Հետևո՞ւմ եք աստղադիտակների էվոլյուցիային։ Այս բլոգում կծանոթանանք ժամանակակից աստղադիտակներից Դոբսոնյան աստղադիտակի հետ, որը մեզ արդեն ծանոթ աստղադիտակների նկատմամբ զգալի առավելություններ ունի։
Նկարում ամերիկացի աստղասեր Ջոն Դոբսոնն է, և ինչպես արդեն կռահեցիք՝ Դոբսոնյան աստղադիտակը հենց իր ձեռքի գործն է, որը հեղափոխություն արեց աստղադիտակների ոլորտում։ Բանն այն է, որ մեծ տրամագիծ ունեցող աստղադիտակները բավականին թանկարժեք էին և ոչ հասանելի։ Տիեզերական օբյեկտները, հատկապես խորը տիեզերական օբյեկտներն ուսումնասիրելու համար անհրաժեշտ է ունենալ համեմատաբար մեծ տրամագծով աստղադիտակներ, որոնք նախկինում առավելապես հասանելի էին միայն պրոֆեսիոնալ աստղագետներին։
Սակայն, հանճարեղ սիրող աստղագետ Ջոն Դոբսոնն առաջարկեց նյուտոնյան աստղադիտակների այնպիսի կառուցվածք, որը նոր հնարավորություններ բացեց սիրող աստղագետների համար։ Դոբսոնը նախ ցույց տվեց, որ նյուտոնյան աստղադիտակի հայելիները, որոնք բավականին թանկարժեք են իրենք հատուկ ֆորմայի հաշվին, հնարավոր է հղկել ինքնուրույն՝ առանց որևէ սարքի։ Պարզապես անհրաժեշտ է հատուկ տեխնիկայով հայելիները շփել իրար՝ տաշել։ Բացի այդ, մեծ առավելություն ուներ նաև Դոբսոնի ստեղծած տեղակայման համակարգը, որը նույնիսկ կարելի էր պատրաստել հասարակ փայտից և խուսափել ավելորդ ծախսերից։ Տեղակայման համակարգի պարզությունից դեռ կխոսենք։
Ջոն Դոբսոնը սիրողական աստղագիտության մեջ նաև հիմք դրեց մայթերի աստղագիտության (Sidewalk astronomy) կոչվող մշակույթին։ Դրա յուրահատկությունը կայանում է նրանում, որ ի տարբերություն բոլորին ծանոթ՝ քաղաքից դուրս մութ վայրերում կազմակերպվող աստղադիտումներին, դրանք այժմ կազմակերպվում էին ավելի մարդաշատ վայրերում՝ քաղաքի կենտրոնական հրապարակներում, նպատակ ունենալով ավելի շատ մարդկանց ներգրավել աստղադիտմանը։ «Մայթերից» աստղադիտումների ժամանակ, այնուամենայնիվ, լուսային աղտոտվածության պատճառով հիմնականում դիտում են Լուսնին, որոշ մոլորակներ, իսկ ցերեկը՝ Արևին (չմոռանա՛ք, միայն հատուկ ֆիլտրով)։
Մի խոսքով, Դոբսոնյան դիտակը մեծ հնարավորություն էր սիրող աստղագետների համար և թույլ էր տալիս նրանց զբաղվել տիեզերական օբյեկտների խորը հետազոտությամբ։
Եվ այսպես, հարմար տեղավորվեք, գնում ենք Դոբսոնի ձեռքի աշխատանքը գնահատելու։
Ի՞նչ է Դոբսոնյան աստղադիտակը
Դոբսոնյանը, կամ ինչպես այն հետագայում կարճ կանվանենք՝ Դոբը, ալտազիմուտային տեղակայման համակարգով աստղադիտակ է։ Ինչպես արդեն նկարից հասկացաք, այն ի տարբերություն մյուս աստղադիտակների, չունի աստղադիտակի կարևոր մասերից մեկը՝ եռոտանին, որի շնորհիվ դիտակները կանգնում են գետնին։
Դոբն ունի ավելի ամուր, արկղաձև հենարան, որը թույլ է տալիս խուսափել լրացուցիչ տատանումներից և կարողանում է ամուր պահել մեծ չափերի գոգավոր հայելին, որին քիչ անց կծանոթանանք։
Տեղակայման համակարգ
Սկսենք Դոբի տեղակայման համակարգից։ Ինչպես բոլոր ազիմուտային տեղակայման համակարգով դիտակները, Դոբը նույնպես պտտվում է վերև-ներքև (հորիզոնականից ուղղահայաց) և աջ-ձախ (360 աստիճան պտույտ հորիզոնի նկատմամբ կամ ազիմուտի փոփոխություն), որոնք սխեմատիկորեն ներկայացված են ստորև նկարում։
Որպես դիտակի անշարժ հենարան ծառայում է ամենաներքևի քառանկյուն հիմքը, որը նույնպես նշված է նկարում (մոխրագույն հատվածը)։ Մուգ կապույտով նշված արկղաձև հիմքը նույնպես հենարան է, սակայն շարժական, և ապահովում է դիտակի պտույտը աջ-ձախ ուղղություններով։ Իսկ կարմիրով նշված հատվածն ապահովում է պտույտը վերև-ներքև ուղղություններով։
Արդեն հասկացանք, թե ինչպես է Դոբը ամուր կանգնում գետնին, և թե ինչպես պետք է այն պտտենք ու ուղղենք դեպի ցանկալի օբյեկտը։ Ինչպես տեսնում եք, արտաքին մասի աշխատանքի սկզբունքը պարզ է և հասկանալի։
Դիտախողովակ
Անցնենք ներսին՝ դիտախողովակին։ Դիտախողովակի աշխատանքի սկզբունքը նույնպես պարզ է՝ պարզ և հանճարեղ։ Գլխավոր դերում երկու հայելիներն են՝ մեծ և փոքր․ մեծ հայելին անվանում են առաջնային հայելի, փոքրը՝ երկրորդային։
Դոբի դիտախողովակի դիմացի փողը բաց է, որտեղից էլ հեռավոր օբյեկտից լույսի զուգահեռ ճառագայթներն ընկնում են դիտախողովակի մեջ և պատերին զուգահեռ հասնում ներքևում տեղադրված փոքր կորություն ունեցող գոգավոր առաջնային հայելուն, որը գտնվում է դիտախողովակի ներքևի հատվածում։
Եթե առաջնային հայելին լիներ հարթ, ապա լույսի ճառագայթը նույն հետագծով հետ կգնար։ Այսինքն զուգահեռ ընկած փունջը զուգահեռ էլ հետ կգնար և մենք ոչինչ չէինք տեսնի: Իսկ եթե հայելին կորություն ունենա դեպի ներս՝ գոգավոր լինի, ապա ընկող ճառագայթը կանդրադառնա անկյան տակ։
Օպտիկայում գործում է լույսի անդրադարձման օրենք։ Եկեք միասին այն հասկանանք, որպեսզի բացատրենք լույսի ճառագայթների այսօրինակ ընթացքը։
Լույսի ճառագայթն ընկնելով հարթ հայելու վրա, անդրադառնում է այնպես, որ ընկնող ճառագայթի և անկման կետում կանգնեցված ուղղահայացի կազմած անկյունը հավասար է լինում անդրադարձած ճառագայթի և ուղղահայացի կազմած անկյանը։ Փորձենք ավելի մանրամասն բացատրել այդ օրենքը։
Ենթադրենք ունենք հարթ հայելի, որի վրա անկյան տակ լույսի ճառագայթ է ընկնում։
Ըստ լույսի անդրադարձման օրենքի, ընկնող ճառագայթը հարթ հայելուց այնպես է անդրադառնում, որ անկման և անդրադարցման անկյուններն իրար հավասար են լինում․ անկման անկյունը հավասար է լինում անդրադարձման անկյանը։
Եթե հայելու մակերեսը հարթ չի լինում, ապա տեղի է ունենում լույսի ցրում։
Իսկ եթե հայելու մակերևույթը համաչափ գոգավոր է լինում, ապա լույսի զուգահեռ փունջն անդրադառնում է այնպես, որ այն հավաքվում է մի կետում, որը կոչվում է կիզակետ (F)։
Այսպիսով, ընկնելով առաջնային հայելու վրա, լույսն անդրադառնում և ֆոկուսանում է երկրորդային հայելու վրա, որն արդեն հարթ հայելի է, և տեղակայված է դիտախողովակի դիմացի մասում՝ 45 աստիճան անկյան տակ։ Իսկ ի՞նչ հեռավորության վրա է դրվում երկրորդային հայելին։
Երկրորդային հայելին դրվում է առաջնային հայելու կիզակետից մի փոքր ներս։ Այսինքն կիզակետային հեռավորությունից փոքր հեռավորության վրա։ Սակայն կարևոր է նշել, որ այդ հեռավորությունը քիչ է տարբերվում կիզակետային հեռավորությունից։
Հարթ հայելու վրա լույսի անդրադարձման սկզբունքին արդեն ծանոթ ենք։ Նույն սկզբունքով 45 աստիճան թեքության տակ դրված երկրորդային հայելուց անդրադարձած լույսի ճառագայթներն ընթանում են դեպի օկուլյար, որտեղից նայում ենք մենք։
Օկուլյարի ներսում գտնվում է հավաքող ոսպնյակ։ Հավաքող ոսպնյակը երկուռուցիկ ապակի է, որով անցնող լույսի զուգահեռ փունջը հավաքվում է մի կետում՝ կիզակետում։
Այս նկարում պատկերված է ճառագայթների ընթացքը մի ուղղությամբ։ Հավաքող ոսպնյակում ճառագայթների ընթացքը շրջելի է։ Դա նշանակում է, որ եթե կիզակետից դեպի ոսպնյակ ընթանան կիզակետից ցրվող ճառագայթներ, ոսպնյակով անցնելուց հետո դրանք կընթանան զուգահեռ։
Այս ամենը անհրաժեշտ է մեզ նրա համար, որպեսզի հասկանանք, թե որտեղ պետք է տեղադրվի օկուլյարը։ Մեր աչքին պետք է հասնի զուգահեռ ճառագայթ, իսկ երկրորդային հայելուց անդրադարձած ճառագայթները հավաքվում են։ Հետևաբար, պետք է երկրորդային հայելին ու օկուլյարն այնպես տեղադրել, որ երկրորդային հայելուց անդրադարձած ճառագայթները հավաքվեն օկուլյարի ոսպնյակի կիզակետում, որից հետո ցրվելով հասնեն ոսպնյակին և զուգահեռ ընկնեն մեր աչքի վրա։
Ի՞նչ նայել Դոբով
Նախ պետք է նայել Դոբին, հիանալ, նոր անցնել Դոբով նայելուն։
Արդեն հասկացանք Դոբի աշխատանքի սկզբունքը։ Ժամանակն է հասկանալու, թե ինչ օբյեկտների կարող ենք նայել Դոբսոնյան դիտակով։ Չէ՞ որ դրանում է կայանում յուրաքանչյուր դիտակի առավելությունը։
Առհասարակ՝ այն, թե ինչ կարող ենք նայել դիտակով գլխավորապես կախված է դրա չափերից:
🌘 8-15 սմ օբյեկտիվի տրամագիծ ունեցող դիտակները հարմար են Լուսնի դիտումներ անելու համար,
🪐 մոլորակներ նայելու համար պետք է ավելի մեծ դիտակ՝ 15 սմ տրամագծից սկսած։ Սրանք շատ լավ են աշխատում քաղաքից դիտումների համար:
🌌Բայց եթե ուզում եք տեսնել խորը տիեզերական օբյեկտներ՝ գալակտիկաներ, միգամածություններ և այլն, ապա պետք է օգտագործեք 20սմ և ավելի տրամագծով դիտակ: Նայել դրանով նույնն է, ինչ ունենալ 2 մետր տրամագծով ակնագունդ՝ 20 սանտիմետր բբերի բացվածքով:
SpaceShop42-ը հանդիսանալով Հայաստանում աստղադիտակների միակ մասնագիտացված առցանց խանութը, չէր կարող չունենալ Դոբսոնյան աստղադիտակ։ Եկեք ցանոթանանք մեր երկու Դոբերի հետ։
Այս Դոբերն ունեն նաև շատ մեծ առավելություն․ դրանք ամբողջությամբ քանդվում և հետ են հավաքվում, որը հնարավորություն է տալիս այն շատ հեշտությամբ տեղափոխել։
Պարզ, բայց արդյունավետ մեխանիզմների հնարամիտ համադրությամբ հնարավորինս մեծ բացվածքով այս Դոբսոնյան աստղադիտակները դիտողին հնարավորություն են տալիս տեսնել խորը տիեզերական (Deep Sky) օբյեկտները: Ոչ մի այլ դիտակով ավելի շատ տիեզերական լույս չեք հավաքի ձեր գումարի դիմաց, որքան լավ դոբսոնյան գնելիս:
Այս Դոբերը իդեալական տարբերակ են խորը տիեզերական օբյեկտները (գալակտիկաներ, միգամածություններ) ուսումնասիրելու համար, հատկապես 406մմ տրամագծով առաջնային հայելի ունեցող Դոբսոնյանը։
406մմ տրամագծով հայելին 2400 անգամ, իսկ 254 մմ տրամագծով հայելին 1792 անգամ ավելի շատ լույս է հավաքում, քան անզեն աչքը: Դե իսկ մոլորակների և խորը երկնքի օբյեկտների դետալները տեսանելի կլինեն նույնիսկ անփորձ դիտորդների համար:
Դե ինչ, եթե դու էլ այսուհետ Դոբի սիրահար ես, ապա շտապիր գտնել քո Դոբսոնյանին: ))