հասկանանք, թե ինչ հերթականությամբ փոխել օկուլյարները:

Մակ90 աստղադիտակ

Եկեք վերցնենք Մակ90 աստղադիտակը, որը իդեալական է մոլորակադիտման համար:

Այն ունի հետևյալ պարամետրերը՝

  1. Ֆոկուսային հեռավորություն։ 1250 մմ
  2. Մինիմում օգտակար խոշորացում։ 13x
  3. Մաքսիմում տեսական խոշորացում։ 180x

Այս աստղադիտակը իր հետ պատրաստի ունի հետևյալ օկուլյարները՝ 25 մմ, 10մմ, որոնք տալիս են 50 և 125 անգամ խոշորացում․ ենթադրենք ունենք նաև 15մմ և 7մմ օկուլյարներ:

Աստղադիտակի 3-րդ պարամետրից տեսնում ենք, որ այն ունակ է մինչև 180 անգամ խոշորացնել, այսինքն կարելի է օգտագործել մինչև 1250/180 ≈ 7մմ-ը: Կամ դրա փոխարեն կարելի է օգտագործել Բարլաու 2x ոսպնյակ՝ 15մմ օկուլյարով: Բարլաու 2x ոսպնյակ բազմապատկում է այն խոշորացումը 2x ով, որը ստացվում է տվյալ օկուլյարի դեպքում:

Այս օրինակում կվերցնեինք սկզբում 25մմ օկուլյարը և մեր որոնումները սկսեինք դրանով, այնուհետև գտնելուց և կենտրոն բերելուց հետո կտեղադրենք 15մմ-ը, ապա նորից մոլորակը կենտրոն բերելուց հետո կփոխենք կամ բարլաու + 15մմ, կամ 7մմ-ը:

Խոշորացումը մեծացնելուն զուգընթաց թե՛ պատկերն է ավելի թուլանում՝ նվազ գունավոր ու պայծառ դառնում, թե՛ սկսում է շատ ավելի արագ տեսադաշտից փախչել: Մի վախեցեք, ոչ ոք չի դիպչում դիտակին, այլ Երկիրն է պտտվում ;):

Պետք է անընդհատ կառավարման բռնակները պահել ձեռքերում և արագ նուրբ կառավարմամբ օբյեկտը բերել նորից կենտրոն:

Ֆիլտրեր*

Կան ֆիլտրեր որոնք կարող են օգնել, որպեսզի որոշ դետալներ մոլորակների վրա ավելի լավ տեսնենք, ներքևի աղյուսակից օգտվելով կարող ենք ընտրել, թե ինչ ֆիլտր օգտագործել, եթե ուզում եք կոնկրետ դետալ տեսել շատ ավելի հստակ:

ՖիլտրՕգտագորումը
#8 Բաց դեղինՆարնջագույն և կարմիր հատկանիշները Մարսի, Յուպիտերի Սատուրնի վրա
#11 Դեղին-կանաչԿապույտ և կարմիր հատկանիշները Յուպիտերի վրա
#15 Խորը դեղինԼուսնի վրա կոնտրաստի բարելավում, կապույտ լույսի արգելափակում
#21 ՆարնջագույնՅուպիտերի և Սատուրնի գոտիների հստակեցում
#23A Բաց կարմիրՓոշու ամպեր Մարսի վրա
#25 ԿարմիրՍառցե գլխարկները և Մարսի մակերեսը
#38 Մուգ կապույտԼուսնի առանձնահատկությունները և Կարմիր կետը Յուպիտերի վրա
#47 ՄանուշակագույնՎեներան և ամպերը Մարսի վրա
#56 Բաց կանաչՅուպիտերի և Վեներայի վրա ամպերի դետալները, Մարսի սառցե գլխարկները
#58 ԿանաչՄարսի սառցե գլխարկներ, ամպեր և փոշու փոթորիկներ
#80A Միջին կապույտԿարմիր բծը և գոտիները Յուպիտերի վրա
#82A Գունատ կապույտՑածր կոնտրաստ ունեցող հատկանիշները Յուպիտերի և Սատուրնի վրա

Ֆիլտրերի կիրառությունները

Անտեսանելի օբյեկտների որս

Իրական հետաքրքրությունը դիտողական սիրողական աստղագիտության հենց այս բաժնում է, որտեղ մեր ունեցած գործիքը օգնում է տեսնել այնպիսի բաներ, որոնք մենք և մարդկությունը չէր էլ կարող պատկերացնել, քանի դեռ ի հայտ չէին եկել տիեզերքը բացահատող գործիքները՝ աստղադիտակները: Առաջին հայացքից կարող է դժվար կամ վախենալու թվալ անզեն աչքով անտեսանելի օբյեկտներ փնտրելը, բայց մի վախեցեք, մենք միասին կսովորենք գտնել և կբացահայտենք դրանց գեղեցկությունը:

Իսկ որոնք են այն հետաքրքիր օբյեկտները, որոնք անտեսանելի են: Նախորդ բաժնում մենք խոսեցինք 5 մոլորակների մասին, սակայն դրանցից 2-ը՝ Ուրանն ու Նեպտունը, որոնք տեսանելի չեն անզեն աչքով, կարող են լինել շատ հետաքրքիր թիրախ որոնման համար:

Հաջորդ թիրախը սկսնակ սիրողների համար կարող են լինել Մեսսիեր օբյեկտները, որոնք 110-ն են, և տեսանելի են հյուսիսային երկնքում՝ այսինքն Հայաստանում նույնպես:

Չարզ Մեսսիերը, ով կազմել է այս ցանկը, փնտրում էր գիսավորներ, և գտնելով այս թույլ օբյեկտները պարզեց, որ դրանք չեն փոխում իրենց դիրքը տարբեր օրերին՝ այսինքն դրանք գիսավորներ չէին: Դրանց թույլ ամպի տեսք ունեցող օբյեկտներ էին, որոնց թվում են բազում գալակտիկաներ, բաց և ցրված աստղակույտեր, աստղասփյուռներ և միգամածություններ:

Մեսսիեր օբյեկտները
Մեսսիեր օբյեկտները

Այս բաժնում մենք կսովորենք ընդհանուր տեխնիկա, որը կօգտագործենք բոլոր «անտեսանելի» օբյեկտները գտնելուց, սակայն ամեն մի օբյեկտ իր գտնելու անհատական մոտեցումն ունի:

Եկեք նախ տեսնենք, թե որոնք են այդ տեխնիկաները, ապա մի քանի օրինակի վրա հասկանանք, թե ինչպես կիրառել դրանք:

Իհարկե այստեղ նույնպես կսկսենք մեր որոնումները առավել պայծառ օբյեկտներից, ապա կանցնենք ավելի թույլերին, որոնք ավելի դժվար են, ավելի շատ հմտություններ են պահանջում և ավելի մեծ տրամագծով աստղադիտակներ:

Աստղային ցատկ

Աստղային ցատկը (star hopping) դա թիրախներին գտնելու պրոցեսն է՝ օգտագործելով ճանաչելի երկնային պատկերներ: Ճանաչելի պատկերներ կարող են լինել համաստեղությունները, պայծառ աստղերը, մոլորակները: Պատկերացրեք, թե ուզում եք գտնել բևեռային աստղը (որը այդքան էլ պայծառ աստղ չէ), դրա համար գտնում եք Մեծ Արջը կամ Մեծ Շերեփը (որը ավելի հեշտ է գտնել քան Փոքր Արջը), այնուհետև Մեծ Շերեփի եզրի երկու աստղերը՝ Մերակ և Դուբհե, միացնում եք գծով և շարունակում եք 4 անգամ իրենց միջև հեռավորություն չափով, այդտեղ հանդիպած պայծառ աստղն էլ կլինի Բևեռային աստղը:

Բևերային աստղի դիրքի որոշումը
Ինչպես գտնել բևեռային աստղը Մեծ Արջի օգնությամբ

Այստեղ մենք փորձեցինք գտնել ուղղորդիչ գիծ՝ երկու պայծառ աստղերով կազմված, որը մեզ օգնեց դրա երկայնքով գտնել ավելի թույլ երևացող օբյեկտ: Ահա սա է այն հիմնական տեխնիկան, որը մենք կօգտագործենք գտնելու «անտեսանելի» օբյեկտները:

Մի քանի պարզ քայլերով ընդհանրացնենք տեխնիկան․

  • աստղային քարտեզի կամ Ստելլարիումի օգնությամբ գտեք այն տեղը, որտեղ մեր թաքնված գանձերն են գտնվում,
  • դրանց շրջակայքում փնտրեք պայծառ աստղեր, հայտնի պատկերներ՝ համաստեղություններ,
  • փորձեք կազմել ուղղորդիչ գծերը՝ այս աստղերից հեռավորության չափով 3 անգամ դեպի մյուս աստղը, 2 անգամ դեպի ներքև և այլն
  • ապա հիշելով դա փորձեք գտնել գիշերային երկնքի վրա պայծառ ուղղորդիչներին. սա կարող է ոչ տրիվիալ լինել, քանի որ կախված թե ինչ լուսավորվածությամբ տարածքում եք (կամ թեթև ամպամածության պատճառով) հնարավոր է չտեսնեք ձեր ընտրած ուղղորդիչներին, կամ հակառակը՝ եթե ձեր բախտը բերել է ու շատ մութ տեղում եք, այնքան պայծառ աստղեր տեսնեք, որ չկողմնորոշվեք որն է ձեր փնտրածը
  • ուղղեք աստղադիտակը դեպի մոտավոր այդ հատված
  • սկսեք փնտրել զիգզագային մոդելով, աստղադիտակը աջ-ներքև ձախ-ներք և այդպես շարունակ շարժելով ու նայելով օկուլարից
Օբյեկտը փնտրելու ալգորիթմի օրինակ
Օբյեկտը փնտրելու ալգորիթմի օրինակ
  • Եթե ունեք երկրորդ «օդաչու», ապա ձեր ընկերը կարող է նայել նշանոցով, երբ դուք փնտրում եք օկուլյարով, այդպիսով կարող եք փնտրվող տարծքի շուրջ պտույտներ գործել մինչև որ գտնեք այն,
  • զինվեք համբերությամբ և շատ փորձեք. սկզբում գուցե չստացվի կամ գտնեք և չնկատեք օբյեկտը՝ սխալ սպասումեր ունենալով, մի հանձնվեք և շարունակեք փորձել, դիտողական աստղագիտության հաճույքը հենց դրանում է՝ փնտրելով և գտնելով:

Մի քանի օրինակներ

Սկսենք պայծառ միգամածություններից՝ Օրիոնի միգամածություն կամ Մեսսիեր կատալոգում M42, Անդրոմեդա գալակտիկա (M31), ապա ավելի թույլ M81 M82 գալակտիկաներ:

Օրիոնը ձմեռային և գարնանային երկնքի ամենապայծառ և ամենաչքնաղ միգամածություններից մեկն է (այն նույնիսկ կարելի է նկատել անզեն աչքով), այնտեղ տեղի է ունենում ակտիվ աստղառաջացում, միգամածության փոշու և ամպերի հետևում բազմաթիվ աստղեր պայծառացնում են իրենց լույսով՝ դարձնելով այն փոքր աստղադիտակով տեսանելի նույնիսկ քաղաքային լուսավորության պայմաններում:

Օրիոն միգամածություն
Օրիոն միգամածություն։ Ձախից՝ ինչպես այն կտեսնի մեր աչքը, աջից՝ ինչպես այն կերևա, եթե լուսանկարենք

Ցավոք մեր աչքերը ունակ չեն տեսնել թույլ լուսավորված առարկաների գույները, դա կարող եք նկատել, երբ աղջամուղջին սկսում եք վատ տեսնել գույները: Դրա պատճառով մենք միգամածություններն ու գալակտիկաները տեսնելու ենք անգույն և թույլ ամպի տեսքով:

Իսկ ինչպե՞ս գտնել այն: Օրիոնի համաստեղությունը բավականին հեշտ է գտնել գիշերային երկնքում, այն ունի բավականին պայծառ աստղեր՝ Բետելգեյզեն, Բելատրիքսը, Ռիգելը և Սաիֆը: Տարբերվում է նաև իր գոտով․ երեք պայծառ աստղերը, որոնց ներքևում էլ հենց գտնվում է միգամածությունը: Կարող եք միացնել Բետելգեյզեն և Բելատրիքսը գծերով Օրիոնի գոտուն և շարունակել՝ մինչև որ հատվեն․ հենց այդ մասում էլ կտեսնեք միգամածությունը:

Կան նաև միգամածության վրա պայծառ աստղեր, որոնք կոչվում են Օրինոի տրապեցիում, քանի որ երեք պայծառ աստղ կա հենց միգամածության սրտում:

Օրիոն (M42) միգամածությունը Օրինոնի համաստեղությունում
Օրիոն (M42) միգամածությունը Օրինոնի համաստեղությունում։ Խոշորացված պատկերը ստացվել է հետևալ կոնֆիգուրացիայով․
Աստղադիտակ: Մակ90 f/13.8, օկուլյար ES 30մմ (100°), Ֆոկուսային հեռավորություն 1250մմ, Խոշորացում: 41x

Նկարում պատկերված կարմիր օղակները ցույց են տալիս տարբեր խոշորացման դեպքում երկնքի ինչքան հատված կտեսնենք օկուլյարի մեջ, փոքր շրջանը ցույց է տալիս 100 անգամ խոշորացված երկնքի տեսադաշտը, մյուսը՝ 25 և 12.5 * (այս գործիքը անհրաժեշտ չէ սկսնակներին, բայց բավականին հեշտացնում է աստղային ցատկը)։

Տելրադ
Տելրադ

Անդրոմեդա գալակտիան գտնելու մեթոդին մանրամասն անդրադարձել ենք մեր հետևյալ բլոգ փոստում:

Եկեք փորձենք գտնել մի հրաշք երկյակ գալակտիկաներ, իսկ այս ձեր սովորածը արդեն կարող եք կիրառել Մեսսիեր մնացած օբյեկտները գտնելու մեջ:

M81 M82 գալակտիկաները շատ պատկերավոր մի պատկերում ցույց են տալիս, թե ինչպիսի տեսք ունեն գալակտիկաները․ մի կողմից ափսեի պես տափակ, մյուս կողմից սպիրալաձև բացված:

M81 և M82 գալակտիկաները
M81 M82 լուսանկարված Արագածից (առաջին երկուսը), և նույն գալակտիկաները եթե դիտեինք աստղադիտակից

Այս գեղեցիկ տեսարանը գտնելու համար անհրաժեշտ է նորից գնալ դեպի Մեծ Արջ և միացնել Արջի ներքևի աստղերը դեպի անկյունագծային աստղերին (ավելի պատկերավոր նկարում ցույց է տրված կետագծերով):

M81 M82-ի դիրքը Մեծ Արջի նկատմաբ
M81 M82-ի դիրքը Մեծ Արջի նկատմաբ

Փորձեք օգտագործել այս մոտեցումը և գտնել հետևալ Մեսսիեր օբյեկտնները, որոնք հիմա երևում են այս պահին ամառային երկնքում և բավականին պայծառ են թույլ աստղադիտակով գտնելու համար:

M51(Վայրփուլ), M65, M66, Լեո M20 (Տրիֆտ), M8(Լագուն)  գալակտիկաները
M51(Վայրփուլ) M65 M66 Լեո M20 (Տրիֆտ) M8(Լագուն)

Փորձեք գտնել նաև այս պայծառ միգամածությունները․ M16, որտեղ գտնվում է հանրահայտ Արարման Սյուները, M57 Օղակ միգամածություն, M27 Գանտել միգամածություն, M95, M96, M105 Լեո տրիպլետ և մնացած օբյեկտները, որոնք թողնում ենք ձեր հետաքրքրությանն ու պրպտելու ունակությանը:

Ահա և այսքանն էր մեր ճամփորդությունը սկսնակ աստղասերների համար, մենք այսօր սովորեցինք, թե ինչպես աստղադիտակի օգնությամբ կարող եք բացահայտել տիեզերքի գաղտնիքները և ականատես լինել այնպիսի տեսարանների որոնցից մարդու շունչը կարող է կտրվել: Ձեզ մաղթում են ուրախ տիեզերական որս:

Այս շարքի ստեղծմանը աջակցել է «Նոյեմբերյան համայնքի ղեկավարին կից կանանց և երիտասարդների խորհրդակցական մարմին» կազմակերպությունը՝ «Աստղերը մեզ հետ են» ծրագրի շրջանակներում:

Այս նյութերն օգտագործվելու են որպես համայնքում տիեզերագիտական խմբակի գործնական նյութեր:

  1. Այս բաժինը մի փոքր դուրս է սկսնակների շրջանակից: ↩︎
en_US