Հին ու բարի ժամանակերում, երբ Պլուտոնը դեռ համարվում էր մոլորակ, Արեգակնային համակարգը ուներ 9 համերաշխ մոլորակ )) Բայց ինչպես գիտենք Պլուտոնին զրկեցին մոլորակի կոչումից և դրանք դարձան 8-ը:
Սակայն վերջերս լուրեր են պտտվում իններորդ մոլորակի հավանական գոյության մասին։ Չնայած դրա գոյության մասին բավարար ապացույցներ դեռ չկան, շատերին է արդեն հասցրել հետաքրքրել և գերել այդ հիպոթետիկ մոլորակը։
Մինչ 9-րդ մոլորակին հասնելը, փոքր ինչ անդրադառնանք Արեգակնային համակարգի մնացյալ մոլորակների հայտնաբերմանը։ Մերկուրի, Վեներա, Մարս, Յուպիտեր և Սատուրն մոլորակների դեպքում ամեն ինչ համեմատաբար պարզ է։ Այս հինգ մոլորակները գիշերային երկնքում երևում են անզեն աչքով, այդ պատճառով էլ հայտնի են մարդությանը դեռ վաղ ժամանակներից, ավելի քան 1000 տարի առաջվանից։
Աստղադիտակների կիրառումը ընդլայնեց Արեգակնային համակարգի մասին մարդկության պատկերացումները՝ հնարավոր դարձնելով սառցե հսկաներ Ուրանի ու Նեպտունի բացահայտումը։
Ուրանը, արդեն նշված մոլորակների նման, տեսանելի է անզեն աչքով՝ թեպետ և մեծ դժվարությամբ։ Նույնիսկ մինչև աստղադիտակների հայտագործումն այն արդեն հայտնի էր երկնային օբյեկտները քարտեզագրող գիտնակններին։ Վերջիններս, սակայն, գլխի չէին ընկել Ուրանի՝ մոլորակ լինելու մասին, ու միայն աստղադիտակով հնարավոր եղավ գրանցել նրա երկնային շարժումն* ու հասկանալ, որ այն հեռավոր մոլորակ է։ Հետաքրքիր է, որ հենց Ուրանի շարժման հետագա մանրակրկիտ չափումների միջոցով էր, որ հնարավոր դարձավ նրա սառցե ընկերոջ՝ Նեպտունի բացահայտումը։ Բանն այն է, որ Ուրանը հայտնագործելու ժամանակ արդեն հայտնի էին Արեգակնային համակարգի մարմինների դինամիկան նկարագրող ֆիզիկական մեխանիզմները՝ Նյուտոնի ձգողության տեսությունն ու դրա հետևանք հանդիսացող Կեպլերի օրենքները։ Ուրանի երկնային շարժման ճշգրիտ չափումները, ինչպես պարզվեց հետագայում, տարբերվում էին տեսական կանխատեսումներից: Քանի որ Նյուտոնի ձգողության տեսությունը հաջողությամբ բացատրում էր մնացած այլ մոլորակների շարժումը, որպես հայտնաբերված անհամապատասխանության բացատրություն առաջ քաշվեց մի նոր մոլորակի գոյության հիպոթեզը, որի գրավիտացիոն ազդեցությունն էլ հենց Ուրանի ուղեծրի այսպես կոչված անոմալիայի պատճառն է: Այս պատմության ուղղակի անհավատալի եզրափակումը տեսականորեն (այսնիքն ֆիզիկայի հայտնի օրենքների ու մաթեմատիկայի միջոցով) կանխատեսված մի նոր երկնային օբյեկտի հայտնաբերումն էր աստղադիտակների միջոցով։ Դե երևի արդեն գլխի ընկաք, որ այդ նոր օբյեկտը Նեպտուն մոլորակն էր։ Ընդամենը մի քանի նախադասությունից հետո կտեսնենք, որ պատմությունը կարծես թե կրկնվում է հենց մեր օրերում. մի գիտական խումբ առաջարկել է Արեգակնային համակարգում նոր մոլորակի գոյության անհրաժեշտության հիպոթեզը։
Մինչև Մոլորակ-9-ի մասին խոսելը՝ թյուըմբռնումներից խուսափելու համար պիտի նշենք, որ խոսքը Պլուտոնի մասին չէ։ Երևի կհիշեք, որ կար ժամանակ, երբ Արեգակնային համակարգը 9 մոլորակ ուներ, որոնցից իններորդը՝ Պլուտոնը, Արեգակնային համակարգի բազմաթիվ այլ նմանատիպ օբյեկտների նման այժմ «թզուկ մոլորակ» է համարվում։ Պլուտոնի «9-րդ մոլորակ» տիտղոսի չեղարկվելուց տարիներ անց հայտվել են կասկածներ առ այն, որ ինչ-որ մեկը ցանկանում է տիրանալ Պլուտոնից գողացված տիտղոսին ))
Վերջապես ժամանակն է մանրամասնելու, թե ինչ մոլորակի մասին է խոսքը և ինչպես են առաջացել դրա հավանական գոյության կասկածները։ Ինչպես գիտենք, Արեգակնային համակարգը Արեգակով և իր շուրջը պտտվող ութ մոլորակներով չի սահմանափակվում։ Դրանցից անդին Կոյպերի հսկայական գոտին է, որը հիմնականում կազմված է սառցակերպ մարմիններից։ Այն տարածվում է Նեպտունի ուղեծրից ( Արեգակից հեռավորությունը՝ 30 ա.մ.**) մինչև Արեգակից մոտավորապես 55 ա.մ. հեռավորություն։
Կոյպերի գոտին հատելով անցնում են էլիպսաձև*** ուղեծրերով շարժվող մարմիններ՝ տրանսնեպտունյան օբյեկտները։ Աստղագետները հայտնաբերել են, որ այս հեռավոր օբյեկտներից որոշներն ունեն անոմալ հետագծեր։ Մասնավորապես՝ էլիպսաձև հետագծերի ձգման ուղղությունները կուտակված են Արեգակնային համակարգի նույն կողմում, մինչդեռ ենթադրվում էր, որ դրանք պետք է բաշխված լինեին հավասարաչափ՝ բոլոր ուղղություններով։ Սա, իհարկե, կարող է պատահականության արդյունք լինել, ինչը, սակայն, թեմայով զբաղվող ոչ բոլոր գիտական խմբերն են հավանական համարում, թեպետ և դեռևս դժվար է այն բացառելը։
Նեպտունի բացահայտման պատմությանը լրիվ նման մի պատմություն էլ ծավալվում է վերջին տարիներին։ Տրանսնեպտունյան (Նեպտունից հեռու) օբյեկտների ուղեծրերի անոմալիան պատճառ դարձավ ենթադրելու, որ Արեգակնային համակարգում ևս մի մոլորակ կա, որի ձգողությունն էլ հենց անոմալիայի պատճառն է։ Ի տարբերություն Նեպտունի, որի տեսական բացահայտումը տեղի ունեցավ տասնիններորդ դարում, մերօրյա գիտնականները նմանատիպ խնդիրների լուծման համար ակտիվորեն օգտագործում են թվային մոդելավորման արդի հնարավորությունները։ Չնայած շատ ավելի լայն տեխնիկական հնարավորությունների՝ Մոլորակ-9-ի հատկությունները դեռ չի հաջողվել հստակորեն հաշվարկել։ Գլխավոր պատճառներից է տրանսնեպտունյան օբյեկտների հետագծերի ճշգրիտ չափման դժվարությունը։ Այնուամենայնիվ, արդեն հայտնի են մոլորակի մոտավոր զանգվածն ու ուղեծիրը. մոտ 5 երկրային զանգված, ու ձգված էլիպսաձև ուղեծիր, որն ուղղված է տրանսնեպտունյան օբյեկտների ուղեծրերի կուտկման ուղղությանը հակառակ։ Ըստ նախնական հաշվարկների՝ Արեգակի շուրջ մեկ պտույտը մոլորակը կատարում է 10 000-20 000 երկրային տարում։ Այն գտնվում է Արեգակից 10-ից 20 անգամ ավելի հեռու, քան Նեպտունը։
Հուսանք՝ գիտնականները շուտով կապացուցեն մոլորակի գոյությունն ու կստանան դրա մասին բոլոր տանջող հարցերի պատասխանները:
Այս ամենն ավելի պատկերավոր դարձնելու, ինչպես նաև մոլորակ 9-ի գոյությունը հաստատող հնարավոր ուղիներին ծանոթանալու համար առաջարկում ենք դիտել թեմային վերաբերող լավագույն տեսահոլովակներից մեկը։
*Ուրանը Արևի շուրջ պտտվում է մոտ 84 երկրային տարում: Ուրանյան տարվա այս հսկայական տևողությունն է պատճառը, որ նրա շարժումը աստղերի նկատմամբ շատ դժվար է չափել, ու, հետևաբար, նրան տարբերակել աստղերից։
**ա․մ ` աստղագիտական միավոր, աստղագիտության մեջ հեռավորության չափման միավոր է։ 1 ա․մ․-ըԱրեգակից Երկիր ընկած միջին հեռավորությանն է, մոտավորապես՝ 150 միլիոն կմ։
***Էլիպսը տրամագծի երկայնքով ձգված շրջանագիծն է։ Երկնային մարմինները Արևի շուրջ պտտվում են հենց էլիպսաձև ուղեծրերով, ինչը համընկնում է Նյուտոնի գրավիտացիայի տեսության կանխատեսման հետ։ Էլիպսի մասնավոր դեպք է չձգված շրջանագիծը։ Արեգակնային համակարգի որոշ օբյենկտեր, օրինակ՝ հենց Երկիր մոլորակը, պտտվում են համարյա շրջանաձև ուղեծրերով։