Մարսի գաղութացման հետ կապված խոսակցությունները վերջին տարիներին այնքան են շրջանառվում ու այնպես են մտել մեր կյանք, որ դա սկսել է այդքան էլ հեռու չթվալ իրականությունից։ Ու սրա մեղավորներից մեկն էլ շատերիս հայտնի Իլոն Մասկն է, ով կարելի է ասել, գրեթե, վստահ է գաղափարի իրագործելիութան վրա (կամ, գոնե, այդպես է ձևացնում )) ):

  Բայց, ինչպես տեսնում եք, մենք այս պահին Մարսի վրա չենք, ու դժվար էլ մոտակա տարիներին որևէ մեկը ոտք դնի։ Իսկ այնտեղ կայան ունենալուն ու այն գաղութացնելուն դեռևս միայն գիտաֆանտաստիկ ֆիլմերում ենք հանդիպել։ Բայց ինչո՞ւ է դա այդքան բարդ․․․ հենց այդ մասին էլ խոսել ենք մեր այս նյութում։ 

Եթե արդեն հասցրել եք ընթերցել Մարսի գաղութացման թեմայով կայքի նախորդ նյութերից մեկը, ապա, գուցե, արդեն տեղյակ եք, թե ինչպես կարող ենք ձևափոխել մեր լավ եղբայր մոլորակին ու այնտեղ կայաններ ունենալ (խոսքը, իհարկե, մակերևութային կայանների մասին է, այլ ոչ ուղեծրային)։ Բայց այդ նյութում չէր նշվում, թե ինչ խնդիրների կարող ենք բախվել այդ ճանապարհին։ 

Հիմա կմտածեք՝ «բա լավ, ինչի՞ ենք մենք կպել հենց էս մոլորակից․․․ եթե այդքան դժվար ա, մենք էլ կգնանք ուրիշ մոլորակ կգաղութացնենք»։ Խնդիրն էլ հենց այն է, որ Մարսը եղածներից ներկա պահին ամենահեշտն է։ Նախ, այն արտաքնապես նման է Երկրին՝ ունի բևեռագդակներ, ջուր է «թաքցնում» մակերևույթի տակ, օրվա տևողությունը մոտ է երկրային օրվա տևողությանը և այլն։ Նաև շատ մոտ է Երկրին, ու կարող ենք, համեմատաբար, արագ հասնել այնտեղ․․․ բայց բոլոր այս հնարավորությունների հետ մեկտեղ, այս կարմիր մոլորակն այդքան էլ քաղցր չէ, որքան նրան ներակայցրել են համանուն շոկոլադում։ 

Այնպես որ, «կներես, Իլոն Մասկ, բայց այդ հրթիռ, Starship, բան․․․ բոլորը թող», արի կարդա մեր առանձնացրած 7 պատճառները՝ իմանալու համար, թե ինչու է մարսյան կայան ունենալը չափազանց բարդ ))

Գնացի՜նք…

1) Ամենամեծ խնդիրներից մեկը էներգիայի սակավությունն է, ու սրա պատճառն էլ այն է, որ Մարսը Արևից 67 տոկոսով ավելի հեռու է, քան Երկիրը։ Արդյունքում, Մարսին հասնում է 1.7 անգամ ավելի քիչ արեգակնային էներգիա, քան Երկրին, այսինքն՝ այստեղ արեգակնային մարտկոցների էֆեկտիվությունը ընկնում է։ Այս առումով մի ուրիշ խնդիր են նաև մարսյան փոթորիկները․ սրանք կարող են շաբաթներով պատել մարսյան երկինքը՝ չթողնելով արեգակնային լույսի թափանցումը մակերևույթ։ Ու այստեղ արդեն արեգակնային մարտկոցները նույնիսկ էլ ավելի անպետք են դառնում՝ երկար ժամանակ մարսյան բազան ապահովելու համար։ 

Եվ անգամ հույսներս չենք կարող դնել քամու կամ ընդերքի էներգիայի վրա։ Առաջինի դեպքում խնդիրը մթնոլորտի նոսր լինելն է, որը բարձր արտադրողականություն չի կարող ապահովել, իսկ մյուսի պատճառն էլ այն է, որ Մարսը պարզապես ունի շատ սառը ընդերք՝ համեմատած Երկրի հետ։ Այսիպիսով, էներգիայի ամենահուսալի աղբյուրը մեզ համար մնում է միջուկային էներգիան, որն էլ Մարսում հարստացված ռադիոակտիվ նյութերի դժվար հասանելիության պատճառով անհրաժեշտ է բերել Երկրից։ Այո՛, էներգիան Մարս հասցնելու վրա մեծ էներգիա կծախսվի։

Անցնենք հաջորդ խնդրին․․․

2) Այս մեկը հասկանալու համար ուղղակի փորձեք 60 վայրկյան չշնչել․․․ բարդ է, չէ՞։ Դե պատկերացրեք, որ Մարսի վրա ընդհանրապես շնչելը հնարավոր չի լինելու։ Բանն այն է, որ Մարսի մթնոլորտի խտությունը Երկրի մթնոլորտի խտության մեկ տոկոսն էլ չունի։ Ու այն հիմնականում բաղկացած է ածխաթթու գազից, ինչը որ մենք արտաշնչում ենք․․․ հըըմ, բայց եթե փորձեինք հետ արտաշնչել ածխաթթու գազը ու հետ շնչել թթվածինը․․․ չէ, լավ, կատակում ենք, տնային պայմաններում չփորձեք սա անել )))

Այս ամենից կարելի է ենթադրել, որ մեր մարսյան կայաններում անհրաժեշտ է արհեստականորեն ստեղծել բարենպաստ մթնոլորտ, ու դա, գուցե, հնարավոր լինի՝ ինչ-որ ձևով մթնոլորտից քամելով այնտեղի եղած թթվածինն ու ազոտը և դրանք միասին խտացնելով կայանների ներսում։ Այս դեպքում էլ, սակայն, կարող ենք ունենալ, բառի բուն իմաստով, պայթյունավտանգ իրավիճակ․․․ պետք է հաշվի առնել, որ դրսի ճնշումը բավականաչափ փոքր է լինելու՝ համեմատած ներքին ճնշման հետ, և մեր կայանի պատերը պետք է դիմանան դրանց ու հանկարծակի չպայթեն, թե չէ՝ հետևանքներն աղետալի կլինեն։ 

3) Մեկ այլ խնդիր, որից չենք կարողանա խուսափել տիեզերական ճառագայթումն է, որը չափազանց վտանգավոր է մեր օրգանիզմի համար։ Երկրում մենք կարողանում ենք դրանցից խուսափել, քանի որ Երկիրն ունի հզոր մագնիսական դաշտ և խիտ մթնոլորտ՝ հագեցած օզոնի շերտով, որոնք էլ հենց մեզ պաշտպանում են տիեզերական ճառագայթներից։ Բայց այ Մարսի մոտ այս հզոր վահանները, մասամբ, բացակայում են, որի արդյունքում Մարսի մակերևույթին սարսափելի ճառագայթումը 50 անգամ ավելի շատ է, քան Երկրի վրա։ Սա մեծացնում է քաղցկեղի առաջացման վտանգը՝ իր ամենասարսափելի հետևանքներով։ 

4) Իհարկե, որոշ չափով հնարավոր է աստղագնացներին փրկել ճառագայթման մահացու ազդեցությունից, եթե նրանց կայանը պատենք չոր սառույցի հաստ շերտով (Մարսում սրա պակասը չկա), ու այս շերտն էլ իր հերթին պետք է պատենք մարսյան հողի հաստ շերտով։ Բայց այստեղ էլ արդեն կբախվենք հաջորդ խնդրին, որն ավելի շատ հոգեբանական է, քան ֆիզիկական։ Բանն այն է, որ այս դեպքում կայանը չի ունենա պատուհաններ, ու սա կարող է բացասական ազդեցություն թողնել անձնակազմի հոգեկան վիճակի վրա․․․ պատկերացրեք տարիներով ապրել մի փակ տարածքում, թունավոր և թշնամական տրամադրված մոլորակի վրա։

5) Լավ, ենթադրենք ինչ-որ ձևով հոգեբանի հարցն էլ լուծեցինք, բայց նա էլ հո Մարսի ձգողականության դեմ չի կարող պայքարել։ Այս մոլորակի ձգողությունը Երկրի ձգողության 40 տոկոսն է կազմում, ու այս պայմաններում երկար ապրելը մեր երկրացի աստղագնացների մոտ կարող է առողջական մի շարք խնդիրներ առաջացնել, օրինակ՝ մկանների թուլացում, սիրտ-անոթային համակարգի խնդիրների առաջացում և այլն։ Այս ամենից խուսափելու համար անձնակազմը պարտավոր է միշտ մարզվել․․․ այո՛, ինչպես կռահում եք, Մարսը ալարկոտ մարդկանց տեղը չէ։ Եվ իհարկե, շատ երկար ժամանակ մի տեղ փակված մնալով՝ անձնակազմը պարտավոր է միշտ կրկնել նույն օրակարգը, առանց նորությունների, նույն մարդկանց հետ շփվելով, որը, կրկին, բավականաչափ ձանձրալի է, ու քչերը կարող են երկար դիմանալ նման պայմաններում։

Անձնակազմին վերը նշված արտաքին խնդիրներից փրկելու համար հնարավոր է դրսում կիրառել հեռակառավարվող ռոբոտներ, բայց սրանց աշխատանքն էլ կարող է խաթարվել մարսյան փոշիների պատճառով, քանի որ վերջիններս էլեկտրականապես լիցքավորված մասնիկներ են պարունակում։

6) Ու․․․ դե, որ ամենակարևորներից է՝ սննդի խնդիրը․․․ չէ՞ որ այստեղ բույսեր աճեցնելը այնքան էլ հեշտ գործ չէ, քանի որ մարսյան հողը հարուստ է թունավոր նյութերով, իսկ Մեթ Դեյմոնին իրենց հետ տանելու հնարավորություն ոչ բոլոր անձնակազմերը կունենան։ Չնայած, եթե հաշվի առնենք այն, որ ներկայումս Երկրի վրա բազմաթիվ տեղեր կարողանում են արհեստականորեն միս ստեղծել, գուցե այս տեխնոլոգիաները նաև մեր մարսաբնակներին փրկեն։

7) Եվ իհարկե, խոչընդոտներից խոսելով չենք կարող չնշել հեռավորության մասին։ Ճիշտ է, Մարսը մեզ բավականին մոտ է (Վեներայից հետո Երկրին ամենամոտ մոլորակն է), բայց բավականաչափ մոտ չէ, որ շտապ օգնության մեքենաները արագ տեղ հասնեն։ Երկիրն ու Մարսը իրարից միլիոնավոր կիլոմետրեր հեռու են, և ճանապարհորդական պատուհանը բացվում է մոտ երկու տարին մեկ (սա այն ժամանակահատվածն է, որն ավելի արդյունավետ է Երկրից Մարս հասնելու համար)։ Այսինքն, եթե մեր մարսագնացների մոտ խնդիր առաջանա և նրանք օգնություն խնդրեն Երկրից, այն կարող է հասնել, վատագույն դեպքում, ավելի քան 2 տարի հետո (նորից հիշենք «Մարսեցին» ֆիլմի օրինակը)։ 

Ահա՜, տեսնո՞ւմ եք, թե որքան բարդ է մարսյան կայան ունենալը, ու թե ինչ դժվարությունների միջով կարող են անցնել մարդիկ այն կառուցելիս։ Բայց, իհարկե, սա չի նշանակում, որ դա անելն անհնար է, ու պետք է հիշել, որ այս բոլոր խնդիրները հաղաթահարելի կարող են դառնալ ապագայում։ Ու այս ամենն, իհարկե, մեծ հույսեր է ներշնչում, որ ինչ-որ պահի մարդկությունը հնարավորություն կունենա ընդլայնել իր տիեզերական տունը և, իրոք, դառնալ բազմամոլորակային քաղաքակրթություն։ 

Այնպես որ, Իլոն Մասկ, շարունակիր հրթիռներիդ կառուցումը )))

Հեղինակներ` SpaceShop42, Տիեզերք/Space

hy