Նորից վերադառնանք սիրված, հին ու բարի Մարսին։

Մարդու առանձնահատուկ հետաքրքրությունը Մարս մոլորակի հանդեպ առավել բորբոքվեց տիեզերական հետազոտությունների դարաշրջանում։ Տիեզերական սարքերից ակնկալվում էին ցնցող բացահայտումներ, այդ թվում՝ Մարսի վրա կյանքի գոյության հարցի վերաբերյալ։ Սակայն, Մարսը մոտիկից ուսումնասիրելու առաջին իսկ փորձերը ցույց տվեցին, որ առջևում դժվար ճանապարհ կա անցնելու։

«Մարս-3»-ը Մարսի ուղեծիր մտնելուց

Այս նյութում կանդրադառնանք հայտնի «Մարս-3»-ին , որն առաջինն է վայրէջք կատարել Մարսի վրա։ Բայց մինչ այդ, հակիրճ վերհիշենք նախորդ մարսյան սարքերին։

1962-ին արձակվեց «Մարս-1»-ը, որի արձակմանն արդեն նախորդել էին այդ սարքի արձակման 3 ձախողումներ։ Առաջին երկու անգամ վթարվել էր «Մոլնիա» տանող հրթիռը, իսկ երրորդ անգամ ուղեծրային արագացուցիչի անսարքության պատճառով ձախողվել էր անցումը երկարշուրջ ուղեծրից դեպի Մարս տանող հետագծի։ Չորրորդ փորձը հաջողվել էր, բայց մոլորակին մոտենալիս ի հայտ էին եկել անսարքություններ, և կապը «Մարս-1»-ի հետ խզվել էր։

Հետո գործի անցան «Մարիներ» մարսյան սարքերը, որոնք մարսի մակերևույթից որոշակի բարձրությամբ անցնելով ստացան մակերևույթի լուսանկարները, և մարդիկ առաջին անգամ մոտիկից տեսան Մարսի դեմքը։ Վերջիններիս հաջողվեց հանգամանորեն ուսումնասիրել մոլորակի մթնոլորտն ու մակերևույթը։

«Մարիներ-5» մարսյան սարք

Սրանց պետք է հետևեին ԽՍՀՄ-ում մշակված երկու նոր, ծանրքաշային «Մարս»-երը, բայց երկուսն էլ ոչնչացան «Պրոտոն» տանող հրթիռների վթարի պատճառով։ 1971 թվականի մայիսի 19-ին ԽՍՀՄ-ը ևս մի փորձ արեց։ Սարքն անցավ դեպի Մարս տանող հետագծի և հայտարարվեց որպես «Մարս-2»։ 9 օր անց նրան հետևեց «Մարս-3»-ը։

«Մարս-2»-ի վայրէջքային մասն անջատվելով՝ մտավ Մարսի մթնոլորտը, իսկ ուղեծրային մասը՝ մարսաշուրջ ուղեծիր։ Նույնն արեց «Մարս-3»-ը։ Վայրէջքային սարքերն ունեին ջերմապաշտպանիչ վահանակ (մեծ բացվածքով կոնի ձևով), որով արգելակվելուց հետո պետք է գցեին այն ու բացեին պարաշյուտ, իսկ վերջում, պարաշյուտից անջատվելով ու շարժիչներով արգելակվելով, փափուկ վայրէջք կատարեին Մարսի վրա։ Դրանից հետո սարքերը պետք է բերվեին աշխատանքային վիճակի ու սկսեին ուղեծրային մասերին հաղորդել մակերևույթի պատկերները՝ Երկիր վերահաղորդելու համար։ «Մարս-2»-ի դեպքում, մթնոլորտ մտնելու հաշվարկայինից մեծ անկյան պատճառով՝ սարքը չհասցրեց լիովին արգելակվել, վայրէջքը փափուկ չստացվեց ու նրանից ոչ մի հաղորդում չընդունվեց։ Իսկ «Մարս-3»-ը վայրէջքից հետո գործեց, բայց ընդամենը 20վ։ Մասնագետները պատճառաբանեցին դա Մարսի վրա այդ պահին մոլեգնող գլոբալ փոշային մրրիկով։ Արդուհանդերձ՝ սրանք Մարսի վրա իջած առաջին սարքերն էին։

«Մարս-3» մարսյան սարք

Մի փոքր խոսենք «Մարս-3»-ի կառուցվածքի մասին։ Այն բաղկացած էր կոնաձև 1,2 մ տրամագծով վայրէջքային սարքից, 2,9 մ տրամագծով կոնաձև աերոդինամիկ արգելակման վահանից, պարաշյուտային համակարգից և հետադարձ ուղղությամբ հրթիռներից։ Ամբողջ վայրէջքի մոդուլն ուներ 1210 կգ վառելիքի զանգված, որից 358 կգ-ը պատկանում էր կոնաձև վայրէջքային սաքրին: Ավտոմատ կառավարման համակարգը, որը բաղկացած է գազային միկրոշարժիչներից և բարձր ճնշման տակ գտնվող ազոտի տարաներից, ապահովում էր մոդուլի բարձրության կառավարումը։ Կոնի արտաքին եզրին տեղավորված էին չորս «վառոդային» շարժիչներ, որպեսզի վերահսկեն պտույտը և գրոհի անկյունը: Հիմնական և օժանդակ պարաշյուտները, վայրէջքի մեկնարկի շարժիչը և ռադիոբարձրաչափը տեղադրվել էին վայրէջքային սարքի վերին մասում: Վայրէջքային սարքն ուներ չորս եռանկյուն «ծաղկաթերթ», որոնք բացվում էին վայրէջքից հետո՝ ուղղելով տիեզերանավը և մերկացնելով գործիքավորումը:

Վայրէջքային սարքի սխեմատիկ պատկերը ։ 1) հիմնական կոշտ վառելիքի հրթիռ, 2) կառավարման համակարգ, 3) հիմնական պարաշյուտ, 4) վայրէջքային սարք, 5) աերոդինամիկ արգելակման վահանակ, 6) բարձրությունը չափող ալեհավաք, 7) պարաշյուտի խցիկ, 8) ռադիոռելեային կապի ալեհավաք,
9) արգելակային պարաշյուտի գործարկման պիրոփամփուշտ (պիրոտեխնիկական փամփուշտ) 

Վայրէջքային սարքը հագեցած էր երկու հեռուստատեսային տեսախցիկներով՝ 360 աստիճանով մակերևույթը դիտելու համար, ինչպես նաև զանգվածային սպեկտրոմետրով՝ մթնոլորտի բաղադրությունը ուսումնասիրելու համար, ջերմաստիճանի, ճնշման և քամու սենսորներով և մակերևույթի մեխանիկական և քիմիական հատկությունները չափելու սարքերով։ Վայրէջքային սարքն ուներ նաև չորս ալեհավաք՝ օդանավի ռադիոհամակարգի միջոցով ուղեծրի հետ կապ ապահովելու համար: Համակարգը սնուցվում էր մարտկոցներով, որոնք լիցքավորվում էին ուղեծրի կողմից մինչև բաժանումը։ Ջերմաստիճանը վերահսկվում էր ջերմամեկուսացման և ռադիատորների համակարգի միջոցով: Վայրէջքային սարքը ստերիլիզացվել էր նախքան մեկնարկը՝ կանխելու մարսյան միջավայրի աղտոտումը:

Վայրէջքային սարքի 3D մոդել

Ավաղ՝ կապի խզումը ձախողեց ոչ միայն մակերևույթի պատկերների ստացումը, այլև սարքում տեղադրված առաջին մարսագնացի աշխատանքը, որի ստեղծողը խորհրդային լուսնագնացների շասսիի և շատ այլ մոլորակային ինքնագնացների հեղինակ և գլխավոր կոնստրուկտոր Ալեքսանդր Քեմուրջյանն էր ( հայ հանճարեղ գիտնականի մասին կարող եք կարդալ մեր բլոգում )։ 4,5 կգ-անոց փոքրիկ սարքը պետք է հողին դրվեր մանիպուլյատորով։ Այն չուներ հոսանքի սեփական աղբյուր և կապված էր վայրէջքային սարքի հետ 15 մ-անոց սնուցող լարով։ Մարսագնացն ընդունակ էր, հենվելով երկու դահուկների վրա, առաջ տանել իր մարմինը և նստել գետնին, իսկ հետո առաջ տանել ու գետնին դնել դահուկները՝ հաջորդ քայլն անելու համար։ Այդպես, տեղից տեղ տեղափոխվելով, այն պետք է չափեր մարսահողի խտությունն ու կոշտությունը։ Քանի որ Մարսը շատ ավելի հեռու է, քան Լուսինը, ապա ազդանշանի ուշացումն էր ստացվում է մեծ՝ ավելի քան 6ր։ Ուստի շատ դժվար կլիներ ուղղակիորեն ղեկավարել շարժումը Երկրից։ Փոխարենը՝ մարսագնացն ուներ դիմային շոշափողաձողեր, որոնք, կպնելով որևէ արգելքի, պետք է հրահանգեին նահանջել ու շեղել ընթացքի ուղղությունը։

Ալեքսանդր Քեմուրջյան

«Մարս-2»-ն ու «Մարս-3»-ը Երկիր-Մարս ճանապարհից արժեքավոր տվյալներ հաղորդեցին միջմոլորակային տարածության վերաբերյալ, իսկ մարսաշուրջ ուղեծրից, որտեղ աշխատեցին ավելի քան 8 ամիս, տվյալներ հաղորդեցին Մարսի ռելիեֆի, մակերևույթի ֆիզիկական հատկությունների, բևեռագդակների և այլ շրջանների եղանակային պայմանների, մթնոլորտի և արեգակնային քամով նրա շրջհոսման մասին։ Սակայն, Մարսի ուղղակի նկարահանումը ձախողվեց։ Սարքերը հաղորդում էին մակերևույթի գերլուսակայված պատկերներ, քանի որ նախագձողները տեսախցիկների ժամապահները հաշվելիս թերագնահատել էին մակերևույթի պայծառությունը։

«Մարս-3» մարսագնացը

Նյութը պատրաստվել է օգտվելով Ավետիք Գրիգորյանի «Դարերի խորքից դեպի Տիեզերք» գիտահանրամատչելի գրքից։

hy