Աստղադիտակի տեղակայման համակարգը կատարում է երկու պարզ գործողություն․ ֆիքսում է դիտակի դիրքը, և պտտելով ուղղում այն երկնքի ցանկացած կետ։
Շատ կարևոր է, որ տեղակայման համակարգն առաջին ֆունկցիան կատարի շատ լավ, քանի որ նույնիսկ աննշան տատանումները բերում են խոշորացված օբյեկտի շատ մեծ ցնցումների։ Եթե երբևէ օգտագործել եք աստղադիտակ կամ ցանկացած այլ խոշորացնող սարք, ապա գիտեք, որ եթե ձեր ուզած դիրքում դիտակը լավ չի ֆիքսվում, կարող է բավականին բարդանալ դիտակի շահագործումը։ Սովորաբար շատ էժան դիտակներն ունենում են հենց այս խնդիրը, ինչը չի թողնում վայելել աստղային երկնքի գեղեցկությունը։
Երկրորդ ֆունկցիան ապահովելու համար հիմնականում կա երկու տիպի տեղակայման համակարգ՝ ազիմուտային(alt-az) և հասարակածային(equatorial):
Ազիմուտային տեղակայման համակարգը թույլ է տալիս դիտակը շարժել վերև-ներքև (հորիզոնականից ուղղահայաց) և աջ-ձախ (360 աստիճան պտույտ հորիզոնի նկատմամբ կամ ազիմուտի փոփոխություն)։

Երկրի պտույտի հետևանքով գիշերային երկինքը, թվում է, թե պտտվում է մոտավորապես Բևեռային աստղի շուրջ (աշխարհի Հյուսիսային բևեռ)։ Այդ աստղը մեզ միացնող գիծը համապատասխանում է երկրի պտտման առանցքի ուղղությանը։ Եթե պատկերացնենք, որ մենք Հյուսիսային բևեռում ենք կանգնած, ապա աշխարհի հյուսիսը կգտնվի հենց մեր գլխավերևում։ Բոլոր աստղերը պտտվում են այդ բևեռի շուրջը՝ հորիզոնին զուգահեռ, մոտավորապես 24 ժամում։ Հենց այստեղ է օգտագործվում ազիմուտային տեղակայման համակարգը, քանի որ այն բնականորեն կրկնօրինակում է աստղերի շարժումը։ Եթե ազիմուտային տեղակայման համակարգի դիտակի որոնիչով ֆիքսենք մի աստղ Հյուսիսային բևեռում, ապա այն դիտակի «նշանակետի» տակ պահելու համար անհրաժեշտ կլինի միայն փոխել ազիմուտը։ Աստղերի բարձրությունը մնում է նույնը։ Սակայն ազիմուտային տեղակայման համակարգը այնքան էլ հարմար չէ օգտագործել, երբ Հյուսիսային բևեռում չեք։

ազիմուտային և հասարակածային տեղակայման համակարգեր

Եթե ազիմուտային տեղակայման համակարգը թեքենք այնպես, որ նրա ազիմուտային առանցքը միշտ նայի դեպի աշխարհի Հյուսիսային բևեռ, ապա նրա պտույտը կկրկնօրինակի աստղերի շարժումը։ Հենց սա էլ հասարակածային տեղակայման համակարգն է։ Այսպիսի համակարգը թույլ է տալիս հետևել աստղերի շարժմանը՝ պտտելով ընդամենը մեկ առանցքի շուրջ՝ երկրի պտտման պարբերությամբ։ Այսպիսով, այն շատ ավելի հեշտ գործիք է դառնում, եթե ցանկանում ենք որևէ օբյեկտի երկար հետևել կամ լուսանկարել։ Հասարակածային տեղակայման համակարգերի այս առավելությունը, սակայն, բերում է նրա ծանրացման և բնականաբար թանկացման։

Այսպիսով, եթե նոր եք սկսում ուսումնասիրել տիեզերքը աստղադիտակի միջոցով, կարող եք ընտրել ազիմուտային համակարգով դիտակներ, իսկ եթե ավելի հաճախ եք օգտագործելու, ապա անպայման ընտրեք հասարակածային տեղակայման համակարգով դիտակները։ Եթե ցանկանում եք աստղալուսանկարչությամբ զբաղվել, այդ դեպքում անհրաժեշտ է ունենալ ավտոմատացված հասարակածային տեղակայման համակարգ(GOTO), որին կանդրադառանանք հետագայում։ ))

hy