Այսօր, Արևը շարժվելով իր երկնային ուղով, հատում է երկնային հասարակածը և Հյուսիսային կիսագնդից անցնում Հարավային կիսագունդ: Արդյունքում, Հյուսիսային կիսագնդում սկիզբ է առնում այսպես կոչված աստղագիտական աշունը։ Այս երևույթը հայտնի է աշնանային գիշերահավասար անվամբ։ Գիշերահավասարից հետո Երկրի Հյուսիսային կիսագնդում գիշերը դառնում է ավելի երկար, քան ցերեկը, իսկ Հարավային կիսագնդում՝ հակառակը։
Աշնանային գիշերահավասարի օրը Երկրի վրա օրն ու գիշերը պետք է հավասարվեն (բացառությամբ ենթաբևեռային շրջանների)։ Սակայն, իրականում, այդ հավասարությունն այդպես էլ չի հաստատվում։ Պատճառն այսպես կոչված մթնոլորտի ռեֆրակցիան է (մթնոլորտում լույսի ճառագայթների բեկումը)։ Բանն այն է, որ երբ Արևը դեռ հորիզոնից ցածր է, նրա ճառագայթները, բեկվելով մթնոլորտում, շեղվում են դեպի Երկրի մակերևույթ և լուսավորում այնտեղ, որտեղ տեսականորեն գիշեր պետք է լիներ, և դիտորդները տեսնում են Արևին, մինչև նրա իսկապես ծագելը(կամ մայր մտնելը)։ Դրա հետևանքով մթնշաղն ու աղջամուղջը երկար են տևում, որին ավելի մանրամասն կանդրադառնանք մեր հաջորդ գրառումներում։ Փաստորեն ամբողջ տարվա ընթացքում, նույնիսկ հասարակածում, օրը ավելի երկար է տևում քան գիշերը։ Գիշերահավասարի օրը տեղի է ունենում տարին երկու անգամ ՝ մարտին և սեպտեմբերին (հստակ ժամկետներ չկան, դրանք կարող են տեղափոխվել մեկից երեք օրով)։ Հյուսիսային կիսագնդում մարտյան գիշերահավասարը կոչվում է գարնանային գիշերահավասար, իսկ սեպտեմբերինը ՝ աշնանային: Հարավային կիսագնդում`հակառակը։ Այդ օրերին Արևը հավասարապես լուսավորում է երկու կիսագնդերն էլ ՝ գտնվելով հորիզոնից մոտավորապես 12 ժամ վերև և ներքև: Իսկ նմանօրինակ այլ երևույթի՝ արևադարձի մասին, կարող եք ծանոթանալ մեր բլոգում: