Երբևէ պատահե՞լ է, որ որևէ աստղագետի կամ տիեզերքի սիրահարի հետ զրուցելիս լինեք, ու նա հանկարծ, ցույց տալով գիշերային երկնքում ինչ-որ մի կետ, ասի, որ դա Մարս մոլորակն է, կամ Վեներան, կամ էլ ինչ-որ մի աստղ․․․

Ու դուք էլ այդ պահին նույնիսկ սկսեք կասկածել` մտածելով. «դե, անկապ մի բան ասում ա, մեկ ա՝ գիտի, որ չեմ կարա ստուգեմ՝ ճիշտ ա, թե սխալ․․․ թե չէ, առանց ինչ-որ գործիքի որտեղի՞ց պիտի գուշակի, թե այդքան իրար նման կետերից որն ա մոլորակ, որը՝ աստղ» ))

Իսկ իրականում, այդ կետերն այդքան էլ իրար նման չեն, ու դրանց միջև կան մի շարք նուրբ տարբերություններ, որոնք իմանալու դեպքում դուք էլ շատ հեշտությամբ կարող եք հասկանալ՝ այ, այս մի կետը ա՞ստղ է, թե՞ մոլորակ, ու չխառնել դրանք նաև արբանյակների ու ինքնաթիռների հետ։

Ահա այդ տարբերություններից մի քանիսը 

1. Ամենակարևոր հնարքներից մեկը դրանց պայծառությունը ու այդ պայծառության փոփոխությունը հաշվի առնելն է ))

Վերցրե՛ք երկնքում մի պայծառ կետ ու ուշադիր հետևեք, թե ոնց է այն իրեն դրսևորում։ Եթե կետը անընդհատ թարթում է, ապա այն աստղ է։ Իսկ մոլորակների դեպքում հակառակն է․ դրանք չեն թարթում, ու դրանց պայծառությունն էլ չի փոփոխվում (եթե, օրինակ, ինչ-որ մի ամպ չի գալիս ու կանգնում դրա դիմաց)։ 

Բայց այստեղ կա մի բայց․․․ ձեր տեսադաշտում կարող են հայտնվել նաև թարթող լույսով ինքնաթիռներ ու մոնոտոն լույսով արբանյակներ։ Այստեղ խնդիրն այդքան էլ բարդ չէ, քանի որ ինքնաթիռներն ու արհեստական արբանյակները Երկրից դիտողի համար բավականին արագ են շարժվում։

Աստղի և մոլորակի տարբերությունը անզեն աչքով նայելիս

Անցնենք հաջորդ կետին ))  

2. Այստեղ արդեն գործ ունենք գիշերային երկնքում դրանց ունեցած դիրքի հետ։ Ուրեմն, մոլորակներին շատ հեշտությամբ կարող եք գտնել, եթե փնտրեք ճիշտ տեղում։ Բանն այն է, որ դրանք դասավորված են մի երևակայական գոտու երկայնքով, որը հայտնի է խավարածիր անունով: Այսպես է կոչվում այն հարթությունը, որտեղ պտտվում են մոլորակները (այո՛, բոլոր մոլորակները պտտվում են գրեթե մեկ հարթության մեջ)։ Սա գտնելու համար էլ պետք է նայել հարավ-արևելքից հյուսիս-արևելք, այսինքն՝ պետք է կանգնեք հարավում և թեթև գլուխը բարձրացնելով՝ նայեք աջ ու ձախ։

Մոլորակների ուղեծրերը

Սա մարսեցի՞նք, դե տեսնենք էլ ինչ տարբերություններ են թաքնված առաջին հայացքից միանման այս «կետերի» միջև ))

3. Այստեղ կրկին գործ ունենք դրանց պայծառության հետ, բայց այս անգամ ոչ թե թարթելու կամ անփոփոխ շողալու խնդիր է, այլ պայծառության աստիճանի։ Ուրեմն, այստեղ պետք է հաշվի առնենք այն, որ մոլորակները, սովորաբար, ավելի ուժեղ պայծառություն են ունենում, քանի աստղերը (դե, քանի որ դրանք շատ ավելի մոտ են մեզ): 

Ասենք ավելին, գոյություն ունի, երկնային օբյեկտների հարաբերական պայծառություն ասվածը, որը աստղագետները չափում են օգտագործելով աստղային մեծության սանդղակը, այսինքն՝ թե ինչ պայծառություն ունեն դրանք Երկրից դիտողի համար։ Այս չափումների համաձայն՝ մոլորակների մեծ մասն ընկնում է այն օբյեկտների տիրույթում, որոնք հեշտությամբ տեսանելի են անզեն աչքով: Խավարածրի երկայնքով տեղակայված մոլորակներից Մերկուրին, Վեներան, Մարսը, Յուպիտերը և Սատուրնը զգալիորեն պայծառ են, քան շրջակա աստղերը: Սրա պատճառն էլ արդեն դրանց Արեգակին մոտ լինելն է և ֆիզիկական չափը (քանի որ նրանց «լույսը» պարզապես Արեգակի լույսի անդրադարձն է)։

Աստղերի համեմատ որոշ մոլորակների հարաբերական պայծառությունը

Վերջապես, կա՞, արդյոք, տարբերություն դրանց գույների միջև…

4. Պատասխանն է, այո, կա․․․ սակայն այդ գույները տարբերելու համար պետք է բացառիկ լավ տեսողություն ունենալ։ Գիշերային երկնքի ամենահայտնի մոլորակները ինչ-որ գունավորում ունեն, այսպես օրինակ՝ Մերկուրին սովորաբար մոխրագույն է կամ շագանակագույն, բայց քանի որ այն Արեգակին շատ մոտ է, երևում է սպիտակ, Վեներան գունատ դեղին է, Մարսը՝ գունատ վարդագույնի և վառ կարմիրի միջև (դրա պատճառը Մարսի հարաբերական պայծառությունը կամ մռայլությունն է, որը փոխվում է երկու տարվա ցիկլի ընթացքում), Յուպիտերը նարնջագույն է, Սատուրնը՝ գունատ ոսկեգույն և, վերջապես, Ուրանն ու Նեպտունը հայտնվում են գունատ կապույտ գույնով (սակայն դրանք, սովորաբար, անզեն աչքով տեսանելի չեն):

Մոլորակների գույները՝ Երկրից նայելիս

Մի հետաքրքիր ձև էլ կա կողմնորոշվելու )

5. Կախված նրանից, թե որ մոլորակն եք ուզում գտնել, ինչ եղանակ է և օրվա որ հատվածն է, այդ մոլորակին պետք է փնտրել երկնակամարի որոշակի մասերում։ Օրինակ՝ Մերկուրիին և Վեներային պետք է փնտրել արևի մայր մտնելուց հետո կամ դրա ծագելուց առաջ։  Պատճառն էլ դրանց Արեգակին շատ մոտ գտնվելն է։ Իսկ այ, Սատուրնն ու Յուպիտերը հիմա երևում են արևի մայր մտնելուց մի քանի ժամ հետո՝ հարավ-արևմուտքում։ Բայց ա՜յ Մարսին արդեն չեք կարող տեսնել, քանի որ այն հիմա գտնվում է Արեգակի մոտ։

Եվ վերջում․․․ մի թաքուն ձև էլ ասենք, բայց ոչ մեկին չպատմեք)))

Եթե ուզում եք ավելի մանրամասն ուսումնասիրել գիշերային երկինքը, գտնել բոլոր տեսանելի աստղերի դիրքը և սովորել դրանց անունները, այստեղ թողնում ենք մի քանի հավելվածներ, որոնց միջոցով կկարողանաք դա անել՝ 

• Stellarium

Այս ծրագիրը հասանելի է վեբ տարբերակով, ինչպես նաև այն կարող եք ներբեռնել համակարգչում և հեռախոսում՝ ծրագրի տեսքով։ Ահա դրանց հղումները՝

https://stellarium-web.org/

https://stellarium.org/

https://m.apkpure.com/…/com.noctuasoftware.stellarium_free 

Աստղերի և մոլորակների տեղորոշումը՝ Stellarium ծրագրի օգնությամբ

• Google sky 

https://www.google.com/sky/
https://play.google.com/store/apps/details…

• Heavens above

https://play.google.com/store/apps/details…

Այս տեքստի սկզբի տիեզերքի սիրահարին հիշո՞ւմ եք, որ ձեզ զարմացրել էր՝ գուշակելով, թե որ կետը որ մարմինն է։ Վստահ ենք, այս ամենը յուրացնելուց հետո դուք եք զբաղեցնելու նրա տեղն ու նույնկերպ զարմացնեք ձեր զրուցակիցներին ????

Հեղինակներ` SpaceShop42, Տիեզերք/Space

hy