Մարդկությունը վերջերս է իմացել, որ բացի մեր գալակտիկայից, այլ գալակտիկաներ էլ կան, որոնք մեզնից հեռու են հարյուր միլիոնավոր լուսատարիներ՝ գրեթե անհասանելի են։ Մեր սերունդները մի քանի միլիոն տարի անց այլևս չեն իմանալու այդ աշխարհների մասին։ Այնպես որ, մենք շատ հարմար ժամանակում ենք գտնվում, որպեսզի ուսումնասիրենք այլ գալակտիկաները։ Պահը բաց չթողնենք, և միասին պարզենք, թե ինչպես գիշերային երկնքում կարող ենք գտնել հյուսիսային երկնքի գանձ՝ Անդրոմեդա գալակտիկան։

Ի՞նչ է Անդրոմեդա գալակտիկան

Անդրոմեդա գալակտիկան մեր Գալակտիկային (Ծիր Կաթին) ամենամոտ խոշոր գալակտիկան է։ Այն պարուրաձև գալակտիկա է, քանի որ ունի պարույրի նման «թևեր»։ Անդրոմեդա գալակտիկան մեզնից հեռու է մոտ 2.5 միլիոն լուսատարի 😯։

Անդրոմեդա գալակտիկան
Անդրոմեդա գալակտիկան

Այն 1764 թ.-ին զետեղվել է Չարլզ Մեսեյի հայտնի «Մեսյե» կատալոգում՝ M31 անունով։ Վիլյամ Հերշելը կարծում էր, որ M31-ը միգամածություն է, այստեղից էլ նրա հայտնի անվանումը՝ «Անդրոմեդա միգամածություն»։ Ավելի ուշ (1924 թ.-ին) գիտնականներն իհարկե հասկացան , որ այն մեր Գալակտիկայի նման գալակտիկա է։

Ի դեպ, մոտ 4 միլիարդ տարի հետո Անդրոմեդա գալակտիկան բախվելու է մեր Գալակտիկային՝ ստեղծելով նոր, շլացուցիչ չափերի գալակտիկա։ Բայց դժբախտաբար մենք այն ժամանակ չենք լինի, որպեսզի նոր նյութեր պատրաստենք այդ Գալակտիկայի մասին։

լակտոզան ու Ծիր Կաթինը
Կաթնաշաքար չմարսող մարդկանց համար աստղագետները խոսք են տվել նոր գալակտիկայի անվան մեջ չներառել կաթ բառը

Երկնքի ո՞ր հատվածում է գտնվում Անդրոմեդա գալակտիկան

Ինչքան էլ որ տարօրինակ չթվա, M31-ը գտնվում է գեղեցկուհի Անդրոմեդա համաստեղությունում։

Անդրոմեդա գալակտիկան համանուն համաստեղությունում

Անդրոմեդա համաստեղությունը գիշերային երկնքում կարելի է գտնել նրա հարևան երկու ավելի պայծառ ու լավ տեսանելի համաստեղությունների միջոցով՝ Կասիոպեայի և Պեգասի։

Կասիոպեա, Անդրոմեդա և Պեգաս համաստեղությունների սքրինշոթը՝ Stellarium ծրագրից
Կասիոպեա, Անդրոմեդա և Պեգաս համաստեղությունների սքրինշոթը՝ Stellarium ծրագրից, Նոյեմբերի 20, 20:50 դրությամբ

Կասիոպեան հյուսիսային երկնքի պայծառ համաստեղություններից է, և կախված նրանից, թե տարվա որ եղանակին և որ ժամին ենք դիտում նրան, ընդունում է շատ հայտնի տեսք՝ անգլերեն այբուբենի M կամ W տառի տեսքը։ Այն շատ հեշտ է գտնել երկնքում։ Աշնանային և ձմեռային երկնքում նայեք դեպի հյուսիս կամ հյուսիս-արևելք՝ հորիզոնից բավականին բարձր, և փնտրեք անգլերեն M տառը․ Մեծ և Փոքր Արջ համաստեղություններն էլ ձեզ կօգնեն գտնել հյուսիսի ուղղությունը։ Կասիոպեան նրանց մոտ է։

Կասեոպեան գտնելուց հետո գտեք Պեգաս համաստեղությունը։ Այն նույնպես տեսանելի է իր մեծ քառակուսու շնորհիվ, որը Պեգաս միֆական թռչող ձիու իրանն է։ Քառակուսին գտնելուց հետո նայեք Պեգասի Քառակուսու և Կասիոպեայի միջև ընկած տարածքը։ Տեսնելու եք երեք աստղ, որոնցից մեկը մյուս երկուսից բավականին պայծառ է․ վերջիններս Պեգասի Քառակուսու հետ գրեթե մի ուղղի վրա են։

Շնորհավորում եմ, դուք գտաք Անդրոմեդա համաստեղությունը։

Հենց այս համաստեղությունում է Անդրոմեդա գալակտիկան։

Պարզվում է, որ Անդրոմեդա գալակտիկան տեսանելի է անզեն աչքով։

Եթե M31-ը լիներ բավականին պայծառ, այն Լուսնից ավելի մեծ կերևար․ երկարությունը մոտ 6 անգամ մեծ Լուսնից՝ Երկրից նայողի համար։

Անդրոմեդա գալակտիկան և Լուսնի մահիկը
Անդրոմեդա գալակտիկան և Լուսնի մահիկը․ այսպես կերևար մեր հարևան գալակտիկան, եթե լիներ բավականին պայծառ

Ի՞նչպես դիտել Անդրոմեդա գալակտիկան

Անդրոմեդա գալակտիկան շատ թույլ օբյեկտ է, աչքով դիտելիս այն չունի այն տեսքը, որ համացանցի շատ նկարներում տեսնում ենք։ Այն երևում է ամպանման, կարծես մշուշի պես լղոզված, իսկ կենտրոնում գալակտիկայի պայծառ միջուկը, որը նունպես, եթե ուշադիր նայեք, եզրերում լղոզվածություն ունի։

Այս պատճառով նրան տեսնելու համար պետք են կարևոր նախապայմաններ։

Անդրոմեդա միգամածությունը երևում է ամպանման
Անդրոմեդա միգամածությունը երևում է ամպանման
  • Անամպ երկինք։ Բացարձակ անամպ, նույնիսկ մշուշը կխանգարի տեսնել Անդրոմեդան։
  • Անլուսին երկինք։ Լուսնի լույսը խանգարելու է տեսնել թույլ պայծառությամբ օբյեկտներին։
  • Լուսային աղտոտվածության բացակայություն։ Քաղաքների լուսավորությունը ստեղծում է լուսային շղարշ, որը թույլ չի տալիս տեսնել թույլ օբյեկնտերը։

Պատկերացրեք, շատ լավ եղանակին քաղաքից դուրս ենք գնացել՝ օրինակ Վարդենիսի անամպ ու մութ գյուղերից մեկի սարերում ենք, և Լուսին էլ չկա, կամ Լուսնի մահիկն է երևում։ Իդեալական պայմաններ՝ Անդրոմեդան գտնելու համար։

Քանի որ, ինչպես ասել ենք, Անդրոմեդան տեսանելի է անզեն աչքով, առաջինը փորձենք այդպես գտնել։

Նայեք դեպի Անդրոմեդա համաստեղությունը (նախորդ գլխում արդեն սովորեցինք, թե ինչպես), գտեք Պեգասի Քառակուսու եզրի աստղի հետ մի գծի վրա գտնվող աստղերից մեջտեղի ամենապայծառ աստղը` Միրաքը, և նրա գծով բարձրացեք փոքր-ինչ «վերև»՝ ուղիղ գծով, բայց դեպի Կասիոպեան։ Այստեղ կգտնեք մի թույլ աստղ՝ շատ մոտ Միրաքին։ Այն պահեք ուշադրության կենտրոնում․ Անդրոմեդա գալատիկան նրա մոտակայքում է։ Մի քիչ էլ բարձրացեք դեպի վերև՝ նույն գծով այնքան, ինչքան եկել էիք Միրաքից։ Դուք նայում եք Անդրոմեդային։

Բայց նա ուղիղ նայելով չի երևալու, փորձեք «աչքի պոչով» նայել այդ ուղղությամբ, դուք կնկատեք մշուշոտ մի ամպիկ, դա Անդրոմեդան է։

Իհարկե, շատ ավելի հարմար կլինի ինչ-որ ծրագրերի օգնությամբ գտնել Անդրոմեդան։ Խորհուրդ ենք տալիս օգտագործել Stellarium հավելվածը․ այն կարող եք պարզել երկնքի կոնկրետ հատվածի ուղղությամբ, և այն ցույց կտա օբյեկտի դիրքը։

Աչքով դիտելուց հետո մեծ ցանկություն է առաջանում ավելի պայծառ տեսնել Անդրոմեդան։

Եթե ունեք հեռադիտակ, կարող եք այդ տարածքում նայել հեռադիտկով՝ մինչև գտնեք նրան․ այն կերևա շատ թույլ։

Իսկ ի՞նչ անել, եթե էլ ավելի մեծ դետալներով եք ուզում տեսնել։

Միգամածությունները և Խորը Տիեզերքի Օբյեկտները դիտելու համար անհրաժեշտ է ունենալ մեծ լուսահավաք մակերեսով աստղադիտակներ։ Նյուտոնյան աստղադիտակները լավ ընտրություն են։

Հիշե՛ք, Անդրոմեդան դիտելու համար անհրաժեշտ է ունենալ մեծ լուսահավաք մակերես, բայց ինչքան հնարավոր է փոքր խոշորացում, քանի որ Անդրոմեդան շատ ավելի մեծ է երկնքում, քան թվում է։

Այդ նպատակին կարող է ծառայել 254 մմ տրամագծով դոբսոնյան դիտակը։ Նրա հայելու տրամագիծը բավականին մեծ է Անդրոմեդա գալակտիկան մանրամասներով դիտելու համար, բայց ավելի լավ կլինի դիտել 30 մմ-անոց օկուլյարով՝ խոշորացումը փոքր պահելու համար։

Անդրոմեդա գալակտիկան և նրա արբանյակ գալակտիկաները
Անդրոմեդա գալակտիկան և նրա արբանյակ գալակտիկաները

Դե ինչ, այսօր իմացաք, թե ինչ պայմաններ են պետք Անդրոմեդան դիտելու համար, ինչպես այն գտնել գիշերային երկնքում և ինչ սարքերով կարող եք այն դիտել։

Անամպ երկինք։

hy