Աստղադիտակը շարունակում է մնալ լավագույն նվերների շարքում։ Իսկ ինչպե՞ս ընտրել աստղադիտակ որևէ մեկին նվիրելու համար։ Կամ միգուցե, ցանկանում ես ունենալ քո սեփակա՞ն աստղադիտակը։ Աստղադիտակի ընտրությունը սկսնակների համար մի փոքր բարդ կարող է թվալ։ Ինչպե՞ս կատարել ճիշտ և կարիքներին համապատասխան ընտրություն։ Որ պարամետրն ինչ է նշանակում։ Ի՞նչն է առավել կարևոր աստղադիտակի ընտրության հարցում։ Նմանատիպ հարցերի պատասխանները տալու նպատակով պատրաստել ենք այս ուղեցույցը։
Մինչ բուն նյութին անցնելը, ծանոթանանք աստղադիտակների վերաբերյալ մի շարք հիմնարար հասկացությունների։
Աստղադիտակի տեսակները
Աստղադիտակները լինում են երկու հիմնական տիպի՝ ռեֆրակտոր (անգլ․՝ refractor – բեկող) և ռեֆլեկտոր (անգլ․՝ reflector-անդրադարձնող)։ Ռեֆրակտորի դեպքում երկնային օբյեկտին դիտելու համար օգտագործվում է ոսպնյակ, իսկ ռեֆլեկտորների դեպքում՝ հայելի։
Ռեֆրակտորների դեպքում լույսը ընկնում է դիտակի սկզբնական հատվածում գտնվող ոսպնյակի վրա, ֆոկուսացվում վերջնական հատվածում։ Ռեֆրակտորները հեշտ են օգտագործելու համար և չեն պահաջում շատ խնամք։ Պարզ պատկեր ստանալու համար պահանջվում է միայն պահել ոսպնյակի մաքրությունը։
Ռեֆլեկտորների դեպքում անհրաժեշտ է պարբերաբար կալիմացնել դիտակը։ Այս առումով ռեֆլեկտորների խնամքը և սպասարկումը պահանջում է ավելին, սակայն սա վարձատրվում է առավել պայծառ պատկերով։ Առավել պայծառ պատկերի պատճառը ավելի մեծ ապերտուրան է, որի մասին կխոսենք այս հոդվածում։
Գոյություն ունի նաև աստղադիտակների երրորդ տեսակը, որում օգտագործվում է և՛ ոսպնյակ, և՛ հայելի։ Շնորհիվ իրենց կառուցվածքի ունեն բավականին կոմպակտ չափեր։
Տեղակայման համակարգերի տեսակները
Աստղադիտակի տեղակայման համակարգը (անգլ․՝ mount) նախատեսված է աստղադիտակն օբյեկտներին ուղղելու համար։ Առանձնացնում են տեղակայման համակարգերի երկու տեսակներ՝ ալտազիմուտային և գերմանական հասարակածային։ Ալտազիմուտային համակարգի դեպքում դիտակը հնարավոր է տեղաշարժել հորիզոնական և ուղղահայաց ուղղություններով։ Այսպիսի աստղադիտակները բավականին պարզ են օգտագործման տեսանկյունից, և չեն պահանջում նախնական կարգավորումներ։
Գերմանական հասարակածային տեղակայման համակարգի դեպքում դիտակի տեղաշարժը կատարվում է երկու առանցքով՝ Երկրի բևեռային առանցքին զուգահեռ (Երկրի պտույտին համապատասխան) առանցքով (անգլ․՝ Right Ascension Axis), և դրան ուղղահայաց առանցքով (անգլ․ ՝ Declination Axis): Այս դեպքում՝ բևեռային աստղով նախնական կարգավորելով կարելի է հետևել ցանկացած օբյեկտի, ղեկավարելով միայն բևեռային առանցքը։
Երկրի պտույտով պայմանավորված բոլոր երկնային օբյեկնտերը, բացառությամբ բևեռային աստղի, մեր տեսանկյունից շարժվում են գիշերային երկնքում։ Ուստի, ցանկացած օբյեկտի դիտելիս անհրաժեշտ է հետևել նրան։ Օբյեկտներին հետևելը բավականին բարդանում է հատկապես մեծ խոշորացումների դեպքում։ Օբյեկտները ոչ միայն արագ դուրս են գալիս տեսադաշտից, այլև եռոտանուն կամ դիտակին թեթև դիպչելու դեպքում կարող ենք բավականաչափ շեղել աստղադիտակը։ Այս տեսանկյունից գերմանական հասարակածային տեղակայման համակարգերը իսկական փրկություն են, քանի որ երկուսի փոխարեն, ընդամենը մեկ բռնակի միջոցով կարելի է հետևել օբյեկտներին։
Պարամետրեր, որոնց արժե ուշադրություն դարձնել
Ժամանակն է խոսել մի քանի կարևոր պարամետրերից։ Իհարկե աստղադիտակը ունի մեծ թվով պարամետրեր, այնուամենայնիվ սկսնակների համար առանձնացրել ենք մի քանի առավել մեծ նշանակության պարամետրեր։
- Ապերտուրա։ Փաստացի, սա աստղադիտակի առաջնային ոսպնյակի կամ հայելու տրամագիծն է։ Որքան մեծ է ապերտուրան, այնքան շատ լույս կարող է հավաքել դիտակը, և հետևաբար առավել պայծառ և պարզ պատկեր կարելի է ստանալ։ Մեծ ապերտուրան հատկապես կարևոր է առավել հեռավոր օբյեկներին (օր․՝ միգամածություններին) դիտելիս։ Ցանկացած օբյեկտ դիտելիս, մեր աչքերը «գրանցում են» այդ օբյեկտից եկող լույսը, ուստի մեծ ապերտուրան հնարավորություն է տալիս «գրանցել» ավելի շատ լույս, ինչը պարզ և պայծառ պատկերի երաշխիքն է։
- Ֆոկուսային հեռավորություն։ Երկնային օբյեկտից եկող լույսը ընկնելով առաջնային ոսպնյակի վրա «հավաքվում է» (ինչպես ցույց է տրված գծապատկերում) մեկ կիզակետում՝ ֆոկուսում։ Ոսպնյակից մինչև ֆոկուս հեռավորությունը անվանում ենք ֆոկուսային հեռավորություն։ Շատ չխորանալով ֆոկուսային հեռավորության ֆիզիկական իմաստի մեջ, միայն նշենք, որ այն անմիջական կապված է խոշորացման հետ։ Խոշորացումը հաշվելու մասին կխոսենք հաջորդ պարագրաֆում։
Աքսեսուրաներ
Միայն աստղադիտակը բավական չէ աստղադիտման համար։ Ներկայացնենք սկսնակների փաթեթը։
1. Օկուլյարներ։ Նրանց բնութագրող մեծությունը ֆոկուսային հեռավորությունն է։ Օրինակ՝ 30 մմ֊անոց օկուլյար ասելիս, նկատի ունենք այնպիսի օկուլյար, որի ֆոկուսային հեռավորությունը 30 մմ է։ Ոսպնյակը նույնպես անմիջական դեր ունի խոշորացման մեջ։ Խոշորացումը հաշվելու համար պետք է օգտվել հետևյալ բանաձևից․
Խոշորացում = Օբյեկտիվի ֆոկուսային հեռավորություն / Օկուլյարի ֆոկուսային հեռավորություն
Օրինակ՝ 1000 մմ ֆոկուսային հեռավորությամբ դիտակով 100 անգամ խոշորացման համար անհրաժեշտ է օգտագործել 10 մմ֊անոց ոսպնյակ։
Ամբողջական Լուսին դիտելու համար բավական է 50x խոշորացումը, այնուամենայնիվ, այն կարելի է նաև ավելի մեծ խոշորացմամբ դիտել, առավել մանրամասն պատկեր ստանալու համար։ Մոլորակադիտման համար օպտիմալ է 100x-200x -ը՝ կախված մոլորակից։ Իհարկե ֆոկուսային հեռավորությունը օկուլյարի միակ բնութագրիչը չէ։ Առավել մանրամասն կարող եք ուսումնասիրել հետևյալ հոդվածում։
2. Բարլաու ոսպնյակներ։ Այս ոսպնյակները մի քանի անգամ անգամ մեծացնում են առկա խոշորացումը։ Այստեղ պետք է նկատի ունենալ, որ Բարլոու ոսպնյակները միայնակ չեն կարող օգտագործվել։
3. Անկյունային անդրադարձիչ։ Հատկապես բարձր թեքությունների ժամանակ դժվար է լինում դիտել անմիջապես աստղադիտակից։ Այսպիսի հայելիները թույն են տալիս «շրջել» օկուլյարը 90 աստիճանով։ Այդ ժամանակ կարող եք դիտել այնտեղից, որտեղից հարմար է։
Հարցեր, որոնց պետք է պատասխանել
Աստղադիտակների մասին համապարփակ գիտելիքներ հավաքելուց հետո, արդեն կարող ենք ընտրել հարմար և համապատասխան աստղադիտակ։ Դրա համար անհրաժեշտ է պատասխանել մի քանի հարցի։
- Որքա՞ն բյուջե եք նախատեսում։ Փորձեք սկզբում հասկանալ ինչ գումարային միջակայքում եք պատրաստ գնել աստղադիտակ։ Աստղադիտակներ կարելի է գնել ամենատարբեր գնային սահմաններում, սակայն պետք է հաշվի առնել, որ որակյալ տեխնիկան իրեն համապատասխան արժեքն ունի։
- Ի՞նչ օբյեկտներ եք պատրաստվում դիտել։ Սա շատ կարևոր է աստղադիտակի ընտրության հարցում։ Օրինակ՝ առավել թույլ լուսավորություն ունեցող երկնային օբյեկտներ դիտելու համար (որոշ միգամածություններ, աստղակույտեր և այլն), անհրաժեշտ է հայելու շատ ավելի մեծ տրամագիծ, քան համեմատաբար պայծառ երևացող օբյեկտների (Լուսին, մոլորակներ) դիտումների ժամանակ։ Այս դեպքում կարող եք ուշադրություն դարձնել մեծ ապերտուրային։
- Ո՞վ է օգտագործողը։ Եթե օգտագործողը երեխա է կամ տեխնիկայի հետ աշխատելու նվազ հմտություններ ունեցող մարդ, ցանկալի է վերցնել այնպիսի աստղադիտակ, որի ղեկավարումը, խնամքը և նախնական կարգավորումներն առավել հեշտ կլինեն։ Այս դեպքում քիչ սպասարկման կարիքների և խնամքի տեսանկյունից հարմար են ռեֆրակտորները, իսկ պարզ ղեկավարման տեսանկյունից՝ ալտազիմուտային տեղակայման համակարգով դիտակները։ Այնունամենայնիվ, այսպիսի դիտակների կառավարումը այյդքան էլ հեշտ չի քանի որ նուրբ կառավարում սովորաբար չունեն, բացի այդ ավելի թեթև են և թեթև ցնցումներից, քամուց պատկերը թրթռում է:
Այն մարդիկ, ովքեր ցանակնում են առավել խորանալ սիրողական աստղագիտության մեջ, կամ ունեն տեխնիկայի հետ աշխատելու հետաքրքրություններ, նախընտրելի տարբերակ են ռեֆլեկտորները, որոնք սովորաբար նույն գնային տիրույթում ավելի մեծ հայելու ապերտուրա են տալիս և հնարավորություն տալիս ավելի շատ օբյեկտների դիտել, իսկ տեղակայման համակարգի (անգլ․՝ mount) տեսանկյունից առավել նախընտրելի է հասարակածայինը։
Աստղադիտակի խոշորացումն ամենակարևոր պարամետրը չէ
Աստղադիտակ ընտրելիս, սկսնակները հաճախ ուշադրություն են դարձնում հնարավոր մաքսիմալ խոշորացման վրա։ Իհարկե աստղադիտակի նպատակը հեռավոր օբյեկտները խոշոր ցույց տալն է, սակայն այս պարամետրը մեղմ ասած ամենակարևորը չէ։ Ցանկացած օբյեկտ ունի իր օպտիմալ խոշորացման չափը տվյալ աստղադիտակի համար, դրանից ավելի խոշորացումը ոչ միայն չի օգնում առավել պարզ պատկեր և մանրամասն դետալներ տեսնել, այլև այն դարձնում է աղոտ և լղոզված։ Խոշորացման փոխարեն աստղադիտակի հզորությունը արագ գնահատելու համար ուշադրություն դարձրեք ապերտուրային և ֆոկուսային հեռավորությանը։
Իսկ եթե էլի դժվարությունների եք բախվում առաջին դիտակի ընտրության հարցում՝ գրեք մեր ֆեյսբուքյան և ինստագրամյան էջերին կամ զանգահարեք +374 41240420 համարով և ստացեք անվճար խորհրդատվություն անմիջապես մասնագետից։
Ի՞նչ կարելի է դիտել տարբեր ապերտուրաների դեպքում
Բերենք մի քանի օբյեկտների օրինակներ, որոնք կարելի է դիտել համապատասխան ապերտուրայի դեպքում
60-70 մմ ռեֆրակտոր, 70-80 մմ ռեֆլեկտոր
- Արևաբծեր
- Վեներայի փուլերը
- Լուսնային խառնարաններ (8 կմ տրամագծով)
- Սատուրնի օղակներ
- Ուրանը և Նեպտունը (աստղի նման կետ)
- Յուպիտերի մեծ կարմիր բիծը
80-90 մմ ռեֆրակտոր, 100-120 մմ ռեֆլեկտոր, 90-125 մմ կատադիոպտրիկ
- Մերկուրիի փուլեր
- Արևաբծերի կառուցվածքային դետալներ
- Լուսնային խառնարանները (5 կմ տրամագծով)
- Մարսի բևեռագնդակները
- Գրեթե բոլոր Մեսիեր օբյեկտները (անգլ․՝ Messier Objects), հիմնականում առանց մանրամասն դետալների
100֊130 մմ ռեֆրակտոր, 130-150 մմ ռեֆլեկտորներ և 130-150 մմ կատադիոպտրիկ դիտակներ
- Յուպիտերի մթնոլորտային շերտերը
- Սատուրնի մթնոլորտային շերտերը
- Հարյուրավոր միգամածություններ և աստղակույտեր
150-180մմ ռեֆրակտորներ, 175-200մմ ռեֆլեկտորներ և կատադիոպտրիկ աստղադիտակներ
- Լուսնի դետալներ (2 կմ տրամագծով)
- Սատուրնի 6-7 արբանյակներ
- Գալիլեյան արբանյակները որպես սկավառակ
Ինչպե՞ս են երևում երկնային օբյեկտները տարբեր դիտակներից
Վերջաբանի փոխարեն առանձնացրել ենք սկսնակների համար հրաշալի աստղադիտակներ և կցուցադրենք, թե ինչպես են երևում երկնային օբյեկտներն այդ դիտակներից։
Հիանալի տարբերակ է սկսնակների, հատկապես երեխաների համար։ Կոմպակտ է և հեշտ տեղափոխելի։ Կարող եք դիտել երկնային մարմիններին, ներառյալ Սատուրնը, Յուպիտերը, Լուսնի խառնարանները և այլն։
Ֆոկուսային հեռավորություն։ 750մմ
Օբյեկտիվի տրամագիծ։ 60 մմ
Տեղակայման համակարգ։ ալտազիմուտային
Քաշ։ 1,2 կգ
Celestron 70mm Travel Scope DX
Հարմար է ճամփորդելու և տեղափոխելու համար։ Աստղադիտակի օբյեկտիվը հատուկ նյութով պատված, բարձր որակի ոսպնյակ է՝ շրջափակված թեթև շրջանակով։ Ամբողջ աստղադիտակը հնարավոր է տեղափոխել ուսապարկով։
Օբյեկտիվի տրամագիծ։ 70 մմ
Ֆոկուսային հեռավորություն։ 400 մմ
Տեղակայման համակարգ։ Ալտազիմուտային
Քաշ։ 1,5 կգ
Հեշտ օգտագործվող և թեթև աստղադիտակ է։ Հիանալի ընտրություն է սկսնակների և երեխաների համար։ Օբյեկտիվը ամբողջությամբ պատված է հատուկ նյութով, որը ապահովում է բարձր լուսային թողունակություն։
Ֆոկուսային հեռավորություն։ 900 մմ
Օբյեկտիվի տրամագիծ։ 70 մմ
Տեղակայման համակարգ։ Ալտազիմուտային
Քաշ։ 4.9 կգ
Հիասքանչ աստղադիտակ սկսնակների (և ոչ միայն) համար։ Գերմանական հասարակածային տեղակայման համակարգը առաջարկում է իր բոլոր առավելությունները աստղադիտակը ղեկավարելիս։ Աստղադիտակով կարելի է ստանալ ինչպես Լուսնի, Սատուրնի օղակների, Յուպիտերի այլև խորը տիեզերական օբյեկտների պատկերներ։
Ֆոկուսային հեռավորություն։ 900 մմ
Օբյեկտիվի տրամագիծ։ 114 մմ
Տեղակայման համակարգ։ Գերմանական հասարակածային
Քաշ։ 5.58 կգ
Առաջին աստղադիտակի ընտրությունը մի փոքր բարդ, սակայն հետաքրքիր փորձառություն է։ Համոզված եղեք, որ այն ձեր առջև բացելու է մի նոր, տիեզերական աշխարհ, իսկ մեր թիմը միշտ պատրաստ է օգնել ձեզ զգալու այդ տիեզերական շունչը։
Հետագա ընթերցանության համար
Սիրողական աստղագիտությունը սկսնակների համար. աստղադիտակից օգտվելու կանոնները
Սիրողական աստղագիտությունը սկսնակների համար։ Ինչպե՞ս օգտագործել աստղադիտակը