Շատերս գիտենք այն տեսությունը, ըստ որի Տիերզերքը առաջացել է այսպես կոչվող Մեծ Պայթյունի պահին։ Մինչև նախորդ դարի 20-ակաները ֆիզիկոսները հավատացած էին, որ Տիեզերքը կայուն վիճակում է գտնվում, կարծիք կար, որ Տիեզերքում ավարտվել է աստղերի առաջացման պրոցեսը, այն կայուն է ու հավերժ։ Նույնիսկ 20-րդ դարի խոշորագույն ֆիզիկոս Ալբերտ Այնշտայնն էր այդպես կարծում և իր համոզմունքները ապացուցելու համար իր հավասարումներում արհեստականորեն մտցրեց մի համատիեզերական վանողության գործակից, որը կչեզոքացներ տիեզերական ձգողությունը` դարձնելով Տիեզերքը կայուն։

Սակայն 1922-1924 թվականներին Ալեքսանդր Ֆրիդմանը, ելնելով Այնշտայնի տեսությունից, ուսումնասիրեց Տիեզերքի կայունության հարցը և եկավ այն եզրահանգմանը, որ Տիեզերքը կա՛մ պետք է ընդարձակվի, կա՛մ սեղմվի։


Տեսական հետազոտությունները ցույց տվեցին, որ ընդարձակվող Տիեզերքը կարող է զարգանալ տարբեր սցենարներով։ Եթե Տիեզերքում նյութի միջին խտությունը մեծ է ինչ-որ կրիտիկական արժեքից, որը կախված է Հաբլի և գրավիտացիոն հաստատուններից, ապա Տիեզերքի ընդարձակումը կկանգնի և կփոխարինվի սեղմումով, սա կոչվում է Փակ Տիեզերք։ Չի բացառվում նաև սեղմումից ընդարձակում պարբերական բնույթը՝ Տատանվող Տիեզերքը։ Եթե միջին խտությունը հավասար է կրիտիկական արժեքին, ապա ընդարձակման արագությունը անընդհատ կնվազի՝ ձգտելով 0-ի՝ Հարթ Տիեզերքի։ Եթե փոքր է կրիտիկական արժեքից, ապա ընդարձակման արագությունը կնվազի, ընդունելով 0-ից մեծ ինչ-որ արժեք՝ Բաց Տիեզերք։ Ներկայիս դիտողական տվյալներով ամենահավանականը հավերժ ընդարձակվող Բաց Տիեզերքի վարկածն է։
Այս դեպքում, երբ Տիեզերքի տարբեր բաղկացուցիչ մասեր իրարից գտնվեն շատ մեծ հեռավորությունների վրա, նույնիսկ անհնար կլինի դիտողական տվյալնների հիման վրա ուսումնասիրել Տիեզերքի այլ մասերը, և այդ ժամանակ ապրող էակները, բացի իրենց գալակտիկայից, այլ գալակտիկաների գոյության մասին կարող են իմանալ միայն գրքերից ( փորձեք կռահել, թե ինչու և գրեք մեկնաբանություններում)։ Ավելի ուշ ժամանակներում կհանգչեն աստղերի մեծ մասը, և Տիեզերքի որ մասում էլ լինեն կենդանի օրգանիզմներ, նրանց մի մասը կվերանա ոչ բավարար ջերմության պատճառով, ամենաերկարակյաց լուսատու մարմինները կլինեն կարմիր թզուկ աստղերը, որոնց շուրջը, գուցե, հնարավոր կլինի նոր տիեզերական տուն կառուցել, սակայն բազմաթիվ միլիոնավոր տարիներ անց նրանք նույնպես կմարեն, և այդ դեպքում Տիեզերքը կդառնա խավար, անճանաչելի մի համակարգ, որտեղ թափառում են տիեզերական գորշ մարմինները և միայն սև խոռոչները դեռ երկար ժամանակ իրենց գոյության մասին իմաց կտան։ Տրիլիոնավոր տարիներ անց սրանք նույնպես դանդաղ «կգոլորշիանան», Տիեզերքում էնտրոպիան՝ պատկերավոր ասած անկարգավորության աստիճանը, կձգտի մաքսիմումի և այն հավերժ կմեռնի։

Ինչ խոսք, Բաց Տիեզերքի Ջերմ Մահը այդքան էլ ոգեշնչող տարբերակ չէ, սակայն ներկայումս հավանական համարվող տարբերակներից մեկն է։ Ինչ էլ լինի մոտակա մի քանի միլիոն տարում, դա մեզ չի սպառնում, այնպես որ կարող ենք հանգիստ շունչ քաշել։

Այլ հետաքրքիր հարցերի պատասխաններ գտնելու համար կարող եք ընթերցել Ավետիք Գրիգորյանի «Դարերի խորքից դեպի Տիեզերք» գիտահանրամատչելի գիրքը, իսկ ձեռք բերել կարող եք մեր կայքից։

 

hy