Աստղադիտման պլանավորում
Քանի որ հասել ենք պլանավորմանը, ուրեմն արդեն հավանաբար ունենք աստղադիտակ, գիտենք ինչպես այն ճիշտ շահագործել, կարողանում ենք կառավարել մեր սպասումները, և թե ինչպիսին պետք է լինեն օբյեկտները, որոնք դիտելու ենք:
Անհամբեր սպասում ենք, թե երբ ենք սկսելու բացահայտել անծայրածիր տիեզերքը, տեսնելու Սատուրնի գեղեցիկ օղակները, Լուսնի խառնարանների բլթաձև ելուստները, Օրիոնի միգամածությունը` որտեղ նոր աստղեր են առաջանում, Անդրոմեդա գալակտիկան, որն իր միլիարդավոր աստղերով սլանում է դեպի մեզ:
Այդ անհագ ցանկությունը կարող է հիասթափության վերածվել, եթե ուղղակի վերցնենք աստղադիտակն ու վազենք դուրս:
Գուցե անձրև է, կամ ամպամած։ Գուցե այն ինչ փնտրում ենք դեռ չի ծագել, կամ արդեն մայր է մտել: Ինչպե՞ս հասկանալ, թե ի՞նչ կարող ենք տեսնել, ե՞րբ, ի՞նչ պայմաններում, և ինչպե՞ս ստանալ լավագույն տպավորությունն աստղադիտումից:
Այս գրառման մեջ անդրադառնալու ենք աստղադիտման պլանավորմանը։ Կսովորենք օգտագործել մի շարք գործիքներ, որոնք սիրողական աստղագետներն օգտագործում են օբյեկտների տեղն ու երևալու ժամը իմանալու համար, եղանակը կանխագուշակելու, դիտարժանությունը գնահատելու, ինչպես նաև աստղադիտումից առավելագույնը ստանալու համար:
Դիտարժան օբյեկտների ցանկի կազմում
Մինչև տնից դուրս գալը եկեք տեսնենք, թե ի՞նչ կարող ենք դիտել մոտակա մի քանի օրվա ընթացքում: Մեր ուսումնասիրությունը հեշտացնելու համար կօգտագործենք Stellarium կայքը (անվճար հասանելի է նաև մոբայլ հավելվածը):
Հավելվածի օգնությամբ կարող ենք տեսնել, թե որտեղ են գտնվում մեզ հետաքրքրող օբյեկտները, և թե դրանք որ ժամին հորիզոնին ինչքան մոտիկ կլինեն։ Ծագած կլինե՞ն արդյոք մեզ հարմար ժամին, կամ գուցե մա՞յր մտած կլինեն:
Օրինակ, Վեներան դիտելու համար անհրաժեշտ է նախապես ստուգել հավելվածով, թե արդյո՞ք այն երևում է, և թե ո՞ր ժամին է արևը մայր մտնում (որպեսզի սկսենք դիտումը) և որքա՞ն ժամանակ ունենք մինչև Վեներայի մայր մտնելը:
Նույնը վերաբերում է նաև խորը տիեզերական օբյեկտներին։
Սեղմելով գալակտիկայի նշանի վրա (նկարում ցույց է տրված կարմիր սլաքով) կարող ենք տեսնել խորը տիեզերական օբյեկտները, որոնք տեսանելի են այս պահին: Ժամը առաջ տալով կտեսնեք, թե երբ են դրանք մայր մտնում: Իսկ աստղադիտման ժամանակ կսկսենք դիտումը այն օբյեկտներից, որոնք շուտով մայր են մտնելու՝ դրանք բաց չթողնելու համար:
Խորը տիեզերական օբյեկտների պայծառությունը
Հաջորդ բանը, որ պետք է հաշվի առնենք ցանկը կազմելիս, այն է, թե արդյո՞ք ձեր աստղադիտակով հնարավոր է տեսնել այդ օբյեկտները: Սկսեք պայծառ միգամածություններից և փորձեք աստղադիտակը ավելի թույլ երևացող օբյեկտների համար․ այսպիսով կպարզեք աստղադիտակի կարողությունների սահմանը: Հնարավոր է հաշվարկներ կատարել կոնկրետ դիտակի համար, թե ինչ պայծառության օբյեկտից սկսած կարող ենք դրանք արդեն տեսնել, սակայն կան շատ այլ գործոններ նույնպես։ Դրանցից են՝
- շրջապատի լուսավորությունը
- եղանակային պայմանները
- մարդու սուբյեկտիվ ընկալումը՝ տեսողությունների տարբերությունը
Եվ մի բան ևս հիշեք․ որքան հորիզոնից բարձր է օբյեկտը, այնքան այն ավելի լավ է երևալու, քանի որ օբյեկտի լույսը մթնոլորտի ավելի քիչ մասով է անցնում և հետևաբար քիչ է թուլանում:
Ներքևի նկարում Անդրոմեդա գալակտիկայի պայծառությունը 3.44 աստղագիտական միավոր է, և այն համարվում է բավականին պայծառ օբյեկտ: 6 աստղագիտական միավորից ավելիի դեպքում աստղերն անզեն աչքով տեսանելի չեն: Սակայն միգամածությունների դեպքում այս թիվը այդքան էլ միանշանակ չէ, քանի որ այն ցույց է տալիս ինտեգրալ (գումարային) պայծառությունը, որը կախված է նաև օբյեկտի չափից: Այսինքն որքան մեծ է օբյեկտը, այդքան ավելի թույլ է այն երևալու նույն աստղագիտական միավորի դեպքում:
Օբյեկտների ցանկը
Օրինակ 2023թ․ մարտի 17-ի համար կազմելով պայծառ օբյեկտների մոտավոր ցանկը ըստ հերթականության՝ կունենանք այսպիսի պատկեր․
- Մոլորակներ
- Յուպիտեր
- Վեներա
- Մարս
- Խորը տիեզերական օբյեկտներ
- Օրիոն
- Պլեադներ
- Անդրոմեդա
- X-H Պերսեուս (գնդաձև աստղակույտ)
Այստեղ նկատենք, որ այդ օրը լուսինը տեսանելի չէ, ինչը հնարավոր է դարձնում խորը տիեզերական օբյեկտների դիտումը:
Իհարկե, այս ցանկում կարող ենք ավելացնել նաև որոշ կրկնակի աստղեր, այլ միգամածություններ կամ աստղակույտեր, բայց նաև պետք է հիշել, որ դիտելու համար հիմնականում տրամադրում ենք մի քանի ժամ և չենք հասցնի տեսնել բոլոր օբյեկտները (երկար ժամանակ կծախսեք նաև դրանք գտնելու համար, հատկապես, եթե սկսնակ եք 🙂)։ Այդ պատճառով, կախված դիտորդների թվից, մի դիտման համար կարելի է ընտրել 3-7 օբյեկտ:
Աստղադիտման վայրի ընտրություն
Այժմ, երբ հավաքել ենք մեզ հետաքրքիր երկնային մարմինների ցանկը, ժամանակն է ընտրել աստղադիտումը իրականացնելու համար համապատասխան վայրը:
«Իսկ ի՞նչ տարբերություն» գուցե մտածեք դուք, բայց եթե ձեզ բախտ է վիճակվել գնալ քաղաքներից հեռու, կհաստատեք, թե ինչքան տարբերություն կա գիշերային երկինքների մեջ:
Լուսային աղտոտվածություն
Այդ տարբերությունը պայմանավորված է լուսային աղտոտվածությամբ՝ այսինքն, թե որքանով լուսավորված է տեղանքը: Լուսավոր լինելը մեր առօրյայի համար գուցե և լավ է, սակայն գիշերային երկինքը տեսնելու համար այն աստղասերների թիվ մեկ թշնամին է: Լուսային աղտոտվածություն տերմինն արդեն հուշում է, որ այն լուրջ խնդիր է, ինչպես օրինակ բնության մյուս տեսակի աղտոտվածությունները: Այն խանգարում է ինչպես աստղասերներին, այնպես էլ ընդհանուր առմամբ ազդում է մարդու քնի և առողջության վրա, որոշ կենդանիների և թռչունների տարածության մեջ կողմնորոշման վրա և այլն:
Շատ քաղաքներ ունեն հատուկ կարգավորումներ, որոնք թույլ չեն տալիս տեղադրել լույսերն այնպես, որ դրանք ունենան երկինքը լուսավորող էֆեկտ. դրանք պետք է ուղղված լինեն միայն դեպի ներքև` այդպիսով նվազագույնի հասցնելով լուսային աղտոտվածությունը: Ցավոք Հայաստանում չկան այդպիսի կարգավորումներ, և դեռևս չկա հանրային գիտակցում ու պահանջ՝ այդպիսի կարգավորումներ մտցնելու համար:
Ինչևէ, չշեղվելով մեր հիմնական թեմայից, եկեք տեսնենք, թե ինչպիսի տեսք ունի Հայաստանի լուսային աղտոտվածության քարտեզը՝ օգտվելով lightpollutionmap կայքից:
Նկարում որքան վառ է գունավորումը, այդքան ավելի ուժեղ է լուսային աղտոտվածությունը։ Բնականաբար, Հայաստանում ամենաշատ աղտոտված քաղաքը Երևանն է` նշված կարմիր գույնով:
Իսկ առավել մութ տեղանքները՝ Վայոց Ձոր, Սյունիք, «Արփի լիճ» ազգային պարկի հարակից շրջանները և Սևանա լճի հյուսիս-արևելյան և արևելյան հատվածներն են: Այստեղ չենք մոռանում, որ սա միջին ցուցանիշ է, և գիշերը 12-ից հետո, երբ փողոցային լույսերն անջատվում են, և մարդիկ քնած են, նույնիսկ մեծ քաղաքներում կարելի է հրաշալի երկինք տեսնել:
Մի վայրից կարող են երևալ տարբեր պայծառության օբյեկտներ, բայց մյուսից գուցե չերևան՝ լուսային աղտոտվածության պատճառով: Օրինակ, Անդրոմեդա միգամածությունը օբյեկտիվի 70մմ տրամագիծ ունեցող աստղադիտակով չի երևում (կամ գրեթե չի երևում) Երևանի կենտրոնից, բայց այն կերևա նույն դիտակով Երևանից մի փոքր հեռու գտնվող դեղին գոտիներում:
Բորթալ սանդղակ
Լուսային աղտոտվածության քարտեզի գունավորումն ավելի թվային դարձնելու համար, տարբեր տեղանքների աղտոտվածության չափը համեմատելու, և հասկանալու համար թե որտեղ ինչ կարելի է դիտել՝ մտցվել է բորթալ սանդղակը: Երևանի կենտրոնում սանդղակը ցույց է տալիս 6, իսկ Հայաստանի ամենամութ վայրը բորթալ սանդղակում 2-ն է:
Տվյալ վայրի բորթալ սանդղակը տեսնել կարելի է հենց վերը նշված քարտեզում․ սեղմեք այն վայրի վրա, որը ցանկանում եք տեսնել և կբացվի պատուհան, որտեղ երևում է թե՛ տարածքի բարձրությունը, թե՛ պայծառության չափը, և թե՛ վայրի բորթալ սանդղակի տիրույթը։
Ցանկացած օբյեկտի համար, գուգլից օգտվելով, կարող եք ստուգել, թե այն բորթալ սանդղակի ո՞ր թվից ներքև է երևում: Աստղադիտումից առաջ համոզվեք, որ այն օբյեկտների ցանկը որոնք պատրաստվում եք դիտել, երևալու են այն վայրում, որտեղից նախատեսում եք իրականացնել դիտումը: Եթե ոչ, ապա կամ մոտակայքում փորձեք գտնել այնպիսի տարածք, որն ավելի մութ է, կամ ընտրեք ավելի պայծառ օբյեկտներ՝ ձեր տեղանքում դիտելու համար:
Վերջում ավելացնենք, որ ցանկալի է ընտրել այնպիսի վայր, որը նաև գեղեցիկ է, կամ խորհրդանշական և ավելի հետաքրքիր կլինի թե՛ ձեր, թե՛ ձեր ընկերների համար:
Եղանակի կանխատեսում, երկնքի տեսանելիություն
Այժմ, երբ գիտենք, թե ուր ենք գնալու և ինչ ենք դիտելու, պետք է սպասենք հարմար եղանակային պայմանների: Այստեղ ևս մեզ կօգնի մի շատ հարմար և անվճար եղանակի կանխատեսում ցուցադրող կայք, որը կոչվում է windy:
Անցեք հղումով և նշեք այն տեղանքը, որտեղ ցանկանում եք տեսնել եղանակի ժամային կանխատեսումը: Աջ հատվածում կարող եք սլաքով ցույց տրված մասում տեսնել ամպամածության նշանը․ սեղմեք դրա վրա և այն ցույց կտա ձեր նշած վայրում ամպամածության տոկոսը իսկ ներքևի հատվածում՝ կանխատեսումը: Մեր փորձը ցույց է տալիս, որ իրականությանը հնարավորինս մոտ են ամենաշուտը 2 օր առաջ արված ամպամածության կանխատեսումները:
Նշենք, որ ամպամածության 10 տոկոսից ավել լինելու դեպքում աստղադիտում պլանավորելը ռիսկային է:
Երբ կա թեթև ամպամածություն, մոլորակների և Լուսնի դեպքում գուցե շանսեր կունենաք տեսնելու։ Երբեմն նաև շատ դիտարժան է, երբ Լուսնի դիմացով ամպեր են անցնում: Սակայն խորը տիեզերական օբյեկտներ դիտելու համար միանշանակ անհրաժեշտ է ամբողջովին բաց երկինք:
Windy կայքի օգնությամբ կարող եք նաև տեսնել քամու, տեսանելիության, խոնավության կանխատեսումները, որոնք նույնպես իրենց դերն ունեն: Օրինակ` ուժեղ քամին ցնցում է դիտակը և դիտելը դարձնում անհարմար՝ հատկապես մեծ խոշորացումների դեպքում: Բացի դրանից, քամիները մթնոլորտում ստեղծում են տուրբուլենտ հոսանքներ, որոնք նույնպես փչացնում են պատկերի հստակությունը: Խոնավությունը կարող է պատճառ դառնալ դիտակի վրա ջրի կոնդենսացիայի և այլն:
Լուսնի փուլերը
Չնայած նրան որ Լուսինը շատ գեղեցիկ է դիտելու համար և գրավում է շատ սկսնակ սիրող աստղագետներին, այն շատ է խանգարում խորը տիեզերական օբյեկտները դիտելու ժամանակ:
Այդ իսկ պատճառով, եթե մեր ցանկում կան խորը տիեզերական օբյեկտներ, ապա շատ կարևոր է հետևել Լուսնի փուլերին: Այդ հարցում մեզ կօգնի ևս մի հավելված, որը կոչվում է moon phase calendar:
Այն մեզ ցույց է տալիս ինչպես Լուսնի փուլերը, այնպես էլ դրա ծագելու և մայր մտնելու ժամերը՝ մեր աստղադիտման ժամերը ճիշտ պլանավորելու համար:
Խորը տիեզերական օբյեկտները դիտելու համար ընտրեք այն օրերը, երբ Լուսին չկա աստղադիտման ժամանակ:
Ի՞նչ վերցնել աստղադիտման գնալու ժամանակ
Առաջին բանը, որ պետք է վերցնել, դա իհարկե աստղադիտակն է: Բայց դա դեռ ամենը չէ։ Աստղադիտակն իր հետ ունի բավականին շատ և կարևոր աքսեսուարներ, ինչպիսիք են օրինակ նշանոցը, օկուլյարները և լազերը՝ եթե ունեք: Համոզվեք, որ ամեն ինչ տեղում է, գուցե ինչ որ մի հեղյուս իր տեղում չէ, կամ թույլ է և պետք է ձգել․ շատ փոքր խնդիրը կարող են սարքն անշահագործելի դարձնել դիտման վայրում:
Եղանակից կախված վերցրեք անհրաժեշտ հագուստ, քանի որ գիշերը միշտ ավելի ցուրտ է, քան պատկերացնում եք․ վերցրեք ձեզ հետ լրացուցիչ տաք հագուստ կամ ծածկոցներ: Ցանկալի է ունենալ գլխարկ, ձեռնոցներ, տաք գուլպաներ, տաք տաբատ և բաճկոն/վերարկու: Հիշեք, որ դիտման ժամանակ դուք հիմնականում կանգնած եք լինելու ու չեք շարժվելու։ Անշարժ ժամանակ մարմինը շատ հեշտ սառչում է, իսկ սառած վիճակում հաճույք չեք ստանալու աստղադիտումից: Ջերմությունն ապահովելու ևս մի տարբերակ է թերմոսով տաք թեյ վերցնելը, կամ եթե երկար եք պլանավորում դիտումը՝ նաև խարույկ կազմակերպելը:
Կարմիր լապտերն ու գիշերային ադապտացիան
Ձեզ հետ վերցրեք նաև կարմիր լապտեր, կամ ձեր ունեցած լուսային աղբյուրների վրա փակցրեք կարմիր սկոտչ: Այն ձեզ պետք է գիշերը կողմնորոշվելու համար:
Իսկ ինչո՞ւ աստղասերները չեն օգտագործում սպիտակ լույս: Այդ հարցին պատասխանելու համար եկեք հասկանանք, թե ինչ է գիշերային ադապտացիան:
Եթե կանգնեք հայելու մոտ և նայեք ձեր աչքերի բիբերին փորձելով լույս գցել դրանց վրա՝ կնկատեք, որ դրանք փոքրանում են: Այդպես մեր աչքերը հարմարացվում են լույսին: Ինչքան լույսը թույլ է, այնքան մեր աչքի բիբերը լայնանում են: Գիշերն անհրաժեշտ է, որ մեր աչքերի բիբերը հնարավորինս լայն լինեն, որպեսզի լավ տեսնենք գիշերային երկնքի թույլ օբյեկտները: Ամբողջությամբ գիշերային ադապտացիա ձեռք բերելու համար մեր աչքերին անհրաժեշտ է 20-30 րոպե ժամանակ:
Պարզվում է, կարմիր լույսից մեր աչքերն ամենաքիչն են գիշերային ադապտացիան կորցնում, սակայն ամեն դեպքում կորցնում են, այդ պատճառով փորձեք հնարավորինս քիչ օգտագործել նույնիսկ կարմիր լույսը: Փոքրիկ զգուշացում ալկոհոլի սիրահարներին․ աստղադիտում ցանկալի է անցկացնել սթափ վիճակում, քանի որ ալկոհոլի ազդեցությունից գիշերային տեսողությունը կարող է տուժել 🙃
Ամփոփելով, աստղադիտման գնալիս ձեզ հետ ունեցեք՝
- աստղադիտակ և անհրաժեշտ պարագաներ,
- համապատասխան հագուստ,
- տաք թեյ,
- կարմիր լապտեր։
Իսկ վերջում խոսենք այն ամենակարևոր բանի մասին, որը ձեզ հետ պետք է ունենաք անկախ բոլոր գործիքներից: Դա ձեր սերն ու ոգևորվածությունն է՝ նորը բացահայտելու, ուսումնասիրելու, սովորելու։ Առանց դրա ցանկացած գործիք ուղղակի մետաղի կույտ է։ Հետաքրքրված մարդու ձեռքում է, որ գործիքն ուժ է ստանում և իրականանում է անհավանականը: Եթե նույնիսկ չստացվի դիտել այն ինչ ցանկանում էիք, կամ այնպիսին չլինի, ինչպես դուք էիք պատկերացնում, հետաքրքրությունը ձեզ թույլ չի տա հիասթափվել, և կշարունակեք համառ փորձերը՝ մինչև որ կստացվի:
Այս շարքի ստեղծմանը աջակցել է «Նոյեմբերյան համայնքի ղեկավարին կից կանանց և երիտասարդների խորհրդակցական մարմին» կազմակերպությունը՝ «Աստղերը մեզ հետ են» ծրագրի շրջանակներում:
Այս նյութերն օգտագործվելու են որպես համայնքում տիեզերագիտական խմբակի գործնական նյութեր: