Նախորդ գրառման ժամանակ խոսեցինք աստղադիտակի մասերից, կառուցվածքից և օգտագործման ընդհանուր կանոններից։ Իմացանք , թե ինչ կա երկնքում, ինչ է իրանից ներկայացնում աստղադիտակը, և թե ինչեր կարող ենք բացահայտել Արեգակնային համակարգում՝ աստղադիտակի օգնությամբ։

Այժմ սովորենք, թե ի՞նչպես օգտագործել աստղադիտակը, ի՞նչպես կարգաբերել այն և էֆեկտիվ աստղադիտում անել:

Արդեն ունեք տեսական գիտելիքներ և ծանոթ եք աստղադիտակի հիմնական մասերին, սակայն մինչ գիշերային երկնքի հրաշքներն ուսումնասիրելը, անհրաժեշտ է դիտակից օգտվելու փորձ ձեռք բերել։

Քանի որ աստղադիտումը գիշերն են անում (եթե Արևին չեք դիտում) և մթության մեջ մի փոքր դժվար է գտնել աստղադիտակի տեղակայման համակարգի պտուտակները, ավելի ճիշտ կլինի աստղադիտակից օգտվել սովորեք ցերեկը։

Բայց հիշեք, երբեք չի կարելի աստղադիտակով առանց լրացուցիչ ֆիլտերի օգնության նայել Արեգակին։ Այն միանգամից կհանգեցնի տեսողության կորստի։

Արեգակին նայել միայն ֆիլտրով
Նույնիսկ անզեն աչքով Արեգակին բավական երկար նայելը կարող է վնասել տեսողությունը

Անվտանգության նկատառումներից ելնելով սկզբում աստղադիտակի կափարիչը փակ պահեք։

Աստղադիտակի հավաքելը

Աստղադիտակից օգտվելու համար նախ պետք է այն հավաքել։

Տուփից հանեք դիտախողովակը, տեղակայման համակարգը և անհրաժեշտ աքսեսուարները (օկուլյարներ, անկյունային անդրադարձից, նշանառության համակարգ, հակակշիռ, եթե օգտագործում եք գերմանական հասարակածային տեղակայման համակարգ)։

Դիտախողովակը տեղադրելուց առաջ անհրաժեշտ է հավաքել տեղակայման համակարգը և ստուգել նրա ամրությունը։

Հիշեք, որ պտուտակները պետք է ձգել ոչ շատ ձիգ, այլ այնքան, որ ֆիքվսեն անրաժեշտ մասերը։

Ազիմուտային տեղակայման համակարգ
Ազիմուտային տեղակայման համակարգը` հավաքված վիճակում

Ոտքերի բարձրությունը կարող եք կարգավորել ըստ ձեր հարմարության։

Աստղադիտակը՝ դիտախողովակը, տեղադրելուց առաջ համոզվեք, որ տեղակայման համակարգի ոտքերը ֆիքսված են և չեն տեղաշարժվում։

Այնուհետև տեղադրեք աստղադիտակը համապատասխան մասում և նուրբ ձգեք պտուտակները։ Աստղադիտակը տեղադրելիս այն ամրացրեք այնպիսի դիրքում, որ պահպանի հավասարակշռությունը՝ չշարժվի։ Այդ դիրքը հեշտությամբ գտնելու համար կարող եք աստղադիտակը հետ ու առաջ տանել՝ հասկանալով որն է նրա ծանրության կենտրոնը, և այդ դիրքը նրբորեն ֆիքսեք պտուտակներով։

աստղադիտակի պտուտակները
Պտուտակները նրբորեն ձգելով աստղադիտակը ֆիքսվելու է։

Համոզվեք, որ աստղադիտակն ամրացված է և չի ընկնի, եթե այն բաց թողնեք։

Տեղադրեք օկուլյարը և անկյունային անդրադարձիչը, եթե այն առկա է։

Որպեսզի առաջին փորձի ժամանակ հեշտ լինի կառավարել աստղադիտակը, փնտրել և գտնել օբյեկտներ, օգտագործեք մեծ ֆոկուսային հեռավորությամբ օկուլյարը, որպեսզի խոշորացումը փոքր լինի։

Փոքր խոշորացման դեպքում տեսադաշտն ավելի մեծ կլինի, և հեշտությամբ հետաքրքրող օբյեկտը կպահեք տեսադաշտում։ Այս հնարքը կարող եք օգտագործել նաև գիշերային օբյեկտներ որսալիս։

Այսպիսով, աստղադիտակի բոլոր մասերը հավաքված են և աստղադիտակը պատրաստ է օգտագործման։ Փորձեք շարժել աստղադիտակը կառավարման պտուտակների և բռնակի օգնությամբ։

Փորձեք հիշել, թե որ պտուտակը որտեղ է գտնվում և որ ուղղությամբ է շարժում աստղադիտակը։ Գիշերային դիտման ժամանակ այս ցերեկային վարժանքը կօգնի ավելի հեշտ ու արագ կառավարել աստղադիտակը՝ մթության պայմաններում։

Եթե ստացվեց շարժել աստղադիտակը, ուղղեք այն որևէ երկրային օբյեկտի ուղղությամբ՝ օրինակ ծառ կամ էլեկտրասյան։

Օբյեկտին նայեք օկուլյարից։

remove before flight
Ինչ կերևար ուղեծրային աստղադիտակից, եթե թռիչթից առաջ մոռանային հանել նրա կափարիչը․ remove before flight (հանել թռիչքիչ առաջ)

Ախ հա՜, չենք մոռանում հանել կափարիչը, որպեսզի նայենք ծառին (կամ էլեկտրասյանը)։

 թռչունը` 40 անգամ խոշորացնող աստղադիտակով
Ծառի վրայի թռչունը` 40 անգամ խոշորացնող աստղադիտակով

Աստղադիտակի ֆոկուսացումը

Աստղադիտակը ֆոկուսացրեք՝ պտտելով ֆոկուսացնող պտուտակն այնքան, քանի դեռ հստակ պատկեր չեք տեսնում։

Պատկերը ֆոկուսացնելուց հետո կարող եք տեսնել մոտակա ծառը և նրա բնակիչներին։

Հիշեք, որ աստղադիտակի պատկերի ֆոկուսացումը կախված է նաև օբյեկտի հեռավորությունից․ աստղադիտակով շատ մոտ օբյեկտների ֆոկուսացված պատկեր ստանալ հնարավոր չէ։

Մոտակա և հեռակա օբյեկտների ֆոկուսացված պատկեր ստանալու համար պետք է փոփոխել աստղադիտակի ֆոկուսային հեռավորությունը՝ պտտելով ֆոկուսացնող պտուտակը։ Օրինակ, 1 կմ և 10 կմ հեռավորությունների վրա գտնվողներ օբյեկտներին կհամապատասխանի տարբեր ֆոկուսային հեռավորություններ՝ ֆոկուսացումներ։

Բացի այդ, ֆոկուսացման չափը կախված է նաև դիտորդի տեսողությունից․ որևէ պատկերը, որը հստակ է (ֆոկուսացված է) նորմալ տեսողություն ունեցող դիտորդի համար, կարող է տեսողության խնդիր ունեցող մարդու համար ֆոկուսից դուրս լինել։ Խորհուրդ է տrվում աստղադիտակով նայել և կարգավորել ֆոկուսն առանց ակնոցների (եթե չունեք աստիգմատիզմ), քանի որ լրացուցիչ օպտիկական կարող է պատկերի որակը դեգրադացնել։

Ցերեկային դիտումից հետո գիշերը փորձարկելու ժամանակ աստղադիտակը բավականին ֆոկուսից դուրս կլինի։ Երկնային օբյեկտները դիտելու համար աստղադիտակը ուղղեք կամայական աստղի ուղղությանբ և պտտեք ֆոկուսային պտուտակն այնքան , քանի դեռ աստղը որպես կետ չի երևում։ Երբ տեսնեք հնարավոր ամենափոքր կետը , ուրեմն աստղադիտակը ֆոկուսացված է։

Ֆոկուսից դուրս աստղի պատկերը՝ նյուտոնյան աստղադիտակով
Ֆոկուսից դուրս աստղի պատկերը՝ նյուտոնյան աստղադիտակով․ մեջտեղի սև մասն իրականում աստղադիտակի երկրորդային հայելին է

Ինչպես գտնել փոքր օբյեկտները աստղադիտակով կամ աստղադիտակի նշանոցի կարգաբերումը

Գիշերային, ինչպես նաև ցերեկային դիտումների ժամանակ շատ կարևոր է իմանալ, թե կոնկրետ որ ուղղությամբ ուղղել աստղադիտակը։

Աստղադիտակը հեշտությամբ կարող եք ուղղել դեպի մոտակա ծառը, սակայն եթե ուզում եք ուղղել մոտ 2 կմ-ի վրա գտվող բարձրահարկ շենքի տանիքի հեռուստաաշտարակին, գործը բարդանում է։ Ինչպե՞ս գտնել հենց այդ շենքը՝ բազմաթիվ նմանատիպ շենքերից։

Sarblue Mak60 աստղադիտակով նկարված պատկեր
Պատկեր՝ նկարված Sarblue Mak60 աստղադիտակից։

Կամ ինչպես գիշերային երկնքում աստղադիտակն ուղղել գեղեցկուհի Սատուրնի ուղղությամբ։

Այս դեպքում, եթե աստղադիտակն ուղղեք դեպի ցանկալի օբյեկտը և փորձեք նայել օբյեկտին օկուլյարից, կտեսնեք, որ ոչինչ չի երևում։

Բանն այն է, որ ցանկացած օկուլյարի դեպքում խոշորացումը բավականին մեծ է, որը թույլ չի տալիս ծառի (մոտ օբյեկտների) օրինակով աստղադիտակը միանգամից ուղղել հեռու՝ հատկապես երկնային, օբյեկտին ու պահել տեսադաշտում։

Այս խնդիրը լուծելու և նույնիսկ ոչ նշմարելի օբյեկտները գտնելու համար կան հատուկ սարքեր ու տեխնիկաներ։

Այդպիսի սարքերից արդեն ծանոթացել եք խոշորացնող և լազերային նշանոցին։

Սակայն ինչպես պետք է ճիշտ օգտագործել այն։

Որպես օրինակ դիտարկենք լազերային նշանոցը։

Նշանոցը պետք է տեղադրել աստղադիտակի վրա համապատասխան տեղում։

Միացնել լազերը, այն նշանոցի մեջտեղում ցույց կտա կարմիր կետ։

Եթե նշանոցը կարգաբերված է (մի անհանգստացեք, հաջորդ գլխում կխոսենք այն կարգաբերելու մասին), ապա այն ուղղելով որևէ հեռավոր օբյեկտի վրա՝ օրինակ շենքի կտուրին, կարմիր կետին համապատասխանող հատվածն աստղադիտակով նայելիս պետք է երևա ուղիղ մեջտեղում։

Քանի որ նշանոցը կամ չունի խոշորացում ( լազերայինի դեպքում ), կամ ունի փոքր խոշորացում, նրա տեսադաշտն ավելի մեծ է, հետևաբար ավելի հեշտ է նրանով կողմնորոշվել ու ուղղել դեպի օբյեկտը՝ ճիշտ ուղղությամբ։

նույն պատկերը՝ տարբեր խոշորացումներով
Տարբեր խոշորացումներով նույն օբյեկտին նայելիս․ 4x-ի դեպքում շատ ավելի հեշտ կլինի տարբեր տներից ընտրել կոնկրետ այն տունը, որին ուզում եք ավելի մանրամասն դիտել

Սակայն ճիշտ ուղղությամբ ուղղելը բավարար չէ, քանի որ շատ ավելի մեծ խոշորացումների դեպքում աստղադիտակի թեկուզ չնչին շեղման դեպքում օբյեկտին չեք տեսնի (այդ պատճառով միշտ աստղադիտակը փորձարկելիս կամ գիշերային երկնքում լուսատուներ որսալիս խորհուրդ է տրվում առաջինն օգտագործել փոքր խոշորացում ապահովող օկուլյարը․ երբ կարողանաք պատկերը որսալ, կարող եք մեծացնել խոշորացումը)։

Դրա պատճառով, երբ օբյեկտը կարմիր կետի վրա է, աստղադիտակից նայելիս այն պետք է լինի նաև տեսադաշտի կենտրոնում։ Այս դեպքում կասենք որ նշանոցը կարգաբերված է։

Ինչպես կարգաբերել նշանոցը

Նշանոցը ցերեկը կարգաբերելը միշտ ավելի հեշտ է։ Ուղղեք աստղադիտակը որևէ հեշտ գտնվող անշարժ օբյեկտի վրա, օրինակ էլեկտրասյան ծայրին, համոզվեք, որ այն գտնվում է աստղադիտակի տեսադաշտի մեջտեղում։

Նայեք նշանոցով, փորձեք գտնել նույն օբյեկտը։ Եթե օգտագործում եք լազերային նշանոց, միացրեք կարմիր կետը։ Նշանոցը հատուկ բռնակի վրա ամրացված է նշանոցային պտուտակներով, որոնք պտտելով կարմիր կետի դիրքը կփոխվի։ Դրանք երկուսն եմ․ մեկը՝ վերև-ներքև, մյուսը՝ աջ-ձախ կարգավորելու համար։

նշանոց
Կարմիր կետով նշանոցը (red-dot finder) և վերև-ներքև կարգավորող պտուտակը

Եթե օգտագործելու եք օպտիկական նշանոց (finderscope), կարող եք պտտել նկարում նշված պտուտակները, և պատկերը ֆիքսել նշանոցի խաչի մեջտեղում՝ երկու գծերի հատման կետում։
Չզարմանաք, երբ օպտիկական նշանոցը պատկերը շրջված ցույց տա, քանի որ հիմնականում դրանք չեն ունենում անկյունային անդրադարձիչ։

Explore Scientific բրենդի նշանոց
Explore Scientific բրենդի նշանոց

Նշանոցն աստղադիտակից հանելիս և հետ տեղադրելիս կարող է կարգաբերումը խաթարվել։ Մի քանի անգամ փորձելուց հետո կսովորեք արագ և ճիշտ կարգաբերել։

Նշանոցը գիշերը կարգաբերելու դեպքում կանոնները մնում են նույնը։ Միայն թե գիշերով պետք է ստատիկ լույսի աղբյուր գտնեք, օրինակ ինչ-որ հեռավորության վրա գտվող փողոցային կամ տան լույսերը։

Թույլ օբյեկտների որսը գիշերային երկնքում

Արդեն ունենք աստղադիտակ, կարողանում եք այն ուղղորդել մեր ուզած ուղղությամբ և ունեք կարգաբերված նշանոց, այսինքն կարող եք որսալ նույնիսկ հեռավոր օբյեկտները։

Առաջին անգամ դա փորձելու համար կարող եք աչքով ֆիքսել որևէ պայծառ աստղ, և փորձել այն գտնել կարգաբերված նշանոցով։ Եթե նշանոցով ֆիքսելուց հետո աստղադիտակով նայելիս տեսադաշտի մեջտեղում չտեսնեք պայծառ կետ, ուրեմն աստղադիտակը ֆոկուսից դուրս է, փորձեք ֆոկուսացնել, իսկ եթե տեսաք այդ պայծառ աստղը, ուրեմն ամեն ինչ ստացվել է։

Բայց հիշեք, որ երկնքում լուսատուները շարժվում են Երկրի պտույտի հետևանքով և որոշ ժամանակ անց օբյեկտը դուրս է գալու տեսադաշտից, այնպես որ ձեռքերը պահեք տեղակայման համակարգի բռնակների վրա, որպեսզի հետևեք օբյեկտներին։

Վտանգավոր, բայց պետքական ձև՝ օբյեկտները գտնելու համար

Գիշերային երկնքում աստղադիտակն արագ ինչ-որ հստակ ուղղությամբ ուղղելն այդքան էլ հեշտ չէ։ Այն պահանջում է վարպետություն և փորձառություն։

Բայց կա մի հեշտ գործիք, որից օգտվելով աստղադիտման էֆեկտիվությունը կարող եք բարձրացնել։

Դրանք լազերային ցուցիչներն են։

Լազերային կանաչ ցուցիչ
Լազերային կանաչ ցուցիչ՝ դիֆրակցիոն ցանցով

⚠️ Նախքան այն աստղադիտման ժամանակ օգտագործելը, հիշեք անվտանգության կանոնները։

  • Լազերը երբեք աչքի մեջ չգցել ։ Կանաչ լազերները սովորաբար հզոր են և աչքի մեջ գցելուց կարող են վնասել տեսողությունը։
  • Քաղաքային պայմաններում աշխատեք չօգտագործել։
  • Քանի որ քաղաքում շենքերը բարձր են, հնարավոր է պատահաբար լազերն ուղղեք դեպի որևէ բնակչի պատուհանը։ Բացի անքաղաքավարի քայլ լինելուց, այն կարող է նաև վնասել նրանց տեսողությունը։
  • Աստղադիտման ժամանակ լազերը տեսանելի հորիզոնից ներքև երբեք մի պահեք,
  • քանի որ պատահաբար կարող եք գցել որևէ մեկի կամ թեկուզ հեռվում վազվզող գիշերային կենդանիների վրա։
  • Մի տվեք ձեր լազերը ոչ փորձառու մեկին։ Եթե վստահ չեք, որ տվյալ անձը տիրապետում է անվտանգության կանոններին, մի վստահեք նրան ձեր լազերը։ Դա նման է վարել չիմացողին սեփական մեքենան տրամադրելուն։
  • Լազերը երբեք մի գցեք ինքնաթիռների ուղղությամբ։ Հայաստանում դա օրենքով պատժելի չէ, բայց օրինակ ԱՄՆ-ում դա քրեական հանցանք է։
  • Ինքնաթիռը գիշերով շատ լավ երևում է, այն կարմիր թարթող լույսով շարժվող օբյեկտ է, եթե ինքնաթիռ եք նկատում, անմիջապես լազերն անջատեք։

Կանաչ լազերի օգնությամբ օբյեկտներ որսալու երկու հարմար տարբերակ կա։

Առաջինը հատուկ լազերի համար նախատեսած բռնակ օգտագործելն է, որը պետք է տեղադրել աստղադիտակի վրա։

Լազերի բռնակ
Լազերի բռնակ։ Հնարավոր է օգտագործել նաև օպտիկական նշանոցների հետ

Եթե լազերը բռնակի վրա տեղադրելուց հետո կարգաբերել եք, ապա երկնքի ցանկացած ուղղությամբ այն միացրած տեղաշարժելուց շատ արագ և հեշտ աստղադիտակը կուղղեք օբյեկտի ուղղությամբ։

Լազերային, օպտիկական նշանոցներ և բռնակով լազեր
Լազերային, օպտիկական նշանոցներ և բռնակով լազեր՝ աստղադիտակի վրա ամրացված։

Հաջորդ, ավելի արագ տեխնիկան դա լազերը միանգամից օկուլյարի մեջ գցելն է։

լույսի հատկությունների և լազերի նշանակությունը աստղադիտման մեջ
Օգտվելով լույսի հատկություններից, այսպես աստղադիտակը շատ ավելի կարող եք ուղղել դեպի օբյեկտ։

Քանի որ լուսատույից լույսն անցնում է աստղադիտակի լուսահավաք մակերեսի միջով և օկուլյարի օգնությամբ խոշորանում է մեր աչքի մեջ, ապա լույսը հակառակ ճանապարհն էլ կարող է անցնել նույն ձևով՝ լույսի ճառագայթի շրջելիության օրենքի շնորհիվ։

Այս տեխնիկան միայն մի նրբություն ունի․ օկուլյարի տեսադաշտի չափից կախված կարող է լազերն անդրադառնալ օկուլյարի ոսպնյակից։ Անհրաժեշտ է շատ ուշադիր լինել և լազերն ուղղահայաց ուղղել օկուլյարին, որպեսզի անդրադարձից ձեր և ուրիշների տեսողությունը չվնասեք։

Այս շարքի ստեղծմանը աջակցել է «Նոյեմբերյան համայնքի ղեկավարին կից կանանց և երիտասարդների խորհրդակցական մարմին» կազմակերպությունը՝ «Աստղերը մեզ հետ են» ծրագրի շրջանակներում:

Այս նյութերը օգտագործվելու են որպես համայնքում տիեզերագիտական խմբակի գործնական նյութեր:

en_US