Եթե հիշում եք, նախորդ գրառումներից մեկում , խոսելով աշնանային գիշերահավասարի մասին, նշեցինք, որ նույնիսկ գիշերահավասարի օրը գիշերն ու ցերեկը իրականում չեն համընկնում, որի պատճառը այսպես կոչված մթնոլորտային ռեֆրակցիան է։ Այժմ փորձենք ավելի մանրամասն ներկայացնել մթնոլորտային ռեֆրակիցա երևույթը, առաջացման պատճառը և որոշ հետաքրքիր հետևանքներ։

Մթնոլորտային ռեֆրակցիան մթնոլորտի միջով անցնելիս լույսի ճառագայթների շեղումն է ուղիղ գծից, որի պատճառը բարձրության զուգընթաց խտության փոփոխությունն է։ Գիտենք, որ բարձրության մեծացման զուգընթաց մթնոլորտի խտությունը փոքրանում է։ Հետևաբար, Արեգակից և երկնային այլ մարմիններից Երկիր եկող լույսի ճառագայթները, որոնք անցնում են մթնոլորտի ստորին շերտեր, շեղվում են սկզբնական ուղղությունից դեպի մթնոլորտի ավելի խիտ շերտեր: Արդյունքնում ճառագայթման հետագիծը շեղվում է՝ ընդունելով կորագիծ տեսք։

Մենք տեսնում ենք երկնային օբյեկտն այն ուղղությամբ, որ ուղղությամբ լույսի ճառագայթն ընկնում է աչքի վրա։ Բեկման անկյունը կախված է օբյեկտի բարձրությունից. որքան փոքր է բարձրությունը, այնքան մեծ է բեկումը: Հորիզոնի մոտ այն հասնում է 0,5°, հետևաբար օբյեկտները տեսանելի են իրենց տեղերում միայն այն ժամանակ, երբ նրանք գտնվում են զենիթում։

Բացի իրական դիրքում չերևալուց, ռեֆրակցիայի շնորհիվ երկնային օբյեկտները կարող են թարթող, դողացող և աղավաղված երևալ։ Գիշերահավասարի ժամանակ Արեգակի տեսանելի դիրքի շեղումը իրական դիրքից արդեն քննարկել ենք վերը նշված գրառման մեջ։

Ռեֆրակցիան ունի նաև իր դրական կողմերը: Կարելի է դիտել օբյեկտը հորիզոնից վեր այն ժամանակ, երբ այն դեռ նույնիսկ չի ծագել։ Ռեֆրակցիայի պատճառով հորիզոնից ցածր դիրքում գտնվող Արեգակի և Լուսնի պատկերները մի փոքր սեղմված, տափակեցված են երևում։ Բանն այն է, որ երբ Արեգակը և Լուսինը գտնվում են հորիզոնից ցածր, ներքին և վերին հատվածների ռեֆրակցիայի անկյունների տարբերությունն այնքան մեծ է լինում, որ ներքևի հատվածը վերևի հատվածի համեմատ ավելի շատ է բարձրանում իր իրական դիրքից։ Արդյունքում երկնային մարմինը ստանում է վերին և ներքին հատվածներից սեղված, տափակեցված տեսք։

Ռեֆրակցիան լինում է նաև երկրային, որը դիտվում է այն ժամանակ, երբ իրենց ուղղությունը փոխում են ոչ թե երկնային մարմիններից եկող լույսի ճառագայթները, այլ երկրային։ Երկրային ռեֆրակցիայի օրինակ է ծովի ափամերձ գծի ավելի բարձր երևալը, քան այն կա իրականում։

hy