Հոդվածի նախորդ շարքում սկսեցինք գիշերային երկնքի ուսումնասիրությունն անզեն աչքով, ծանոթացանք որոշ «հայտնի» աստղերի և համաստեղությունների հետ։ Այս հոդվածում առաջարկում ենք շարունակել զննել գիշերային երկինքը։ Չէ՞ որ աստղերը գիշերային երկնքի միակ զարդը չեն։
Մոլորակներ
Արևի շուրջ պտտվում են ութ մոլորակներ, որոնք էլ կախված Արևից ունեցած հեռավորությունից կարելի է բաժանել երկու խմբի` երկրանման մոլորակներ՝ Մերկուրի, Վեներա, Երկիր, Մարս, և գազային հսկաներ՝ Յուպիտեր, Սատուրն, Ուրան և Նեպտուն։ Մոլորակները գիշերային երկնքում բավականին նման են աստղերին և սկսնակ աստղագետի համար հեշտ է դրանք շփոթելը։ Բայց կա ակնհայտ տարբերություն։ Եթե որոշ ժամանակ նայեք երկնքին և ձեր տեսողությունը հարմարեցնեք մթությանը` կնկատեք, որ որոշ լուսավոր կետեր թարթում են, իսկ որոշները՝ ոչ։ Այն լուսատուները, որոնց լույսը հաստատուն է, դրանք մոլորակներ են։
Սիրողական աստղագիտության տեսանկյունից հետաքրքիր են Մերկուրին, Վեներան, Մարսը, Յուպիտերը և Սատուրնը
Մոլորակների շարժումը
Բոլոր մոլորակները Արևի շուրջը պտտվում են էլիպսաձև ուղեծրով, և գտնվում են գրեթե նույն հարթության մեջ։ Այդ իսկ պատճառով գիշերային երկնքում մոլորակները գրեթե դասավորված են մեկ ուղղով։ Նրանք երկնակամարում շարժվում են գրեթե նույն ուղղով՝ ինչ Արևը, որին անվանում են խավարածիր։ Իհարկե մոլորակներն Արևի շուրջ պտտվում են տարբեր արագություններով։ Որքան մոլորակը մոտ է Արևին, այնքան արագ է պտտվում։ Տարբեր արագությունների պատճառով Երկիրը և մնացած մոլորակները դասավորված են լինում տարբեր կերպ։ Դիրքերի դասավորվածությունից կախված միշտ չէ, որ բոլոր մոլորակները տեսանելի կլինեն Երկրից` գիշերային դիտումների համար։ Բացի այդ, մոլորակն Երկրից կարող է ունենալ տարբեր հեռավորություն, և հետևաբար Երկրից դիտողի համար ժամանակի ընթացքում ունենալ տարբեր պայծառություններ։
Երբ Երկիրը գտնվում է տվյալ մոլորակի և Արևի միջև, ասում են, որ այդ մոլորակը գտնվում է դիմակայության մեջ։ Օրինակ, անցած տարվա՝ 2022թ.-ի, սեպտեմբերի 26-ին Յուպիտերը գտնվում էր դիմակայության մեջ։ Այդ օրը SpaceShop42-ը կազմակերպել էր աստղադիտում՝ Երևան քաղաքի կենտրոնից։ Դիմակայության մեջ մոլորակը երևում է առավելագույնս մեծ և պայծառ։ Սա լավագույն ժամանակն է մոլորակադիտման և աստղալուսանկարչության համար։
Ինչպե՞ս անզեն աչքով գտնել մոլորակները
Այժմ քննարկենք մի քանի պարզ հնարք, թե ինչպես կարելի է հասկանալ, թե որ մոլորակին ենք նայում։ Մերկուրին և Վեներան՝ մոտ լինելով Արևին, երևում են միայն Արևի մայր մտնելուց անմիջապես հետո կամ ծագելուց անմիջապես առաջ, եթե իհարկե նրանք և Երկիրը չեն գտնվում Արևի տարբեր կողմերում։ Ի տարբերություն մյուս մոլորակների, որոնց դիրքը գիշերային երկնքում անընդհատ փոփոխվում է, Մերկուրին և Վեներան միշտ գտնվում են Արևին մոտ:
Անզեն աչքով դիտելիս, որոշ մոլորակներ ունեն հստակ տարբերակվող հատկանիշներ: Օրինակ, Մարսին նայելիս կարող եք նկատել կարմիր գունավորումը, իսկ Սատուրնը նման է բաց դեղին աստղի, Յուպիտերը շատ պայծառ է, Վեներան նույնպես, սակայն դա էլ կարելի է տարբերել իր հորիզոնին մոտ լինելու շնորհիվ: Մեծ հեռավորությունը և անդրադարձրած թույլ լույսն Ուրանին դարձնում են դժվար նկատելի անզեն աչքով դիտողների համար, իսկ Նեպտունն Արեգակնային համակարգի միակ մոլորակն է, որը անհնար է Երկրից դիտել առանց աստղադիտակի կամ այլ օպտիկական սարքի:
Եվ իհարկե չենք մոռանում Stellarium հավելվածի մասին։ Նման հավելվածները հրաշալի օգնություն են սկսնակ աստղասերների համար։ Մի քանի անգամ նման հավելվածներից օգտվելով չեք պատկերացնի, թե ինչ արագ կսկսեք տարբերել գիշերային երկնքի օբյեկտները։
Ավարտելով գիշերային երկնքի անզեն աչքով զննությունը, առաջարկում ենք աստղադիտակով առավել մանրամասն դիտել մոլորակները, և նկատել նրանց առանձնահատկությունները:
Jupiter
Յուպիտերը մեր համակարգում ամենաշատ բնական արբանյակ ունեցող մոլորակն է։ Արբանյակները մոլորակից առավել փոքր երկնային օբյեկտներ են, որոնք պտտվում են մոլորակի շուրջը։ Չնայած Յուպիտերն ունի 80 արբանյակ, աստղադիտակով տեսանելի են ընդամենը չորսը` Իոն, Գանիմեդը, Եվրոպան և Կալիստոն։ ։ Աստղադիտակով դիտելիս դրանք մոլորակի շուրջ դասավորված լուսավոր կետեր են։ Այս արբանյակները դեռ մի քանի դար առաջ իր ստեղծած աստղադիտակով նկատել է Գալիլեո Գալիլեյը։ Այդ պատճառով այս չորսին հաճախ անվանում են Գալիլեյան արբանյակներ։ Ամենահետաքրքիրն այն է, որ մի օրվա ընթացքում կարելի է տեսնել, թե ինչպես են այս արբանյակները պտտվում Յուպիտերի շուրջ։ Նույնիսկ կարելի է տեսնել նրանց ստվերը մոլորակի վրա՝ սկավառակի վրայով անցնելիս
Յուպիտերի վրա հեշտությամբ կարելի է նկատել երկու զուգահեռ գծեր։ Որքան մոլորակը հորիզոնից բարձրանում է, այնքան ավելի ակնհայտ են դառնում դրանք։ Այստեղ մեծ ազդեցությունը ունի մթնոլորտը։ Մոլորակից մեզ հասնող լույսի որոշ մասը կլանվում է մթնոլորտի կողմից։ Երբ մոլորակը գտնվում է հորիզոնին մոտ, նրանից եկող լույսը ավելի շատ ճանապարհ է անցնում մթնոլոտով, անցնելիս նաև աղավաղվում է մթնոլորտում օդային հոսանքների պատճառով (ինչպես տաք ասֆալտի վրա նայելիս է լինում) և երևում է ավելի թույլ ու ոչ հստակ։ Այդ պատճառով մոլորակներն ու ընդհանրապես օբյեկտները ավելի լավ են երևում, երբ դրանք հնարավորինս բարձ են։
Այս շատ խոշոր գծերը բարձր ճնշման գոտիներ են, որոնք առաջացնում են պտտահողմեր։ Դիտարժան է նաև Յուպիտերի Մեծ Կարմիր Բիծը, որի երկարությունը մոտ 40 000 կմ է, մոտավորապես այնքան, ինչքան մեր մոլորակի հասարակածի երկարությունը։ Նրա չափերը գնալով մեծանում են։ Այն տեսանելի է, երբ ուղղված է դեպի Երկիր։ Սակայն, եթե այդ պահին չերևա, հնարավոր է, որ երևա մի քանի ժամ հետո, քանի որ Յուպիտերը իր առանցքի շուրջ պտտվում է մոտավորապես 10 ժամում։
Saturn
Սահուն կերպով «բազմարբայակ Յուպիտերից» անցում կատարենք «օղակավոր» Սատուրնին։ Աստղադիտակով նայելիս Սատուրնի շուրջը հստակ կարելի է նկատել օղակներ, ինչը Սատուրնին դարձնում է սկսնակ աստղագետների սիրելին։ Օղակը բաղկացած է մեծամասամբ սառցե կտորներից և փոշուց, որոնք պտտվում են մոլորակի շուրջը։ Ճիշտ խոշորացման և աստղադիտակի դեպքում, կարելի է նկատել Սատուրնի օղակների բաժանում՝ Կասինիի ճեղքը։ Պարզվում է, որ Կասինիի ճեղքի (օղակների միջև եղած հեռավորության) լայնությունը 5000 կմ է։ Աստղադիտակով նայելիս կարելի է նաև տեսնել Սատուրնի արբանյակներից Տիտանը, որը Արեգակնային համակարգի ամենամեծ բնական արբանյակն է։ Դիտելիս կարելի է նաև նկատել Սատուրնի ամպերը, որոնք նշմարվում են որպես լուսավոր և մութ շերտեր։
Մարս
Հաջորդը Մարսն է, որին հաճախ մակերևույթի գունավորման պատճառով անվանում են «Կարմիր» մոլորակ։ Նման գունավորումն առաջանում է երկաթի օքսիդից (ժանգ)։ Կարմիր գունավորումը տեսանելի է թե’ աստղադիտակով, և թե’ անզեն աչքով։
Մարսի փոքր չափերով պայմանավորված մանրամասները լավ տեսանելի չեն։ Սակայն դիմակայությունների ժամանակ մոլորակի բևեռային հատվածներում կարող եք նկատել սպիտակավուն «գլխարկներ»։ Դրանք Մարսի բևեռագդակներն են, որոնք կազմված են ջրային և չոր(ածղաթթու գազի) սառույցից։
Վեներա
Վեներայի ուղեծիրը գտնվում է Երկրի ուղեծրից ներս և Արևի շուրջ պտտվում է Երկրից ավելի արագ։ Այն Արևի շուրջ մեկ ամբողջական պտույտ է կատարում 225 երկրային օրվա ընթացքում։ Այստեղ հետաքրքիրն այն է, որ Երկրից դիտողի համար այն երևում է փուլերով, ճիշտ այնպես, ինչպես Լուսինը։ Այն երևում է ամբողջական պատկերով, երբ Արևի հակառակ կողմում է։ Երևի թե էլ չեք զարմանա, եթե լսեք, որ Վեներայի փուլերն էլ առաջին անգամ նկատել է ․․․ դե իհարկե Գալիլեո Գալիլեյը։ Դիտարժան են նաև Վեներայի անցումներն Արևի սկավառակի վրայով: Այդպիսի դեպք դիտարկվել է նաև Հայաստանից: Շատ չհուսախաբվեք, բայց հաջորդ անցումը դիտվելու է 2117 թվականի դեկտեմբերին:
Հազվադեպ դեպքերում նաև շատ հստակ ցույց տվող աստղադիտակներով կարելի է տեսնել նաև Վեներայի մթնոլորտի ամպերից ինչ-որ դետալներ։ Վեներան ունի բավականին խիտ մթնոլորտ, որը բաղկացած է ածխածնի երկօքսիդից, ազոտից, ծծմբի երկօքսիդից։ Խիտ մթնոլորտի պատճառով ոչ մի մակերևույթի դետալ չի երևում, չնայած Վեներան գազային մոլորակ չէ: Աստղադիտակով դիտելիս կարելի է նկատել նրա դեղնասպիտակավուն գունավորումը, բայց մանրամասներ տեսնել հնարավոր չէ՝ խիտ մթնոլորտով պայմանավորված։ Վեներան իր չափերով մոտ է Երկրին, այդ պատճառով աստղադիտակով դիտելիս կերևա որպես փոքր սկավառակ։
Պետք է նաև ուշադրություն դարձնել, որ Վեներան ունի լավ լուսավորություն և աստղադիտակով նայելիս կարող է անհարմարություն առաջացնել աչքերի համար։ Այդ պատճառով խորհուրդ ենք տալիս այն դիտել հատուկ լուսային ֆիլտրով։
Մերկուրի
Մերկուրին Արևին ամենամոտ և նրա շուրջն ամենաարագ պտտվող մոլորակն է։ Արևի շուրջ մեկ պտույտ է կատարում ընդամենը 88 երկրային օրվա ընթացքում։ Ինչպես Վեներայի և Լուսնի դեպքում, Մերկուրիին դիտելիս կարելի է նկատել նրա փուլերը։
Քանի որ Մերկուրիի շատ մոտ է արևին աստղադիտումների ժամանակ անպայման պետք է աստղադիտակին ամրացնել արևային ֆիլտր։
Ինչո՞ւ են Ուրանն ու Նեպտունը դժվար տեսանելի
Ուրանը մի փոքր դժվար է նկատելն իր թույլ պայծառության պատճառով։ Նեպտունի պայծառությունն էլ ավելի թույլ է։ Այնուամենայնիվ, երկուսին էլ հնարավոր է գտնել աստղադիտակով։
Moon
Գիշերային երկնքի մասին խոսելիս չենք կարողՅուպիտերի, Մարսի և Վեներայի միացում բաց թողնել մեր միակ Լուսինը։ Լուսինը Երկրի միակ բնական արբանյակն է և նրա շուրջը պտույտ է կատարում 28 օրվա ընթացքում։ Կախված Արևի և Երկրի նկատմամբ ունեցած դիրքից, Լուսինը երևում է որոշակի փուլով, բայց կարող է և չերևալ նորալուսնի փուլում: Կա սխալ պատկերացում, որ Լուսինը չի երևում ցերեկը, սակայն Լուսնին կարելի է դիտել ինչպես գիշերը, այնպես էլ ցերեկը:
Սակայն ցերկեկը աստղադիտակով դիտելիս պետք է շատ զգույշ լինել և Արևին չդիտել:
Ե՞րբ դիտել Լուսնին՝ առավել մանրամասն պատկեր ստանալու համար
Շատերին կարող է թվալ, որ լիալուսինը լուսնադիտման լավագույն ժամանակն է։ Սակայն այն ամենևին էլ այդպես չէ։ Լիալուսնի լույսն այնքան պայծառ է, որ թույլ չի տալիս տեսնել մանրամասն։ Դեռ ավելին, նրա պայծառությունը խանգարում է նաև տեսնելու այլ երկնային օբյեկտներին։ Բացի այդ, լույսի ուղիղ ընկնելը թույլ չի տալիս մակերևույթի վրա տարբերակել ռելիեֆի առանձնահատկությունները, լեռները, դրանց ստվերները, անդունդները: Ամեն դեպքում լիլուսնին դիտելիս խորհուրդ է տրվում օգտագործել հատուկ լուսնային ֆիլտրեր՝ աչքերը չվնասելու և անհարմարությունից խուսափելու համար։
Իսկ ո՞րն է Լուսնին դիտելու լավագույն ժամանակը։ Իհարկե Լուսնին կարող եք դիտել ցանկացած պահի, երբ նա երկնքում տեսանելի է անզեն աչքով, սակայն խորհուրդ ենք տալիս դիտել առաջին կամ վերջին քառորդի ժամանակ։ Այդ ժամանակ կարող եք բավականին մանրամասն հետազոտել Լուսնի ռելիեֆը, տեսնել խառնարաններ և լեռներ:
Դիտարժան է նաև նորալուսնի փուլը, որտեղ բացի մահիկից, թույլ լուսավորված կարելի է տեսնել նաև Լուսնի մյուս մասը։ Վերջինս հնարավոր է դառնում Երկրից անդրադարձած լույսի միջոցով։
Մի օգտակար խորհուրդ. լուսնային ռելիեֆը ուսումնասիրելիս նայեք լույսի և ստվերի եզրագծի՝ տերմինատորի վրա՝ ավելի շատ մանրամասններ տեսնելու համար:
Իսկ այժմ եկեք առավել ուշադիր դիտենք խառնարաններին։ Դրանք առաջացել են երկնաքարերի հարվածներից: Ուշադիր նայելու դեպքում խառնարանների կենտրոնական հատվածում կնկատեք ելուստներ։ Երկնքարի հարվածից հալած մանթիան (Լուսնի արտաքին շերտը) բլթացել է՝ առաջացնելով այն։ Այս գործընթացը ավելի պատկերավոր հասկանալու համար առաջարկում ենք մի պարզ փորձ, որը կարող եք կատարել տնային պայմաններում: Փորձեք ջրի մեջ քար նետել, և կտեսնեք ինչպես է ջրի մեջտեղի մասը վեր բարձրանում հարվածից հետո:
Մոլորակների և Լուսնի միացում
Շատ հազվադեպ են պատահում, որ մոլորակները միմյանց, կամ լուսնին մոտենում են այնքան որ նույնիսկ կարող են իրար շոշափել կամ ծածկել:
Այդպիսի երևույթը կչվում են միացում:
Դիտարժան են նաև Լուսնի և մոլորակների միացումները։ Տպավորություն է ստեղծվում, ասես մոլորակները ծագում են Լուսնից կամ անցնում են նրա տակ։ Օրինակ, նախորդ տարվա դեկտեմբերին նկատվել էր Լուսնի և Մարսի միացում։
Այս հոդվածի ընթացքում քննարկեցինք մոլորկաները և Լուսինը, իմացանք ինչպես կարելի է գտնել դրանք և ինչ դետալների վրա է պետք ուշադրություն դարձնել։ Վերջում մնում է ավելացնել մեկ բան․ դո՛ւրս եկեք, նայե՛ք վերև, և ուսումնասիրե՛ք գիշերային երկինքը:
Ե ՞րբ դիտել մոլորակներին 2023֊ին
Մերկուրին այս տարի գիշերային երկնքում ամենապայծառն է ապրիլի 2-18, իսկ ցերեկային երկնքում լավ է երևալու սեպտեմբերի 16-30։
Վեներան տարվա ընթացքում ունենալու է բավականին լավ տեսանելիություն, մասնավորապես՝ հունվարի 1-ից օգոստոսի 4-ը երեկոյան երկնքի Արևմտյան մասում, իսկ Օգոստոսի 22-ից դեկտեմբերի 31-ը արևելյան առավոտյան երկնքում։ Տարվա ընթացքում ամենալավը երևալու է Հուլիսի 7-ի երեկոյան և սեպտեմբերի 19-ի առավոտյան։
Մարտի 1-ին սպասվում է Վեներայի և Յուպիտերի միացում։
Մարսի համար 2023-ը այդքան էլ բարենպաստ տարի չէ, քանի որ այս տարի պայծառ չի երևալու։ Այնուամենայնիվ հուլիսին մոտ է լինելու Առյուծի համաստեղության կապտավուն Ռեգուլուս աստղին՝ ստեղծելով հետաքրքիր գունային համադրություն։
Յուպիտերը 2023-ին ամենապայծառն է լինելու հոկտեմբերի 11-ից նոյեմբերի 23-ը, իսկ նոյեմբերի 3-ին գտնվելու է դիմակայությունում։
Սատուրնը ամենապայծառն է լինելու օգոստոսի 18֊ից սեպտեմբերի 11-ը՝ օգոստոսի 27-ին գտնվելով դիմակայությունում։
Ուրանը այս տարի հասնելու է առավելագույն պայծառության հոկտեմբերի 11-ից դեկտեմբերի 17-ը, իսկ նոյեմբերի 13-ին գտնվելու է դիմակայությունում։
Նեպտունը ամենապայծառն է լինելու հուլիսի 21-ից նոյեմբերի 17-ը՝ սեպտեմբերի 19-ին գտնվելով դիմակայությունում։
Այս շարքի ստեղծմանը աջակցել է «Նոյեմբերյան համայնքի ղեկավարին կից կանանց և երիտասարդների խորհրդակցական մարմին» կազմակերպությունը՝ «Աստղերը մեզ հետ են» ծրագրի շրջանակներում:
Այս նյութերը օգտագործվելու են որպես համայնքում տիեզերագիտական խմբակի գործնական նյութեր: