Դե ինչ, մի քիչ էլ Յուպիտերի արբանյակներից խոսենք)) Յուպիտերը կամ Լուսնթագը Արեգակնային համակարգի ամենախոշոր մոլորակն է և դասվում է գազային հսկաների դասին։ Եթե հաշվի չառնենք Սատուրնի օղակներում հայտնաբերված փոքրիկ արբանյակները, Յուպիտերը Արեգակնային համակարգի նաև ամենաշատ բնական արբանյակ ունեցող մոլորակն է։ Ներկայումս հայտնի է Յուպիտերի 79 բնական արբանյակ: Արբանյակներից միայն 8-ն են սովորական արբանյակներ, այսինքն՝ մարմիններ, որոնք գոյացել են մոլորակի հետ միասին։ Մնացյալները գրավիտացիայի շնորհիվ գազային հսկայի կողմից «գրավված» օբյեկտներ են։ Ամենամեծ չորս արբայնակները ստացել են գալիլեյան արբայակներ անվանումը՝ ի պատիվ Գալիլեո Գալիլեյի, դրանք են՝ Իոն, Եվրոպան, Գանիմեդը և Կալիստոն։ Այս արբանյակներին նույնիսկ կարելի է դիտել աստղադիտակով։ Վերջիններիս, 1610 թվականին, իրարից անկախ հայտնաբերել են Գալիլեո Գալիլեյը և Սիմոն Մարիուսը։ Հայտնագործության մասին առաջինը հաղորդեց Գալիլեյը, այդ պատճառով էլ անվանում են գալիլեյան արբայնակներ։ Սակայն արբանյակները կրում են Մարիուսի առաջարկած անվանումները։

Գալիլեյի չորս արբանյակների զանգվածը կազմում է Յուպիտերի բոլոր արբանյակների և դրա օղակների ընդհանուր զանգվածի 99,997% -ը: Ամենաակտիվն Իոն է։ Նրա մակերեսին կա ավելի քան 400 գործող հրաբուխ: Լավայի հոսքերը ձգվում են տասնյակ և հարյուրավոր կիլոմետրեր, իսկ հրաբխային արտանետումների բարձրությունը հասնում է 500 կմ-ի: Ենթադրվում է, որ այս գործունեությունը պայմանավորված է Յուպիտերի և մյուս գալիլեյան արբանյակների հետ մակընթացային փոխազդեցություններով:
Յուպիտերի արբանյակների հայտնաբերումը որոշիչ հարվածներից մեկն էր աշխարհի երկրակենտրոն համակարգին, որը ենթադրում էր, թե բոլոր երկնային մարմինները պտտվում են Երկրի շուրջ: Այն հերքեց Կոպեռնիկոսի հակառակորդների այն թեզը, որ Երկիրը չի կարող պտտվել Արեգակի շուրջ, քանի որ Լուսինը պտտվում է նրա շուրջը:

Արբանյակներից 6-ը համարվում են «կորած» արբանյակներ։ Պատճառն այն է, որ հայտնաբերումից հետո այդ արբանյակներն այլևս չեն դիտվել, և աստղագետները չունեն բավարար տվյալներ վերջիններիս ուղեծրերը ճշգրիտ հաշվարկելու համար։ Նշենք նաև, որ Յուպիտերի բոլոր մեծ արբանյակները պտտվում են համաժամանակորեն (սինքրոն) և միշտ նայում են նրան նույն կողմով:

hy