Այս օրերին բոլորս տարված ենք ֆուտբոլի աշխարհի առաջնությամբ։ Այսօր՝ աշխարհի առաջնության եզրափակիչ խաղի առթիվ, եկել ենք պատմելու XX դարի տիեզերքի առաջնության մասին։ Եկեք մանրամասն ծանոթանանք այդ առաջնության ֆուտբոլային հանդիպումներին, փայլուն խաղարկումներին, հաջողված գոլերին և ձախողումներին։
Գնացինք ( հնչում է մրցավարի սուլիչի ձայնը)։
Տիեզերական հետազոտություններն առաջին 15 տարում նման էին մի ֆուտբոլային խաղի, որն ընթանում էր միայն դաշտի մի կեսում՝ երկրային խմբի մոլորակների տիրույթում։ Եվ ահա 1972-ին, երբ մասնագետները, կարելի է ասել, դեռ նոր էին յուրացնում մոլորակների հետազոտման «խաղի կանոնները», ՆԱՍԱ-ն արդեն համարձակվեց գնալ ավելի հեռու՝ ուսումնասիրելու հսկա մոլորակներն ու նրանց արբանյակները։ Սա ավելի բարդ խնդիր էր, որը պահանջում էր սարքի կողմնորոշման ու ղեկավարման ավելի մեծ ճշտություններ և էներգասնուցման ու ռադիոկապի ավելի հզոր համակարգեր, որոնք կարող էին երկար տարիներ հուսալի աշխատել։ Արեգակից այդքան հեռու տիրույթներում արեգակնային մարտկոցներն արդեն արդյունավետ չեն։ Յուպիտերի ճառագայթային գոտիներում եղած հզոր մասնիկային ճառագայթումը սպառնում էր միանգամից խափանել սարքի բոլոր էլեկտրական համակարգերի աշխատանքը։ Աստղակերպերի գոտիով անցնելն էր իր վտանգներն ուներ։ Կհաջողվի՞ արդյոք առանց հատուկ խուսանավումների անվնաս անցնել այդ գոտու փոքր մարմինների պարսի միջով, թե՞ հարկ կլինի, ինչպես ֆուտբոլում, հմուտ հարձակվողի պես շրջանցել բոլոր «խաղացողներին» ու թափանցել նրանց միջով «դաշտի մյուս կեսը»։
ՆԱՍԱ-ն 1972-ի մարտին «Պիոներ-10»-ը, իսկ 1973-ի ապրիլին «Պիոներ-11»-ը դեպի Յուպիտեր արձակելով, պատրաստ էր ամեն տեսակի տհաճ անակնկալների։ Վեց ամիս անց սարքը մտավ աստղակերպերի գոտի և անցավ նրա միջով առանց վնասվելու, իսկ 21 ամիս անց հասավ Յուպիտերին։ Շարքից դուրս եկավ միայն միկրոմասնիկների տվիչը։ Երկու ամիս, անցնելով Յուպիտերի մոտով, սարքը նկարահանեց մոլորակը և նրա որոշ արբանյակները, հետազոտեց դրանց մթնոլորտները, Յուպիտերի մագնիստական դաշտն ու ճառագայթային գոտիները, ճառագայթումը UV (ուլտրամանուշակագույն), IR (ինֆրակարմիր) և ռադիո տիրույթներում, տվեց արժեքավոր տվյալներ մոլորակի մթնոլորտային հոսանքների դինամիկայի վերաբերյալ։ Պարզվեց, որ Մեծ Կարմիր Բիծը աներևակայելի երկարակեցություն ունեցող հսկայական պտտահողմ է։
1973-ի դեկտեմբերի 3-ին սարքը շեղեց իր ընթացքն ու շարունակեց հեռանալ խավարածրային հարթության մեջ, հետազոտեց արեգակնային քամին, միջմոլորակային գազն ու փոշին և միկրոմասնիկային հոսքերը։ Աստիճանաբար սարքի չափիչ սարքերը շարքից դուրս եկան։
«Պիոներ-11»-ն ավելի բարդ խնդիր լուծեց․ 1974-ի դեկտեմբերին այնպես մոտեցավ Յուպիտերին, որ անցնելով մոլորակի վերին ամպաշերտից 34 000 կմ հեռավորության վրա, ուժեղ ձգողության շնորհիվ կտրուկ շրջադարձ կատարեց ու անցավ դեպի Սատուրն թռիչքի հետագծի։ Առաջին անգամ մարդկությունը մոտիկից տեսավ Սատուրնի հրաշագեղ օղակները։
Հաջողություններից ոգևորված ՆԱՍԱ-ի մասնագետները, հաշվարկելով դեպի Յուպիտեր թռիչքի հնարավոր հետագծերն ու ժամկետները, նկատել էին, որ XX դարի 70-ականների վերջին չորս հսկա մոլորակներն այնպիսի հարմար դիրք էին գրավելու, որ կարելի էր մի թռիչքով անցնել դրանց բոլորի կողքով և մոտիկից ուսումնասիրել դրանք՝ մի «կրակոցով» «խփելով» 4 «նապաստակ»։ Նախատեսվում էր իրականացնել մի յուրօրինակ մոլորակային «ֆուտբոլ», որի ժամանակ մոլորակներն իրենց ուժեղ խոտորող ազդեցությամբ պետք է հերթով իրար փոխանցեին սարքը՝ ինչպես ֆուտբոլիստները՝ գնդակը։⚽️
1977-ին արձակվեցին «Վոյաջեր-1»-ն ու «Վոյաջեր-2»-ը, և 1979-ին հասան Յուպիտերի համակարգին։ Հայտնաբերեցին 3 նոր արբանյակներ, Յուպիտերի օղակը, բևեռափայլերն ու կայծակները, Իոյի զարմանալի հրաբխային ակտիվությունը, Եվրոպայի սառցածածկույթը, հետազոտեցին այլ արբանյակների ռելիեֆները, Յուպիտերի մագնիսոլորտը և այլն։
«Վոյաջեր-1»-ը հասավ Սատուրնին 1980-ին, իսկ «Վոյաջեր-2»-ը՝ 1981-ին։ Երկու սարքերն ուսումնասիրեցին օղակների բարդ կառուցվածքը, Սատուրնի և Տիտանի մթնոլորտները, առկա մագնիսական դաշտերը, հայտնաբերեցին 7 նոր արբանյակներ, օղակներում առկա ոլորումները և մագնիսական դաշտի հետ պտտվող անվաճաղերը, Սատուրնի վրա մոլեգնող քամիները, որոնք Յուպիտերի քամիներից ավելի արագ էին, և ամպերում ճայթող կայծակները։
«Վոյաջեր-1»-ը սկզբունքորեն կարող էր ստանալ Սատուրնից այնպիսի իմպուլս, որ ուղևորվեր դեպի Պլուտոն: Բայց մասնագետները գերադասեցին անցկացնել սարքը Տիտանի մոտով: Մի կողմից նրանց հույսերը չարդարացան, քանի որ արբանյակի մթնոլորտը շատ խիտ էր և թույլ չտվեց տեսնել Տիտանի մակերևույթը։ Մյուս կողմից` արբանյակի այդքան հզոր մթնոլորտն ինքնին ապշեցուցիչ էր: Դա ավելի խորհրդավոր ու հետաքրքրական դարձրեց Տիտանը հետազոտողների համար:
Սատուրնը կտրուկ շեղեց «Վոյաջեր-1»-ի ընթացքը։ Այն դուրս եկավ խավարածրի հարթությունից ու թռավ դեպի աստղային հեռուները: Իսկ «Վոյաջեր-2»-ի գրավիտացիոն մանևրումը ճշգրիտ ուղղորդեց նրան դեպի Ուրան։
5 տարի անց նրա տեսադաշտում հայտնվեց Ուրանը, որի դեմքը մինչ այդ ոչ մի երկրային դիտակով չէր հաջողվել զննել։ Ուրանն իր անդեմ կերպարանքով զարմացրեց ու հիասթափեցրեց բոլորին։ Նրա համատարած ու համասեռ երկնագույն մշուշում չէին նշմարվում ոչ ամպեր, ոչ էլ մթնոլորտային հոսանքներ։ Առաջին անգամ հաջողվեց ուղղակիորեն տեսնել Ուրանի օղակները, գրանցվեցին բևեռափայլեր, հայտնաբերվեցին 10 նոր արբանյակներ ու ևս մի օղակ։
Յուպիտերից ու Սատուրնից հետո Ուրանն էլ իր ձգողությամբ դիպուկ «փոխանցում» կատարեց՝ այս անգամ դեպի Նեպտուն։ 1980-ի օգոստոսին «Վոյաջեր-2»-ն անցավ Նեպտունից 29 240 կմ հեռավորության վրա։ Մոտենալիս նկարահանվեցին Նեպտունի օղակները։ Պարզվեց, որ դրանք ոչ թե աղեղներ են, այլ ամբողջական փակ օղակներ, բայց հաստությամբ ու պայծառությամբ անհամասեռ են և ունեն ոլորումներ։ Գտնվեցին ևս 2 օղակներ ու 6 նոր արբանյակներ։ Ինքը՝ Նեպտունը, ներկայացավ ավելի հստակ դիմագծերով, քան Ուրանը։ Հայտնաբերվեցին Մեծ Մութ Բիծն ու նրա հետ կապված ամպագոյացումները, ինչպես նաև հասարակածին զուգահեռ երկարավուն ամպերը։
Նեպտունը մի վերջին «հարվածով» ևս մի փոքր փոխանցում կատարեց դեպի իր ամենամեծ արբանյակը՝ Տրիտոնը և 5ժ անց սարքն անցավ Տրիտոնի մոտով: Արեգակից այսքան հեռու բոլորն ակնկալում էին տեսնել սառած ու լիովին մեռած մարմին: Բայց այս անգամ էլ նրանց առջև բացվեց մի հեքիաթային աշխարհ։ Տրիտոնն ուներ ազոտից ու մեթանից բաղկացած նոսր մթնոլորտ ու բևեռագդակ, որի վրա, չնայած -235°C սառնամանիքին, երևում էին սեզոնային ազոտափոշային գեյզերների հետքեր: Իսկ մասնագետներն արդեն քանիերորդ անգամ ապշահար նայում էին հայտածվող նկարներին ու, տարուբերելով գլուխները, բացականչում. «սա արդեն չափից ավելի է, անհավատալի է…»։
«Վոյաջեր» ծրագրի հաջողությունն այնքան ոգևորիչ էր, որ ԱՄՆ-ն որոշեց իրականացնել ևս երկու հավակնոտ ծրագրեր «Գալիլեո» և «Կասինի»։ «Գալիլեո» միջմոլորակային սարքը պետք է հասներ Յուպիտերին, արգելակվեր ու մտներ նրա շուրջը ուղեծիր և, կատարելով բազմաթիվ ուղեծրային մանևրումներ, ուսումնասիրեր Յուպիտերի համակարգը։ Այս անգամ, Յուպիտերին հասնելու «ֆուտբոլային» սցենարի համաձայն, Արեգակնային համակարգի երկու «կիսադաշտերում» էլ սպասվում էր դիտարժան «ֆուտբոլ»։ Սարքը մեկ անգամ պետք է անցներ Վեներայի, երկու անգամ էլ՝ Երկրի մոտով ու նոր միայն ուղևորվեր դեպի Յուպիտեր: Ճանապարհին այն պետք է հանդիպեր Գասպրա և Իդա աստղակերպերին։ Յուպիտերին հասնելուց 5 ամիս առաջ «Գալիլեո»-ից պետք է անջատվեր նրա վայրէջքային մասը՝ մթնոլորտային «Զոնդ»-ը, որը պիտի անշեղ գնար դեպի մոլորակն ու առանց արգելակման մահապարտի պես ներխուժեր նրա հզոր մթնոլորտը` տարբեր շերտերից տվյալներ հաղորդելու համար։
«Գալիլեո»-ն արձակվեց 1989-ին՝ «Շաթլ»-ով: Երկրաշուրջ ուղեծրից այն մեկնարկեց սեփական շարժիչով և Վեներայի ու Երկրի գրավիտացիոն «խաղարկումների» շնորհիվ ուղղվեց դեպի Յուպիտեր։
«Զոնդ»-ը կատարեց իր առաքելությունը, ներխուժեց Յուպիտերի մթնոլորտ և բավականին մեծ խորության վրա (մոտավորապես 5000 մթն ճնշում և 1700 °C ջերմաստիճան) հալվեց ու գոլորշիացավ՝ մարդությանը փոխանցելով Յուպիտերի մթնոլորտի մասին բազմաթիվ տվյալներ։
«Գալիլեո»-ն, հաղորդելով մեծածավալ տեղեկություններ Յուպիտերի և իր արբանյակների մասին, 2003-ին, ութամյա հետազոտություններից հետո, ղեկավարելի ձևով գցվեց Յուպիտերի մթնոլորտն ու ոչնչացվեց։
Վերջապես՝ 1997-ին արձակվեց «Կասինի» սարքը, որի խնդիրն էր հասնել Սատուրնին, մտնել նրա շուրջը ուղեծիր և «Գալիլեո»-ի պես հետազոտել այդ մոլորակը` իր արբանյակների հետ միասին: Սակայն, «Կասինի»-ի վայրէջքային սարքի առջև դրված էր ավելի հետաքրքիր խնդիր․ այն պետք է վայրէջք կատարեր մթնոլորտային խիտ մշուշի տակ քողարկված Տիտանի վրա։ Առաջին անգամ պետք է պատռվեր Տիտանի շղարշը, նկարահանվեր մակերևույթն ու պարզաբանվեր հեղուկով լցված ավազանների գոյության հարցը։
Թիրախին հասնելու համար կիրառվեց բազմաքայլ «ֆուտբոլային խաղարկում»: «Կասինի»-ն գնդակի նման Երկրից փոխանցվեց Վեներային, այնտեղից արևակենտրոն ուղեծրով հեռացավ ու, ետ գալով, նորից անցավ Վեներայի մոտով, հետո նրանից էլ ետ փոխանցվեց Երկրին, Երկրից «մեկ հպումով»` Յուպիտերին, այնտեղից էլ Սատուրնին: Այդպես, արձակումից 7 տարի անց, սարքը մտավ Սատուրնի շուրջն ուղեծիր։ Այն կատարեց իր առաքելությունը, ուսումնասիրեց Սատուրն ու իր օղակները, տեղեկություններ հաղորդեց Տիտանի, նրա մակերևույթի ու մթնոլորտի մասին։
Տիտանի մակերևույթին վայրէջքից հետո սարքը չէր օրորվում. իջել էր ոչ թե ալիքների, այլ կարծես փխրուն ու խոնավ հողի վրա: Ստացվեց տեղանքի պատկերը, որի վրա երևացին գլաքարեր` կազմված ածխաջրածիններով կեղտոտված բնական սառույցից։ Դրանց ստորին կլորավուն մասերը հավանաբար հղկվել են այդտեղով հոսած հեղեղատներով։ Ուսումնասիրվեցին հողի ֆիզիկական ու քիմիական հատկությունները: Նրա մեջ գտնվեցին ջրային և ածխաջրածնային սառույցներ: Ավելի ուշ բևեռային շրջանների ռադարային պատկերները բացահայտեցին գետահուներով ու ջրանցքներով լճանման ավազաններ։
Փաստորեն՝ տիեզերական սարքերով կատարվող հետազոտություններն արդեն ընդգրկել են ողջ Արեգակնային համակարգը: Մարդը դուրս է եկել տիեզերք և անընդմեջ ապրում ու աշխատում է այնտեղ, և օգտագործելով բնության օրենքներն ու անելով ճշգրիտ հաշվարկներ, ստեղծել է մոլորակային ֆուտբոլի կանոններ, որտեղ մոլորակներն իրար են փոխանցում տիեզերական սարքը։ Տիեզերագնացությունն անխզելիորեն կապվել է մեր առօրյայի հետ: Մենք ամենուրեք օգտվում ենք տիեզերագնացության ծառայություններից` հաճախ նույնիսկ չիմանալով այդ մասին: Այս ամենից հետո մարդն ավելի վստահ քայլերով գնում է դեպի Տիեզերք, դեպի իր տիեզերական ապագան:
Հոդվածն ամբողջովին հիմնված է Ավետիք Գրիգորյանի «Դարերի Խորքից դեպի Տիեզերք» գրքի վրա։
Դե իսկ ձեզ էլ մաղթում ենք ֆուտբոլի աշխարհի առաջնության դիտարժան եզրափակիչ խաղ։